Մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ ամենագնացը կարող էին փրկել որևէ մեկի կյանքը. ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հայտարարությունը

Jun 25, 2018 Comments Off on Մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ ամենագնացը կարող էին փրկել որևէ մեկի կյանքը. ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հայտարարությունը

Ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ արձագանքելով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին:

«Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ հույս ենք հայտնում, որ այս աղմկահարույց և բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող թալանը կբացահայտվի բոլոր մանրամասներով, և բոլոր մասնակիցները կկանգնեն օրենքի առջև:

Ավելորդ չենք համարում նշել, որ միգուցե այդ մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ շտապ օգնության մեքենան, մեկ ամենագնացը կարող էին փրկել մեր տղաներից որևէ մեկի կյանքը, էլ չենք խոսում սննդի մասին: Հարգելիʹ հայրենակիցներ, մենք դատապարտում ենք ինչպես այս, այնպես էլ ցանկացած տեսակի գողություն, որ կատարվել է բանակից: Մենք փոքրիշատե կմխիթարվենք միայն նրանով, որ պատժվեն բոլոր մեղավորները:

Հարգանքներով՝

ՀԵՐՈՍՆԵՐ

1.Արմենակ Ուրֆանյանի,

2. Ռոբերտ Աբաջյանի,

3.Անդրանիկ Զոհրաբյանի,

4.Քյարամ Սլոյանի,

5.Սասուն Մկրտչյանի,

6.Մհեր Երզնկյանի,

7.Վահե Զաքարյանի,

8.Նորիկ Գասպարյանի,

9.Ադամ Սահակյանի ծնողներ:

Հ.Գ. Հայտարարությունը բաց է և կարող են միանալ Հայոց աշխարհի համար նահատակ դարձած զինծառայողների հարազատները»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: