«Դու կա՞ս, թե չկաս, ձա՛յն հանիր։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա»․Հենրիկ Հովհաննիսյան

Jun 24, 2018 Comments Off on «Դու կա՞ս, թե չկաս, ձա՛յն հանիր։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա»․Հենրիկ Հովհաննիսյան
Հայաստանում թավշյա հեղափոխությունն արել է ժողովուրդը, իսկ Նիկոլ Փաշինյանը նրա կամքի արտահայտիչն է, կարծում է անվանի գիտնական Հենրիկ Հովհաննիսյանը. «Եկել է մի մարդ, որ ասում է՝ բացե՛ք ճշմարտության ճանապարհը: Ես հիշում եմ Ավետարանը՝ Հովհաննես Մկրտչի գալը.

«Ձայն բարբառո անապատի, ազատ պահեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք շավիղները նրա»՝ բացե՛ք ճշմարտության ճանապարհը, այս է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը բացում է այդ ճանապարհը: Եվ նրա հմայքը շատ մեծ է: Մեծ է, որովհետև դա խղճի ձայնն է։ Քաղաքացիական խիզախություն, խղճի ձայն և ժողովուրդը կարծես սպասում էր հենց այդ խղճի ձայնին»։
Հայաստանում հաստատված նոր իրողություններից խոսելիս Հենրիկ Հովհաննիսյանը մերթ ոգևորվում է, մերթ՝ հայացքը մտահոգ խոժոռում, բայց անկեղծ ժպիտը մաքրում-տանում է անհանգստության նշույլը։ Աչքերը մատնում են նրան՝ իսկապես ուրախ է, իսկապես՝ երջանկացած։ Գիտնականի զգացողությունն այնպիսին է, որ Թավշյա հեղափոխությունը վերջ է տվել անկախությունից ի վեր մեր երկրում թևածող գաղջ մթնոլորտին: Դրական էներգետիկան հասել է նաև Հենրիկ Հովհաննիսյանին.
«Օդը թեթևացել է, շնչելը դարձել է ավելի հեշտ։ Ինձ պետք էր հենց այդ օդի մաքրությունը: Քեզ զգում ես քաղաքացի, որովհետև, եթե հաղթում են քաղաքացիական զգացմունքները, քաղաքացին իրեն զգում է քաղաքացի: Ես ինձ քաղաքացի եմ զգում: Հարցնում են՝ ինչպե՞ս ես, ասում եմ՝ շատ լավ, որովհետև ես հիմա համակրում եմ իմ իշխանությանը և իշխանության վերին աթոռին նստածին: Ուրիշ ոչ մի պահանջ ես չունեմ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար է տանում: Բացահայտվում է «սերժսարգսյանական» ժամանակաշրջանի պաշտոնյաների անօրինական ունեցվածքի ահռելի մեծ ծավալը։ Դա դուր է գալիս Հենրիկ Հովհաննիսյանին։ Ինքը հասկանում է, որ Փաշինյանի գործը հեշտ չէ․ նրա դեմ զորեղ կոռուպցիոն բուրգ է կանգնած: Նախկինում իշխանության հասած գողերի ու ավազակների դասակարգի լծի տակ կռացած գոյատևում էր գործազուրկների ու խեղճացած գիտաշխատողների խավը: Այսօր վերջ է տրվում այդ քաոսին․
«Մենք այնպիսի բաներ տեսանք, որին մարդ արարածն ընդունակ չէ: Ես չեմ մտածում այդ Մանվել կոչված իժի ծնունդի մասին։ Նա չի ինձ անհանգստացնում, այլ նրա տեսակը, որ գոյություն ունի, ինքը մենակ չի և գուցե քիչ չեն: Մի՞թե մարդկային այդպիսի տեսակ կա, ես այս մասին եմ մտածում»:
Հայաստանն ունի արտաքին մարտահրավեր՝ դա ադրբեջանա-թուրքական տանդեմն է։ Սա նշանակում է՝ դատապարտված ենք հզոր բանակ ունենալ։ Զինվորն ունի հոգածության կարիք և նա պետք է լինի մեր գերագույն նպատակը։ Բացահայտված թալանից Հենրիկ Հովհաննիսյանը ևս վրդովված է։ Արտաքին վտանգի պայմաններում Զինված ուժերի միջոցների թալանը արժանի է խստագույն պատժի․
«Խրամատում՝ առաջին գծում կանգնած զինվորը սուրբ է։ Նրա դեմ գործած մեղքը բոլոր օրենքներով՝ միջազգային, թե պատմական, արժանի է մահապատժի: Այդպես է եղել պատերազմի ժամանակ: Պատերազմի պահին դավաճանին, վնասարարին գնդակահարել են տեղն ու տեղը: Սա լուրջ հարց է: Ամենասարսափելին ներսի թշնամին է: Եթե պատերազմի պահին առաջին գծում զենք ու փամփուշտ չկա, բայց դու փամփուշտները քո տանն ես կուտակել, ուրեմն այդ փամփուշտները պետք է քո վրա կրակել, իժի՛ ծնունդ: Այնտեղ ուտելիքը պակաս է, դու կուտակել ես քո տանը, ավելի մեծ սրիկայություն, ավելի մեծ հանցագործություն դժվար է պատկերացնել»։
Կոռուպցիոն դեպքերի առաջամարտիկը Ազգային Անվտանգության ծառայությունն է։ Ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, պարոն Հովհաննիսյանն էլ սկսել է հարգանքով վերաբերել այդ կառույցին. «Իմ բնակարանը գտնվում է Նալբանդյան փողոցի վրա: Ամեն առավոտ, երբ տնից դուրս եմ գալիս քայլելու, ԱԱԾ շենքի կողքով անցնելիս խաչակնքվում եմ: Այդ կառույցն այսօր ծառայում է Հայաստանի քաղաքացու շահերին»:
Անպայման ուշադրություն է պետք դարձնել մեկ հանգամանքի վրա։ Սերժ Սարգսյանի օրոք է Հայաստանում արմատավորվել անպատժելիությունն ու արտոնյալ հանցագործների խավը, ինչի դեմ այսօր գործում է Փաշինյանի կառավարությունը։ Սերժ Սարգսյանն է Մանվել Գրիգորյանի ու նրա տեսակի կնաքահայրը։ Նա մաֆիայի պարագլուխն է․ Սարգսյանը նաև Մանվել Գրիգորյանի քեֆերի ու սեղանի ընկերն է։ Եթե պահածոները հեշտ էր թաքցնել, անհնար էր չնկատել գեներալի գրաված տարածքները։ Զարմանալի է, որ կնքահորն այսօր իրավապահները հարցեր չեն ուղղում․
«Եկեք գնանք կնքահոր մոտ ու հարցնենք՝ ի՞նչ ես ասում, կնքահա՛յր, ձայն չես հանում, լռում ես, չգիտեի՞ր ոչինչ, Սերժ Սարգսյան: Չգիտեի՞ր իսկապես, այդքան միամի՞տ էիր դու, մենք գիտեինք, դու չգիտեի՞ր: Ես չեմ ըմբռնում այս լռությունը, այս կեցվածքը: Սա կեցվա՞ծք է, թե ի՞նչ է, դու կա՞ս, թե չկաս, ձա՛յն հանիր։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա»,- նշում է գիտնականը։ Սերժ Սարգսյանը որպես նախագահ միայն դժբախտություն է բերել Հայաստանին:
Պարոն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ արտագաղթը սկսվեց Սերժ Սարգսյանի օրոք: Ինչի պատճառը լոկ ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական պայմանները չէին. «Անիրավ երկրից փախան մարդիկ և փախչում են: Երկիրդ պիտի սիրես, իսկ եթե երկրումդ չեն գործում օրենքները, երկրիդ տերը գողերն ու ավազակներն են, հայրենիքն այլևս գին չունի քեզ համար, հայրենիքը մարդկանցից է կազմված, չէ՞, հայրենիքը հող ու ջուրը չի, հայրենիքը գիտակցությունն է: Իշխանության գլխին նստած մարդը անպայման պետք է հայոց պատմություն իմանա՝ ո՛չ նրա համար, որ պատմությունից դասեր քաղի, ո՛չ, որպեսզի իմանա՝ ինքը ով է, պատմականորեն իր թիկունքում ինչ է կրում, ինչ է կորցրել և ինչ պիտի փնտրի ու ստեղծի»:
Գիտնականն առաջարկում է Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» «Ողբ»-ը գրել աշխարհաբար ու հրապարակներում կախել: Կարդացողը կշփոթի՝ կկարծի, թե այսօրվա մասին է: Հենրիկ Հովհաննիսյանը երբեք չի փայլել քաղաքական լավատեսությամբ, բայց այսօր վերջապես քաղաքականապես լավատես է: Հիմքը մեկն է՝ առջևից գնում է ճշմարտություն կրող և ճշմարտությունը բացահայտող մարդը: Այդուամենայնիվ, գիտնականը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի բառապաշարի մեկ-երկու բառի հետ․
Մանրամասները՝ forrights.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: