Մոտ 1,5 միլիարդ դրամ` աշխատավայրում անվտանգության պայմաններ ապահովելու համար

Jun 23, 2018 Comments Off on Մոտ 1,5 միլիարդ դրամ` աշխատավայրում անվտանգության պայմաններ ապահովելու համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «2017թ. աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար: Այս մասին կարդում ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության մեջ: Այն ստացվել է ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների հիման վրա: Հազար աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0,6: 55 դժբախտ պատահարի արդյունքում նախորդ տարի տուժել է 57 քաղաքացի, որից միայն մեկն է եղել կին: Այդ 57–ից յոթը մահացել են: Դժբախտ պատահարների մեծ մասը՝ 20 դեպք, տեղի է ունեցել Սյունիքի մարզում: Պատահարների թվով երկրորդն է Լոռու մարզը, որտեղ գրանցվել է 14 նման դեպք:

Թե ինչու են դժբախտ պատահարներն ավելի շատ այս երկու մարզերում, պարզ է դառնում ուսումնասիրության հաջորդ աղյուսակից: Դժբախտ պատահարներից 37–ը տեղի են ունեցել հանքերում, իսկ, ինչպես հայտնի է, Սյունիքն ու Լոռին Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության հիմնական կենտրոններն են: Այսպես, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում 2017 թ. տուժել է 36 քաղաքացի, մեկը՝ մահացել: Փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտում դժբախտ պատահարի 8 դեպք է գրանցվել, որի ժամանակ տուժել է 9 քաղաքացի, 3–ը՝ մահացել:

2017 թ. ընթացքում դժբախտ պատահարներ են գրանցվել նաև տնտեսական գործունեության այնպիսի տեսակներում, ինչպիսիք են՝ մշակող արդյունաբերություն, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, շինարարության, տեղեկատվության և կապի ոլորտներ:

Դժբախտ պատահարների հետևանքով Լոռու և Սյունիքի մարզերում 1–ական տղամարդ դարձել է III խմբի հաշմանդամ: Սյունիքի մարզում աշխատանքի գնալու ճանապարհին տեղի է ունեցել մեկ դժբախտ պատահար, որի արդյունքում տուժել է մեկ տղամարդ: Դժբախտ պատահարի հետևանքով շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը 2017թ. կազմել է 2 միլիոն 13 հազար 400 դրամ: 2017 թ. աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը կազմել են 119 միլիոն 500 հազար դրամ, որից 24 միլիոն 100 հազար դրամն ուղղվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի, 30 միլիոն 600 հազար դրամը կորցրած աշխատավարձի փոխհատուցման, 13 միլիոնը միանվագ նպաստի, 15 միլիոն 900 հազար դրամը բժշկական, սոցիալական, և մասնագիտական վերականգնման ծախսերին, ևս 35 միլիոն 900 հազար դրամը՝ այլ ծախսերին:

2017 թ. աշխատանքի պահպանման միջոցառումների վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1 միլիարդ 464 միլիոն 500 հազար դրամ, որից 840 միլիոն 500 հազար դրամը հատուկ արտահագուստի ձեռքբերման, 565 միլիոնը՝ անհատական պաշտպանության միջոցառումների, իսկ 89 միլիոն 400 հազար դրամն էլ՝ այլ ծախսերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: