Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Վիլիսն ու Նիվան. Վիլիսը կողաշրջվել է, Նիվան էլ՝ գլխիվայր հայտնվել դաշտում

Jun 24, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Վիլիսն ու Նիվան. Վիլիսը կողաշրջվել է, Նիվան էլ՝ գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Գեղամավան-Զովաբեր գյուղամիջյան ճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են Վիլիս մակնիշի 34 MM 936 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 86 NՍ 888 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Վիլիսը կողաշրջվել է, Նիվան էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 5 վիրավոր, որոնցից մեկը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 4 հոգի տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: