Ալիևը Նախիջևանից հասավ Լաչին

Jun 23, 2018 Comments Off on Ալիևը Նախիջևանից հասավ Լաչին

Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Պարզվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ՊՆ-ի առջև խնդիր է դրել ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողությունների: «Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի, և այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները, այդ թվում՝ պատրաստ է հոգեբանորեն», երեկ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Այսինքն, փաստացի, Բաքուն պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես, հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք «ի վիճակի են ոչնչացնել հակառակորդի տարածքի խորքում գտնվող օդային և ցամաքային թիրախները»:  Սա ուղիղ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախարար Հասանովը նաև նշել է, որ հունիսի 26-ին նախատեսված զորահանդեսին բանակը ցուցադրելու է հակաօդային այնպիսին պաշտպանական համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն դրանք երբևէ չեն ցուցադրվել:

Նկատենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Բաքուն նոր թափով շարունակեց ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Զաքիր Հասանովը, պատասխանելով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, հստակ նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողություններին: «Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»,- ասել է Հասանովը, թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեքբերումները»: Հասանովը, մասնավորապես, պնդել է, թե՝ «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք»:

Պաշտոնական Բաքուն, հիշեցնենք, վերջին օրերին հայտարարել է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը կտրականապես հերքում է, ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես ադրբեջանական տարածքում:

Երեկ Հասանովը նաև ասել է, թե բացի Նախիջևանի սահմանին հողատարածք «ազատագրելուց», ադրբեջանական զինված ուժերն այժմ «կարողանում են վերահսկել նաև Լաչին տանող ճանապարհը»: «Դա տակտիկապես կարևոր գործողություն էր, որն իրականացվել է մեր բանակի կողմից, և ես գոհ եմ արդյունքներից: Մենք վերահսկողության տակ վերցրինք Լաչին տանող ճանապարհը»,- Հասանովի այս խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս Ազերբայջան» լրատվական գործակալությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարություններին, շնորհավորել է վերջինիս «սեփական տարածքում հողերի «ազատագրման» կապակցությամբ»:

Մինչ պաշտոնական Երևանը հեգնում է ադրբեջանական բանակի ձեռքբերումների մասին պնդումները, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն ազդարարում է փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ծրագրի մասին: «Մեծ վերադարձ»՝ այսպես է կոչվում Ադրբեջանի կառավարության մշակած «համակողմանի ծրագիրը», որով նախատեսվում է ադրբեջանցի փախստականներին կամավոր հիմունքներով վերադարձնել «հարազատ վայրեր»:

Ադրբեջանի կայքերը ողողված են «հաղթական» ռեպորտաժներով՝ Նախիջևանյան հայտնի «իրադարձություններով»՝ քարոզչական ակնհայտ ենթատեքստերով: Ալիևն, ակնհայտորեն նախապատրաստվում է պատերազմի՝ դրա համար արդեն իսկ «հաղթական» հիմքեր ստեղծելով:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: