«Ինգո Արմենիան» վճարված գումարի դիմաց ծառայություն չի մատուցում

Jun 23, 2018 Comments Off on «Ինգո Արմենիան» վճարված գումարի դիմաց ծառայություն չի մատուցում

Ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող, հանրային առողջության մասնագետ Արման Խարազյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը:

Մոտավորապես երեք տարի լինելով «Ինգո Արմենիա» ընկերության հաճախորդ և ունենալով ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ «ամենահուսալի» և ԱՊՊ պայմանագրերը, որոնք ներառում են հնարավոր ռիսկերի առավելագույն պաշտպանությունը՝ Արման Խարազյանն անակնկալի է եկել:

Ընկերությունը 3 տարի գումար է գանձել, սակայն չի կատարել երկկողմ կնքված պայմանագրի դրույթները:

Araratnews.am-ի հետ զրույցում Արման Խարազյանն ասաց, որ եղել է վթար, որի համար ընկերությունը պետք է փոխհատուցի, քանի որ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ «ամենահուսալի» պայմանագիրը կնքվում է հենց նման դեպքերի համար, և ավելի քան կես միլիոն դրամ գումար ուղղակի՝ հենց այնպես չի վճարել ընկերությանը 3 տարում, այլ վճարել է նման խնդրից խուսափելու նպատակով, որն է՝ փոխհատուցման տրամադրումը, սակայն փաստորեն դա էլ չի օգնել: Արի ու տես, որ ընկերության ներկայացուցիչը պատճառաբանում է՝ փոխհատուցում ստացողը չունի վարորդական անհրաժեշտ ստաժ՝ տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագրում նշված դրույթներից օգտվելու:

Հարցին, թե այդ պարագայում ինչո՞ւ է  ընկերությունը վարորդի հետ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագիր կնքել, հստակ պատասխան մեր զրուցակիցը չի լսել:

Araratnews.am-ը կապ հաստատեց նաև «Ինգո Արմենիա» ընկերության հետ՝ պարզաբանում լսելու: Բայց, ի զարմանս մեզ, ընկերության աշխատակիցը՝ Թագուհին, հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ. «Հաճախորդը ներկայացրել է դիմում, որին համապատասխան ձեւով կտրվի պատասխան»:

Մեր դիտարկմանը, թե վարորդը հրապարակայնացրել է իր խնդիրը, հետեւաբար ընկերությունը կարող է պարզաբանում տալ, աշխատակիցն ասաց. «Վարորդի թույլտվությունը մեզ հետ կապ չունի: Մենք իրավասու չենք հրապարակելու ոչ մի տեղեկություն: Դուք ո՛չ լիազորված անձ եք, ո՛չ սեփականատեր, ո՛չ էլ շահառու»:

Տեղեկություն ստանալու մեր համառ պնդումներն ապարդյուն էին: Ըստ էության, ապահովագրական ընկերությունն այսկերպ խոչընդոտում է լրատվամիջոցի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: