Պետք չէ անընդհատ կախվել Նիկոլ Փաշինյանի փեշից . Լյուդմիլա Հարությունյան

Jun 23, 2018 Comments Off on Պետք չէ անընդհատ կախվել Նիկոլ Փաշինյանի փեշից . Լյուդմիլա Հարությունյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մանե Թանդիլյանի դիմումը չի ընդունել: «Մենք վերջին օրերին քննարկել ենք, որ շարունակելու ենք համատեղ աշխատել: Մենք պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը քննարկումների առարկա է դարձել՝ հասարակության շրջանում կուտակային համակարգի հետ կապված: Մենք պետք է աշխատենք այս համակարգն ավելի հուսալի դարձնել»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ համակարգը բարելավման կարիք ունի:

«Տիկին Թանդիլյանը մյուս նախարարների հետ կաշխատի եւ երկու ամիս անց կունենանք նախագիծ, թե խնդիրներն ինչպես ենք լուծում»,- եզրափակել է վարչապետը: Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվել էր հունիսի 12-ին` կուտակայաին համակարգի վերաբերյալ կառավարության ընդունած նախագծի առնչությամբ իր ունեցած հակասության պատճառով: Նա հայտարարել էր, որ ինքն այլ նախագիծ է ուղարկել կառավարություն, սակայն կառավարությունն ընդունել է բոլորովին այլ տարբերակ:

Մեկնաբանելով Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումից ետ կանգնելու փաստը` ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կայացվել է ճիշտ որոշում. «Դա սկզբունքներից ետ կանգնելու քայլ չէ, հակառակը` սխալի ուղղում է»,- նշեց Լ. Հարությունյանը: Նրա խոսքով` Մանե Թանդիլյանը պարտավոր է հանդես գալ ոչ թե որպես անձ, այլ քաղաքական թիմի անդամ, ով սոցիալական ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարելու պատասխանատվություն է ստանձնել. «Կուտակային համակարգի խնդիրը սոցիալական համակարգի ամենալուրջ խնդիրը չէ: Առաջնային խնդիրը սոցիալական ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներն են. Մանե Թանդիլյանի գլխավորած նախարարությունը պետք է դառնա սոցիալական պաշտպանության համակարգ: Եթե երկրում բնակչության համար ֆունկցիոնալ սոցիալական պաշտպանության համակարգ ունենանք, կուտակայինի հարցը ևս լուծում կստանա»,- համոզմունք հայտնեց տիկին Հարությունյանը:

ԵՊՀ պրոֆեսորի խոսոքվ` իր համար անսպասելի և ցավալի էր Մանե Թանդիլյանի հրաժարականը. «Ես գտնում եմ, որ Մանե Թանդիլյանը ժամանակակից հայ կին գոծիչների մեջ ամենակայացածներից է և հատկապես ինքը նման քայլի չպիտի գնար: Հրաժարականը ցույց էր տալիս, որ Նիկոլ Փաշինյանի թիմը միասնական չէ: Հրաժարականը ռազմավարական և մարտավարական տեսանկյունից արդարացված չէր, չէր կարելի փոքր խնդրի պատճառով զոհաբերել այն մեծ նպատակը, որը դրված է նոր կառավարության առջև: Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Թանդիլյանի հրաժարկանը: Սոցիալական ոլորտն ամենաբարդ ու կոռումպացված ոլորտն է, որտեղ անելիքները շատ-շատ են: Նախարարը պետք է կանչի մասնագետներին և պահանջի, որ իրեն ներկայացնեն` ինչ է կատարվում համակարգում: Ճակատագիրը նոր կառավարության անդամներին երկիր կառուցելու շնորհ է տվել, չի կարելի այս պահը բաց թողնել»,- համոզված է սոցիոլոգը:

Դիտարկումը, թե նոր կառավարությունը հրաժարվում է իր նախկինում ունեցած մոտեցումներից, Լյուդմիլա Հարությունյանը համարում է ոչ կոռեկտ մեկնաբանություն. «Նման խոսակցություններին պետք է վերջ տալ: Նախկին և ներկա իրողությունները տարբեր են: Պետք չի անընդհատ կառչել նախկին ասածից, պետք է շատ հստակ անցյալը տարբերակել ներկայից և ապագայից: Այն, ինչ ասվել է նախկինում, դա անցյալ է, իսկ ինչ ասվում է այսօր` բխում է այսօրվա պահանջներից: Փաշինյանն այժմ հանդես է գալիս որպես առաջնորդ և կառավարում է շատ կարևոր, ճակատագրական գործ: Պետք չէ անընդհատ կախվել նրա փեշից ու ասել՝ դու այն ժամանակ այսպես կամ այնպես ես ասել: Պետք չէ անընդհատ նրան ստիպել, որ արդարանա: Նրա դերն այսօր ուրիշ է, և այդ դերն ինքը պատվով է կատարում»,- կարծում է Լյուդմիլա Հարությունյանը:

Անդրադառնալով սոցիալական ոլորտի ինստիտուցիոնալ խնդիրներին` Լյուդմիլա Հարությունյանն առանձնակի կարևորում է ժողովրդագրության խնդիրները, որոնցով ևս պետք է զբաղվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Պետք է մշակվի ծնելիությունը խթանող լուրջ պետական ծրագիր` կատարվի հաշվարկ, թե որքան է կազմում մեկ երեխային պահելու արժեքը. «Այդ երեխային պահելու արժեքի գոնե 70 տոկոսը պետք է ապահովի պետության ստեղծած համակարգը: Պետք է երիտասարդ ընտանիքիներին անտոկոս վարկեր տրվեն` բնակարանի ձեռքբերման համար»,- կարծում է ԵՊՀ պրոֆեսորը և հավելում,  որ անելիքները շատ-շատ են:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: