«Կոմպրոմիս» բառից կառավարությունում սարսափում են

Jun 23, 2018 Comments Off on «Կոմպրոմիս» բառից կառավարությունում սարսափում են

Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր: Աջակիցների թվում էին նաև այդ նախագծի ամենաարմատական ընդդիմախոսները` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Ընդամենը հաշված օրեր առաջ նրանք անխնա հանդիմանում էին նախկին ու ներկա իշխանություններին, առաջինին օրենքը մշակելու, երկրորդին օրակարգ բերելու հարցում՝ պնդելով, թե այդ նախագիծը հրապարակ է բերվում անձամբ Գագիկ Ծառուկյանի դեմ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քվեարկության եւ իրենց փոփոխված դիրքորոշման մասին ասաց. «Այս նախագծի հետ կապված՝ «Ծառուկյան» խմբակցությունն ուներ որոշ մտահոգություններ, սակայն քննարկումների արդյունքում մտահոգությունները հանված են, փոխզիջումը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկել»:

Ինչի շուրջ են կողմերը կոմպրոմիսի եկել, մտահոգիչ դրույթները ձևափոխվել են, Զոհրաբյանը բան չասաց: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե խոսքն ինչ փոխզիջումների մասին է, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որևէ փոփոխություն չի կրել, և օրենքն ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս կառավարությունը որևէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետեւ նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»:

Հետաքրքիր է՝ կառավարությունն ասում է, որ ոչինչ էլ չի փոխվել, «Ծառուկյան» դաշինքն այլ բան է պնդում: Հավելյալ պարզաբանումով է հանդես եկել Նաիրա Զոհրանյանը՝ ասելով, որ կոմպրոմիսն այն է, որ բարեգործության սահմանումը տրվում է օրենքով, այլ ոչ թե կառավարության որոշումով.«Եթե դու ուզում ես ստանալ արտոնություն կամ բարեգործի մեդալ, միայն այդ դեպքում ես դիմում վարչապետի հանձնաժողովին։ Մնացած դեպքերում անում ես այնպես, ինչպես արել ես։ Մեզ համար դա կոմպրոմիս է»։ Որոշումից օրենք դարձնելու հարցի լուծումը տրվել է ԱԺ սոցիալական հանձնաժողովի նիստում, հարցը բարձրացրել է Միքայել Մելքումյանը: Հակառակ պարագայում, երբ կառավարության լիազոր մարմնի հայեցողությանն էր թողնվում բարեգործության սահմանումն ու թույլատվությունը, մեծ էր լինելու խտրական վերաբերմունքը: Եթե այսօր վարչապետի համար կոմպրոմիս բառը խնդիր է ներկայացնում եւ քաղաքակիրթ ռազբորկայի են բռնկվում այդ հարցով դաշնակիցների հետ, ապա վաղը մյուս օրը նրանց կարող էր արգելել բարեգործություն անել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: