Հանգստացի’ր, Հա՛յկ, ես տնօրեն դառնալ չեմ ուզում. Սուրեն Մանուկյանը հակադարձում է Հայկ Դեմոյանին և հիշեցնում վտանգավոր ակնարկների համար պատասխան տալու մասին

Jul 02, 2018 Comments Off on Հանգստացի’ր, Հա՛յկ, ես տնօրեն դառնալ չեմ ուզում. Սուրեն Մանուկյանը հակադարձում է Հայկ Դեմոյանին և հիշեցնում վտանգավոր ակնարկների համար պատասխան տալու մասին

Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, շարունակում է հրապարակավ հայտարարել, որ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հովանավորյալը ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն է: ԿԳՆ-ի ղեկավարությունը, ըստ Դեմոյանի, հենց նրան է ուզում տեսնել տնօրենի պաշտոնում: Hayeli.am-ի զրույցում Սուրեն Մանուկյանը հերքեց այդ լուրերը` նշելով, որ ինքը ինստիտուտի տնօրեն դառնալու ցանկություն չունի. «Դա Հայկ Դեմոյանի անառողջ երևակայության արդյունքն է: Ես հասկանում եմ, որ ամեն մարդ դիմացինին իր արշինով է չափում, բայց հանգստացի՛ր, Հա՛յկ, ես տնօրեն դառնալ չեմ ուզում»,- նշեց Սուրեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ թանգարանը վարկաբեկող Հ. Դեմոյանի ֆեյսբուքյան խայտառակ նամակից հետո ինքը ստացել է բազմաթիվ նամակներ և զանգեր՝ տնօրենի առաջիկա մրցույթում իր թեկնածությունն առաջադրելու հորդորով։
« Բազմիցս, բազմաթիվ տեղերում, տարբեր հանդիպումներում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ`չեմ ցանկանում դառնալ ՀՑԹԻ-ի տնօրեն։ Դա արել եմ նաև թանգարանի աշխատողների մոտ մի քանի անգամ։ Զարմանում եմ, որ այդ լուրերը ԱՄՆ-ում գտնվող Հայկ Դեմոյանին չեն հասցրել այն մարդիկ, ոքվեր նրա բացակայության 9 ամիսների ընթացքում ամեն մի շշուկը թանգարանից փոխանցում էին ԱՄՆ»,- նշում է Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքով` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեր ժողովրդի համար սրբավայր է, և ինքը ցավում է, որ Հայկ Դեմոյանը աթոռամոլության մոլուցքից դրդված՝ էժանագին սկանդալի ճանապարհով վարկաբեկում է թանգարանն ու այնտեղ աշխատող մարդկանց: «Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ այս կարգի սկանդալներն ու «շոուները» անթույլատրելի են, չի կարելի սրբավայրի վարկանիշը վտանգի տակ դնել անձնական խնդիրներ լուծելու համար,- ասում է թանգարանի փոխտնօրենը և շարունակում:- Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայկ Դեմոյանը ամբողջ կյանքում սրա-նրա հովանավորյալն է եղել և հավանաբար այդ պատճառով էլ կյանքն առանց հովանավորի չի պատկերացնում: Ես երբեք որևէ մեկի հովանավորյալը չեմ եղել»:

Սուրեն Մանուկյանը բացարձակ սուտ է որակում Դեմոյանի մեղադրաքները, թե ամիսներ շարունակ առանց աշխատանքի գնալու աշխատավարձ է ստացել, թե ժամանակին զավթել է Հայկ Դեմոյանի աշխատասենյակը, թե ինքը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, և ժամանակին նրանք միասին ուսանել են Դամասկոսում: Իր նամակում Դեմոյանը այս առումով նաև տհաճ ենթատեքստ ունեցող ակնարկ էր արել. «ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ճանաչում եմ որպես արաբագետի, ինչպես և այս ոլորտում ներգրավված տասնյակ այլ գիտնականների եմ ճանաչում, սակայն երբեք մոտ ընկերական հարաբերություններ չեմ ունեցել։ Նրա հետ երբեք չեմ եղել Դամասկոսում։ Ես չգիտեմ, թե այդ սուտը Դեմոյանը որտեղից է հորինել: Ես իրեն խորհուրդ կտամ մտածել, ինչպես է դուրս գալու իր հնչեցրած սուտ ու անհիմն մեղադրանքների ու ակնարկների տակից: Հուսամ՝ լավ հասկանում է, որ Հայաստանում նման խոսքերի համար պետք է կարողանա հիմնավորված պատասխան տալ, այլապես գիտի, թե ինչ պիտակ է դրվելու  իր վրա»,- հակադարձում է Սուրեն Մանուկյանը:

Նրա հավաստմամբ՝ ինքը միշտ պարտաճանաչ հաճախել է աշխատանքի՝ բացառությամբ գործուղումների ժամանակ երկրից բացակայելու, այլ գրադարաններում գիտական աշխատանք իրականացնելու, դասախոսություններ կարդալու ընթացքի: Այդ բոլորը  ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի թույլտվությամբ և իմացությամբ է եղել, ինչի վկայությունն է նաև այն, որ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր նկատողություն չի ստացել, թանգարանի հաշվապահին էլ հրահանգ չի տրվել աշխատավարձից պահումներ կատարել:

Սուրեն Մանուկյանը ստեղծված տհաճ իրավիճակից դուրս գալու համար պահանջում է թանգարանի հոգաբարձուների խորհրդից  և իրավասու մարմիններից՝ շուտափույթ լուծում տալ տնօրենի թափուր պաշտոնի հարցին, այլապես նման անառողջ շահարկումներն ու  որոշ մարդկանց աթոռամոլությունը սպառնում է թանգարանի բնականոն գործունեությանը և վարկանիշին:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: