«Հիմա արդեն կարևոր չէ՝ ինչու թողեցի գործս, բայց մի պարզաբանում». Արտակ Հերիքյան

Jun 22, 2018 Comments Off on «Հիմա արդեն կարևոր չէ՝ ինչու թողեցի գործս, բայց մի պարզաբանում». Արտակ Հերիքյան

Հեռուստահաղորդավար Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Սիրելիʹ հեռուստադիտողներ, շնորհակալություն քաջալերող ջերմ խոսքերի համար: Շատ հարազատ հեռուստաընկերությունից անսպասելի հեռանալը, իրոք, հեշտ չէր:

Հիմա արդեն կարևոր չէ՝ ինչու թողեցի գործս, բայց մի պարզաբանում ինձ կարևոր է թվում:

Առցանց լրատվամիջոցների իմ մի քանի գործընկերներ աշխատանքից ազատվելս փորձեցին կապել վարչապետի հայտնի գրառման հետ:

Երկուշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը «որոշ հեռուստաընկերությունների» հորդորեց «չիրականացնել հակապետական քարոզչություն»։

Երեքշաբթի Հանրային հեռուստաընկերությունը որոշեց դադարեցնել ինձ հետ աշխատանքային պայմանագիրը:

Այսպիսի «կասկածելի» ժամանակագրությունը մի քանի լրատվամիջոցի առիթ տվեց հապճեպ եզրակացնել` … ուրեմն, Հանրայինն էր «հակապետականը»։ Նույնիսկ չզլացան «Օրակարգի» վերջին թողարկումներում «իրեղեն ապացույցներ» պեղել:

Կարծում եմ գործընկերներս հետո համոզվեցին, որ թյուրիմացություն էր այդպես մտածելը, բայց լրատվական վազքի մեջ ժամանակ չգտան դա բացատրել իրենց լսարանին:

Սիրելի’ հեռուստադիտողներ, համոզված եմ, որ հակապետական քարոզչություն անելու կասկածները որևէ առնչություն չունեն «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսերի պաշտոնում իմ գործունեության հետ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: