Ես իմ պահոցից հասարակության պարսավանքին եմ ներկայացնում անուններ. Անդրանիկ Հարությունյան

Jun 24, 2018 Comments Off on Ես իմ պահոցից հասարակության պարսավանքին եմ ներկայացնում անուններ. Անդրանիկ Հարությունյան

Աննախադեպ է… Այդպես լինում է, երբ թշնամին հասնում է սուրբ-սրբոցին, երբ զիջելու ոչինչ չի մնում: Սովետական պատմագրությունը այդ իրավիճակը բնութագրում է «հետևում Մոսկվան է» լակոնիկ և շատ խորիմաստ արտահայտությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քո այսօրվա գերնպատակը պետք է լինի ոչ մի օր հանգիստ չտալ ստահակին, թալանչուն, մանր ու մեծ կաշառակերին, ապօրինության հեղինակին, սանձարձակին, լկտիին, հղփացածին, անբարոյականին, ազգուրացին, թույլին հալածող սանձարձակին և էլի ու էլի մեր հասարակությունը սպանող հազար ու մի արատներ կրող երկոտանի կենդանիներին: Հայ մարդ, դու պարտավոր ես արժանի լինել քո առաջնորդին, առաջնորդ, որը վերցրել է հասարակությունը արատներից ազատող այնպիսի նշաձող, որին կնախանձեին ժողովրդավար համարվող բոլոր երկրները միասին վերցրած: Ազգովի պարտավոր ենք գիտակցել, որ եկել է արժանապատվությունը վերականգնելու, անկաշկանդ գործելու և արարելու ժամը՝ ի փառս մեր երկրի և մեր ժողովրդի:

Նիկոլը ինչքան էլ Աստծու պարգև լինի, ինչքան էլ վճռական լինի անձնազոհության գնալու, միևնույնն է, առանց մեր նվիրումի, առանց մեր անվերապահ նվիրվածության, ոչինչ չի կարող անել: Մի՞թե մենք ևս մեկ անգամ բաց կթողնենք մեր ժողովրդին տրված շանսը: Նախախնամությունը մեզ շնորհ է արել՝ օժտելով խելքով ու տաղանդով, հնարամտությամբ ու տոկունությամբ, հնարավորություն տալով անցնել պատմության լաբիրինթներով, հաղթահարել անմարդկային զրկանքներ և շարունակել մնալ ընտրյալների կողքին:

Ազգային անվտանգության ծառայության վերջին բացահայտումներից հետո բանական մարդու ուղեղում այնպիսի մի խառնաշփոթ և հույզերի ալեկոծություն է, որ սառը տրամաբանությունն անգամ անզոր է օգնելու հասկանալ, թե սա իսկապե՞ս կատարվում է մեզանում: Ակամա հարց է առաջանում, թե լա՛վ, որտե՞ղ է հերոսության, նվաստության ու ընչաքաղցության սահմանը, հնարավո՞ր է իսկապես դրանք տեղավորել մեկ մարդու մեջ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ չկան էլի ուրիշներ, որոնք դիմակավորված հրեշների նման տարիներ շարունակ գտնվել են և այժմ էլ գտնվում են մեր կողքին: Եվ հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր թաքստոցներից ու բներից հանել ժանտախտը և ներկայացնել հասարակության դատին, անկախ նրանից, թե քանի տարվա հնություն ունեն դրանք: Մենք մեր հասարակությունը պետք է վերածենք մեղվի փեթակի, որտեղ հասարակության անդամների իրավունքներն ու պարտականությունները նույնքան ներդաշնակ են որքան ներդաշնակ են մեղուների վարքը փեթակում: Երևի քչերը գիտեն, որ իրենց փեթակը ներխուժած ցանկացած թշնամի, նույնիսկ** մուկը,** որ** **չափերով այդքան մեծ է մեղվից, ենթարկվում է գրոհի և ոչնչացվում, և ապա դուրս հանվում փեթակից: Եթե դուրս հանելը փոքրիկ մեղուների ուժերից վեր է նրանք թշնամու անկենդան մարմինը պարուրում են մեղվամոմով՝ կանխելով հնարավոր հիվանդությունները: Մի թե՞ այդ իմաստուն կենդանիները չեն կարող հրաշալի օրինակ լինել մեզ համար:

Եվ ուրեմն, ես իմ պահոցից հասարակության պարսավանքին եմ ներկայացնում անուններ, որոնք առանց ամոթի նախաձեռնեցին և իրենց նմանների միջոցով ընթացք տվեցին մի նողկալի արարքի, ինչպիսին օրինավոր մարդուն նսեմացնելը, արժանապատվությունը ոտնահարելը և հետագա ամբողջ կյանքը թունավորելն է: Դրանք են՝ 2008 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրած Արմեն Գևորգյանը և Հովիկ Աբրահամյանը (խնայում եմ և մականուններով չեմ ներկայացնում, չնայած որ երկուսի դեպքում էլ դրանք հնչեղ են), վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը (աննախադեպ կեղծիքի հեղինակը և գլխավոր ձեղծարարը), ՀՀ քաղաքացիական ծառայության աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ՝ Սիմոն Սահակյանը, ՔԾԽ-ի նախագահ Մանվել Բադալյանը և վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը: Սրանք այն մարդիկ են, որոնք հնարեցին կեղծիքը, ձեռնամուխ եղան դրա իրագործմանը և ստորաբար ավարտին հասցրին այն: Եղելությունը հետևյալն է. հրահանգ իջեցվեց (ձայնագրությունները պահպանվում է) նախագահական երկու մասնաշենքերի հսկողությունը իրականացնող պետական պահպանության ծառայության տեսուչներին, որպեսզի վերջիններս արգելեն իմ մուտքը աշխատավայր: Խղճուկները այլ ճանապարհ չունենալով ինձնից ազատվելու, ուժի միջոցով արգելեցին իմ մուտքը և աշխատանքից անհարգելի բացակայության անվան տակ ձեռնարկեցին ինձ աշխատանքից հեռացնելու գործընթաց: Քանի որ դրան տեղյակ էին ամենաբարձր մակարդակով, հետևաբար իմ բողոքները, թերթերում լույս տեսնող հրապարակումները և բարձրացրած աղմուկը, նույնիսկ չափի մեջ հասցված վիրավորանքները որևէ արձագանք չունեցան, քար լռություն:

Ինձ հետ հաշվեհարդար տեսնելը ակտ էր, որի նպատակն էր կանխել նախագահի աշխատակազմի աշխատողների հնարավոր մասնակցությունը 2008 թվականին բռնկված համաժողովրդական շարժմանը: Ես զբաղեցնում էի նախագահի վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի պետի պաշտոնը, կիրթ ու գրագետ էի, ծանրություն կրելուց երբեք չէի խուսափում, սակայն հարմար չէի քաղաքացիական դիրքորոշման առումով: Իսկ Սերժի Հայաստանում, ինչպես հայտնի է՝ կարող էիր քեզ տրված հնարավորությունների սահմաններում գողանալ, խաբել, բռնանալ, ընտրակեղծիքներով զբաղվել, բայց երբեք քաղաքացիական դիրքորոշում չունենալ (այնպես որ, բացարձակ սուտ է Սերժի այն հայտարարությունը, որ ինքը Մանվելի ունեցվածքից տեղյակ չի եղել): Իսկ ես բացի նրանից, որ քաղաքացիական դիրքորոշում ունեի, մի ուրիշ «այիբ» ևս ունեի, ոչ գողանում, ոչ խաբում, ոչ էլ բռնանում էի, այսինքն ռեժիմի համար վտանգավոր մարդ էի:

Հ. Գ. Թավշյա հեղափոխությունը անզիջում պետք է լինի: հավատում եմ, որ բոլորի հերթն էլ գալու է: Այնպես որ, առա՛ջ Թավշյա հեղափոխություն:

Անդրանիկ Հարությունյան

Վանաձորի առաջին քաղաքապետ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, 2016 թվականի ապրիլ-մայիսին Արցախի սահմանների պաշտպանության մասնակից՝ վիրավոր կամավորական

Ներկայացնում է loritv.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: