Հնարավո՞ր է, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը վաճառքի հանված լինի արտերկրում

Jun 22, 2018 Comments Off on Հնարավո՞ր է, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը վաճառքի հանված լինի արտերկրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորի համար արտադրված, վաճառքի ոչ ենթակա պահածոները, որոնք Մանվել Գրիգորյանի վայրի գազանների ճաշացանկում էին ներառված, տեղական արտադրության են, չնայած ապրանքանիշը ռուսերեն տառանշմամբ է՝ OMK։ Այս ապրանքանիշն արտադրում է «Հովսեփյանների պահածոների գործարանը», որի իրավաբանական հասցեն գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ 2006-ին հիմնադրված գործարանը պատկանում է Համլետ Հովսեփյանի ընտանիքին, ում անունով էլ գրանցված է ԱՁ-ն։

Ապրիլյան պատերազմից հետո Լեհաստանի Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում վաճառքի էին դրվել «Համազորային չոր օրապահիկները»՝ «Զինվորի բաժին», «Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ («Էլիտ կապիտալ» ապրանքանիշի)։

Թե ինչպես էին դրանք հայտնվել Լեհաստանում, ՀՀ զինդատախազությունը փորձեց հետաքննություն անել, սակայն արդյունքների վերաբերյալ այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց։

Հովսեփյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ «Զինվորի բաժին» մակնշմամբ իրենց արտադրանքը եւս վաճառքի հանված լինի արտերկրում կամ հայտնված լինի կենդանիների կերակրման պահեստարաններում։

Նա բացառեց. «Դրանք արտադրվելուց հետո մեկ ճանապարհ ունեն՝ մեր մոտից գնում են ուղիղ ՊՆ-ի N 1 պարենային բազա, եւ հետո՝ այդ պահածոների վրա ՊՆ դաջվածք կա, լիտոգրաֆիա է արված, այնպես ենք արել, որ նման խնդիրներ չառաջանան։ Մենք էլ ենք խուսափում, որ հանկարծ դրանք ինչ-որ մեկի ձեռքում հայտնվեն»։

Նաեւ հավելեց, որ «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն ՊՆ-ի ամենափոքր մատակարարն է, միայն իրենք տարեկան 300 միլիոն դրամից ավելի ապրանք են մատակարարում բանակին։ Իսկ ձեզ մյուս խոշոր մատակարարները չե՞ն փորձում ճզմել, դուրս մղել գնումների գործընթացից։ «Թույլ տվեք չպատասխանել»,- հոգոց հանեց Հովսեփյանը՝ հավելելով. «Հույս ունենք, որ նոր Հայաստանում նման խնդիրների այլեւս չենք առնչվելու»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: