Կոռուպցիայի դեմ պայքարն ու բյուջեն լցնելը տարբեր բաներ են

Jun 26, 2018 Comments Off on Կոռուպցիայի դեմ պայքարն ու բյուջեն լցնելը տարբեր բաներ են

Հակակոռուպցիոն պայքարը, որը հեղափոխության կարևոր կարգախոսներից է, գտնվում է ոչ միայն օրինականության վերահաստատման, այլ նաև նախընտրական ՊՌ-ի տրամաբանության մեջ, ինչը արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ տրամաբանական է: Մեկը մյուսի հետևից ազդարարվում են տարբեր ընկերությունների անուններ, որոնց գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է միլիոնների հասնող վնաս: Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Ըստ այդմ՝ հայտնաբերվել է 200 կգ ոսկի, որից 50 կգ-ը պատկանել է գեներալ Մանվելին:

Օրինակ՝ նախօրեին հայտարարվեց, որ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Ըստ պատկան մարմինների տարածած հաղորդագրության՝ «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահը մեղադրվում էր 25 մլն դրամի յուրացման մեջ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամը՝ ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ:

Արագածոտնի մարզում խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 մլն դրամ՝ պարարտանյութի բաշխման գործընթացում: Հանցագործ արարքը, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, վերագրվում է
«Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին, որոնք տարիներ շարունակ ընդգրկված են ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի բաշխման պետական աջակցության ծրագրում: Ի դեպ, Hayeli.am-ը նախկինում բազմիցս գրել է պարարտանյութի և դիզվառելիք պետական ծրագրում ակնհայտ կոռուպցիայի մասին:
Ստանալով մենաշնորհային դիրք՝ պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի և դրամաշնորհի հաշվին այս ընկերությունները զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ և թույլ տվել չարաշահում: Մենք այս մասին վաղուց ենք գրել, իսկ հիմա նույն բանն ասում է Քննչական կոմիտեն:

Պարզվել է, որ «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն Վրաստանից տոննայի հաշվարկով՝ 1 տոննան 340 ԱՄՆ դոլարով, ձեռք է բերել ազոտական պարարտանյութ, որը պետք է ներմուծվեր 50 կգ-անոց պարկերով։ Իրականում ներմուծված պարկերն ունեցել են ավելի քիչ ծավալ, սակայն գյուղացիներին տրվել են որպես 50 կգ-անոց պարկեր: «Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից և Ռուսաստանից պարարտանյութերի ներկրման համար ստացված սուբսիդիայի գումարից շուրջ 38 մլն դրամը խարդախությամբ հափշտակել է:

Եվ այնուամենայնիվ, արդյո՞ք բացահայտումների մասին այս տեղեկատվական հեղեղը նշանակում է, թե թվարկված միլիոններն արդեն մուտքագրվել են պետական բյուջե և դարձել հանրային սեփականություն: Պաշտոնապես նման տեղեկատվություն չկա, նաև կարծես թե չկա հանրային պահանջ՝ հավաստիանալու, թե այս բացահայտումների արդյունքում հայտնի և անհայտ կոռուպցիոներից ինչ է ստացել է պետությունը:
Գործի հարուցումը, քննչական գործողությունների իրականացումը և իրավապահների հայտարարությունը դեռ չեն նշանակում գողոնի վերադարձ: Ավելին՝ վերը հիշատակված ընկերությունները միշտ չէ, որ ընդունում են իրենց վերագրվող արարքը:
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը, օրինակ, հայտարարել է, որ ինքը զարմացած է ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Ըստ տնօրենի՝ սա հենց այն գումարն է, որը 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին՝ տեխնիկական սպասարկման համար: Ոստիկանությունը հայտարարել է, որ 2017 թ. փետրվարից 2018թ. հունիսը գումար է փոխանցվել չմատուցված ծառայության համար: Ալեքսան Զաքարյանի համար առնվազն տարօրինակ է նման ձևակերպումը, երբ իրենց աշխատանքը տեսանելի էր հանրության զգալի հատվածի համար, և ամբողջ այդ ծախսը, ներառյալ աշխատավարձերը, փաստաթղթավորված է:
Թե կողմերից որ մեկն է ճիշտ ասում՝ ոստիկանությունը թե ընկերությունը, պետք է պարզի դատարանը: Հետևաբար ցանկացած նման հայտարարությունից հետո ենթադրվում է դատական պրոցես: Եվ քանի դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, քանի դեռ չկա հստակ փաստ, որ վերականգնվել է պետության վնասը, չի կարելի խոսել հակակոռուպցիոն պայքարի արդյունքում բյուջեն լցնելու մասին: Բյուջեն լցնելն ու կոռուպցիայի դեմ պայքարը տարբեր բաներ են: Պետք է նկատել, որ Հայաստանի նոր կառավարությունը շատ արդյունավետ է աշխատում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, ինչը չի կարելի ասել բյուջեն լցնելու մասին: Ի միջի այլոց, 2018-ի առաջին հինգ ամսիների տնտեսական ցուցանիշներով՝ մեր երկրում անկում է գրանցվել:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: