Պլանավորվող մահափորձի հետքերո՞վ

Jun 25, 2018 Comments Off on Պլանավորվող մահափորձի հետքերո՞վ

 

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ է տարվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Մովսիսյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել եւ զենք-զինամթերք հայտնաբերել: Շմայսի նկատմամբ ԱԱԾ-ի հետաքրքրասիրությունը  բավականին  տարօրինակ իրավիճակ է ստեղծում այն հարցադրումների համատեքստում՝ ինչու հենց  Շմայսը, ինչով է  նախկին պատգամավորը իշխանությանը վտանգ ներկայացնում, հատկապես, որ նա ապօրինի հարստացած ու երկիրը թալանած նախկին իշխականների առաջին հարյուրյակում էլ չի մտնում:  Երբ համադրում ենք վերջին օրերի փաստերն ու իրողությունները, հատկապես իրավապահ մարմինների խուզարկությունների արդյունքների վերաբերյալ, ապա ստացվում է, որ նոր իշխանությունն իր առջեւ նախկիններին զինաթափելու խնդիր է դրել:  Իսկ եթե մի քանի օր էլ հետ գնանք ու հիշենք ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունը, ապա կարծես թե ամեն բան իր տեղն է  ընկնում: Նախորդ շաբաթ Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ ԱԱԾ գործողությունները ցավոտ են լինելու նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների համար: Նրանք երկար տարիներ սովորել էին անպատիժ խախտել օրենքներ, թալանել պետական միջոցները, հարստահարել ժողովրդին ու հիմա   իշխանության գործողությունների դեմ ուղղված հակազդման քայլեր կարող են նախաձեռնել:  Վանեցյանը պարզ ու հասկանալի  ասել է, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ որոշ խմբեր մահափորձ են պլանավորում. «Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»,-ասել է Վանեցյանը:

Չի բացառվում, որ այս համատարած խուզարկությունները, որոնց արդյունքում հիմնականում զենք-զինամթերք է հայտնաբերվում ու առգրավվում, իշխանության բարձրագույն ղեկավարության դեմ պլանավորվող մահափրձը կանխելուն է ուղղված: ԱԱԾ-ն որոշել է  զինաթափել բոլոր վտանգ սպառնացող օջախները: Կա նաեւ այլ վարկած, թե ինչու է ԱԱԾ-ն տնետուն ընկած զենք հավաքում:
Հիշում ենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ողջ մնացած հերոսները պատմում էին, որ զենք չեն ունեցել կռվելու, հակառակորդի վերջին դասի զենքերին հակադրել են մերկ ձեռքեր, որ քսան տարեկան տղաներն ընկել են պոստերում, քանի որ փամփուշտ չեն ունեցել ինքնապաշտպանվելու: Իսկ ահա, ԱԱԾ-ն ընդամենը մի քանի օրվա խուզարկության արդյունքում յուրաքանչյուր տնից մի ողջ արսենալ է հանում: Սա անչափ նուրբ ու զգացմունքային դաշտ է, որով գործող իշխանությունները կարող են ՀՀԿ-ին ընտրությունների անգամ առաջադրվելու շանս չթողնել: Ի վերջո, ընդամենը երկու տարի առաջ  հարյուրից ավել զոհ ունեցանք ու գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ տղաները կռվելու զենք չունեին, որ չկայն ավտոմեքենաներ, որոնք վիրավորներին տեղ կհասցնեին:  Կասկած չկա, որ Հայաստանի անվտանգության մասին հորջորջող ՀՀԿ-ականների շքեղ դղյակների խուզարկության արդյունքում այնքան զենք-զինամթերք կհայտնաբերվի, որ մի քանի զորամասեր կպահվեն դրանցով:

 

Անի Սահակյան

 

 

 

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: