Ճակատագրի բերումով և՛ Նիկոլը և՛  դժբախտ Մանվելը ծառայում են Հայաստանի նորագույն պատմության կայացմանը . Լյուդմիլա Հարությունյան 

Jun 26, 2018 Comments Off on Ճակատագրի բերումով և՛ Նիկոլը և՛  դժբախտ Մանվելը ծառայում են Հայաստանի նորագույն պատմության կայացմանը . Լյուդմիլա Հարությունյան 

 

Հարցազրույց ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հետ /մաս 2-րդ/:

 

_Վերադառնանք Սերժ Սարգսյանին. այն թեզը, թե հեղափոխությունն իրականում նրա սցենարն է, իրականության հետ կապ ունի՞, թե՞ հեքիաթի ժանրից է:

_ Հեքիաթի ժանրից է (ծիծաղում է) իրականություն չէ: Ըստ իս՝ Սերժ Սարգսյանն անում էր այն, ինչ կարող էր ու ցանկանում  էր: Ցավոք, նա ցանկացավ  իշխանության ղեկին մնալ, ուղղակի չստացվեց, և ինքը դա  հասկացավ փաստից հետո:

_ՀՀԿ-ն ռևանշի հնարավորություն ունի՞:

_Բացառվում  է. ռևանշի համար ոչ մի նախադրյալ ու պատմական անհրաժեշտություն  չկա: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն արդեն անցյալ են, և իրենք դա շատ լավ են հասկանում: Չե՞ք տեսնում՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում ինչ վարքագիծ է դրսևորում: Անընդհատ ասում է՝ չենք խանգարի, չենք խոչընդոտի: Ազնվորեն պետք է փաստենք, որ նախկին իշխանությունն այսօր իրեն շատ սոլիդ է պահում՝ ՀՀԿ-ի մասին է խոսքը: Նա վերցրել է ինստիտուցիոնալ ընդդիմության դերը , որն ի դեպ ժողովդավար հասարակությունում, շատ կարևոր դեր է: Ի դեպ, նախկին ընդդիմությանը չհաջողվեց վերցնել այդ կարևոր տեղն ու դերը:

_Ի՞նչ եք կարծում, արտահերթ ընտրություններից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում տեղ կունենա:

_Կարծում եմ՝ այո. համենայնդեպս զարմանալի  կլինի, եթե չհայտնվի: ՀՀԿ-ն քաղաքական համակարգում ունի իր տեղը և կարևորությունը . նա ավանդական պահպանողական ուժ է:

_Իսկ մյուս ուժերը ինչպիսի՞ն են, ո՞րն է նրանց ուղղվածությունը:

_Ամենամեծ հանելուկը  «Բարգվաճ Հայաստան» կուսակցության տեղն է քաղաքական սպեկտրում: Այդ կուսակցության պոպուլիստական ճառերը վկայում են, որ  կուսակցությունը քաղաքական սպեկտրում սոցիալ դեմոկրատների տեղին է հավակնում: Սակայն նման բան աշխարհում չկա՝  օլիգարխի կողմից ղեկավարվող ուժը  սոցիալ-դեմոկրատական լլինել չի կարող:  Ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար պետք է կամ առաջնորդին փոխել կամ   գաղափարախոսությունը: Երբեմն  ԲՀԿ-ի լիդերներին, ովքեր պիոներ-ջոկատավարի եռանդով և ոճով խոսում են սոցիալական արդարության մասին, փորձում են մեզ դաստիարակել և բացատրել, թե իրենք ինչեր են անում, շատերը հարցնում են . լսե՛ք, ձեր առաջնորդն օիգարխ չէ՞: ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ, չի կարող հաջողել մանևրելու  հաշվին: Այն պետք է  լուծի  գաղափարախոսության և գործելաոճի  հարցերը: Իրենք պետք է փոխեն գաղափարախոսությունը և հրաժարվեն մասայական կուսակցություն լինելու հավակնությունից: Լավագույն դեպքում իրենք կարող են դառնալ լիբերալ-ժողովրդավարական ուժ. այդպիսին այսօր քաղաքական դաշտում չկա:  Ըստ իս,դա ավելի պատվաբեր է քան այսօրվա կեղծ ստատուսը: Բացի այդ նման  դերը ավելի հարիր է բիզնեսմենի հոգեբանությանը և վարքագծին: Եթե ազատական բարքեր չլինեին, Ծառուկյանը ինչպե՞ս կլիներ օլիգարխ: Նրա գոյատևման երաշխիքը մեզանում ազատական արժեքների պաշտպանությունն է: Կարծում եմ,  առաջնորդ-օլիգարխը լավ  գիտակցում է այդ աքսիոմը :

_Իսկ «Ելքը». նա լիբերա՞լ է, թե՞…

_«Ելքը» սոցիալ-դեմոկրատական ուժ է: Հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանգիրը»  բաժանվի «Ելք»-ից և միայնակ գնա ընտրությունների: Սա արդարացված միտում եմ համարում, որովհետև հակաֆեոդալական պայքարի ժամանակ միշտ էլ արդիական են դառնում. սոցիալական արադարության և սոցիալական պայմանագրի խնդիրները: Կարծում եմ ՔՊ-ն իր վրա կվերցնի այդ երկու կարևոր խնդրի լուծումը:

«Լուսավոր Հյաստանը» ևս սոցիալ-դեմոկրատական ուժ է, բայց նույն դաշինքում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցությունը պահպանողական ուժ  է, այն պետք է հստակեցնի իր անելիքը:

_Դուք ասում եք, որ հեղափոխությունը հակաֆեոդալական  բնույթ ունի. չկա՞ վտանգ, որ ինչ-որ պահից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը կսկի լեզու գտնել Ձեր ասած ֆեոդալների հետ կամ էլ ժամանակի ընթացքում կստեղծի սեփական ֆեոդալներին:

 Ըստ իս դա քիչ հավանական է: Նիկոլ Փաշինյանը  իականում շատ ավելի մասշտաբային ֆիգուր է, քան թվում . նա հատուկ միսիա և հավատամք ունի և հավատարիմ է իր իդեային: Եթե Ծառուկյանի հետ համագործակցությունը նկատի ունեք, ապա դա ժամանակավոր տանդեմ էր, որը տեղի ունեցավ իրավիճակի թելադրանքով: Գաղափարախոսական տեսանկյունից Նիկոլի հակաֆեոդալական պայքարը ուղիղ ձևով հարվածում է օլիգարխներին, որի ներկայացուցիչն է Ծառուկյանը: Նիկոլ Փաշինյանը չի կարող կանգ առնել ճանապարհի կեսին. հակակրիմինալ և հակաֆեոդալական պայքարը նա պիտի հասցնի մինչև վերջ, հակառակ պարագայում հեղափոխությունը չի կայանա:

_Ինչպե՞ս կարելի է բնութագրել Նիկոլին՝ հայկական Սահակաշվիլի՞:

_Ո՛չ, Սահակաշվիլին արևմտյան նախագծի ծնունդ էր. այնտեղ էր կրթություն ստացել և առաջնորդվում էր նրանց հանձնարականներով ու հրահանգներով: Իսկ Նիկոլ Փաշինյանը հայկական երևույթ է և հայկական պատմությամբ է կերտվել :Նա  արդիականացման խնդրի լուծմանն ուղղված պերսոնաժ է:

Հայտնի է, որ պատմությունն իրագործվում է մարդկային ճակատագրերի միջոցով: Եթե այդ տեսանկյունից  նայենք այսօրվա փուլին, ապա կտեսնենք, որ Նիկոլը ճակատագրի բերումով  ծառայում է Հայաստանի նորագույն պատմության կայացմանը, նույն նպատակին է ծառայում նաև դժբախտ Մանվելը, որը , կարծում եմ,  մարմնավորում է տապալվող ռեժիմի տրագիզմը:

_Միայն Մանվե՞լն է խորհրդանշում այդ տրագիզմը, իսկ Սերժ Սարգսյա՞նը:

_ Սերժ Սարգսյանի դեպքը այլ է. նա 10 տարի առաջնորդել է  պատերազմող երկիրը, երկիրը փակուղուց  դուրս է բերել մայրուղի . «և՛, և՛»ի հեռանկարային  լուծմամբ: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը հաջողած քաղաքական գործիչ է: Նրան չհաջողվեց անել այն, ինչին ինքը չպիտի հավակներ. երրորդ ժամկետին գնալը նրա լրջագույն սխալն էր:

_Մարտի 1-ի բացահատման մասին ևս շատ է խոսվում. դրանով ի՞նչ խնդիր է լուծվում:

Մարտի 1-ի բացահայտումը հակաֆեոդալական պայքարի կարևոր կետն է:

Իսկ ի՞նչ վտանգներ եք տեսնում:  Սա այն հարցն է, որը հուզում է բոլորիս:

Վտանգները արդեն երևում են. նախ, մեզանում արմատավորվում է իշխանության անձնավորման  և սոցիալական ինստիտուտների թերագնահատման անընդունելի միտումը: Իշխանությունը գերադասում է միկրո մենեջմենտը  և պոպուլիզմը և   չի զբաղվում ինստիտուցիոնալ բարեփոխումներով: Ծառացած խնդիրները լուծվում են գերազանցապես ձեռքի կառավարման միջոցով՝ անտեսելով սոցիալական ինստիտուտների ստեղծման և դրանց արդյունավետ գործածման անհրաժեշտությունը: Պատմությունը վկայում է, որ նման  միտումը բերում է սոցիալական ինստիտուտների թերագնահատմանը,  անձի  դերի ու  գործոնի գերագնահատմանը, ինչն հղի է անձի պաշտամունքի վտանգով , ավտորիտար գործելաոճի և գործիքների չարաշահմամբ: Նաև նվազեցնում է ժողովրդավարական փոփոխությունների շանսն ու հնարավորությունները:

 

Հարցազրույցը՝  Կարինե Սարիբեկյանի

 

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: