Հայկական ավիացիայի կարիքներն ու ռուսական կործանիչները

Jun 25, 2018 Comments Off on Հայկական ավիացիայի կարիքներն ու ռուսական կործանիչները

Հայաստանի նոր իշխանությունները, Պաշտպանության նախարարությունն իրենց առջև խնդիր են դրել զարգացնել ավիացիայի ոլորտը, հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, ըստ որի, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք հստակեցումներ կան, Արմեն Գրիգորյանը նշել է, որ այս պահին մտքերի փոխանակում է: Այսինքն, այժմ ՀՀ նոր իշխանությունները քննարկվում են տարբեր ճանապարհներ, և ըստ ՀՀ ԱԽՔ-ի՝ շատ արագ վերջնական եզրահանգում կլինի՝ հասկանալու համար ռեսուրսները, դրանց օգտագործման հնարավորությունները Հայաստանի բանակն ուժեղացնելու համար»:

Հիշեցնենք, որ «Կոմերսանտը» օրեր առաջ գրել էր, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Հոդվածում նշվում էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ-ին, սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել:  Թերթի տեղեկություններով Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ:

Կործանիչների տեղեկատվական այս ֆոնին Փաշինյանն ուշագրավ քայլ արեց. հունիսի 17-ին Ֆեյսբուքում տեղադրեց մի լուսանկար ու գրեց. «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»:

Այսպես, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչներով: Դա էր նաև ռուսաստանյան պարբերականի՝ «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» վերնագրված հոդվածի հիմնական մեսիջը:

Խոսքը կործանիչների առնվազն մեկ էսկադրիլիայի, այսինքն՝ 12 օդանավերի ձեռքբերման մասին է: Այս պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2012 թվականին, սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել՝ Հայաստանում, փաստորեն, ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:

Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտի պաշտոնյաներն առայժմ հրաժարվում են որևէ մեկնաբանությամբ հանդես գալ, սակայն ռուսական մամուլ հենց այդ աղբյուրներով տեղեկատվական արտահոսքը նշանակում է, որ այնուամենայնիվ կործանիչների հնարավոր վաճառքի մասին մանրամասները հավաստի են:

Իսկ հայկական ավիացիան իսկապես համալրման կարիք ունի, դրա մասին հատկապես ապրիլյան պատերազմից հետո բազմիցս խոսվել է: Հայկական կողմը Cу-30СМ օդանավերի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել դեռ 2010 թվականին, երբ արդեն պարզ էր, որ հայկական ռազմաօդային ուժերի ողջ զինանոցը արդիականացման կարիք ունի: Այս տեղեկությունն էլ ի դեպ, ռուսական կողմից է դուրս եկել:

Ըստ էության, Մոսկվան փորձում էր լուծել հայկական կողմի ֆինանսական խնդիրները` թույլ տալով Երևանին ինքնաթիռները ձեռք բերել ռուսաստանյան ներքին գներով: Cу-30СМ-ի ձեռքբերման հարցը պաշտոնական մակարդակում Երևանը և Մոսկվան քննարկել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մի քանի ամիս առաջ:

Հետաձգված պայմանագիրը որքան արագ կյանքի կկոչվի՝ արդեն կախված է Փաշինյանի կառավարության հետևողականությունից:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: