Թավշյա հեղափոխությունն ու Թրամփի անտարբերությունը

Jun 23, 2018 Comments Off on Թավշյա հեղափոխությունն ու Թրամփի անտարբերությունը

Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն է անդրադարձել ամերիկյան The Hill պարբերականի վերլուծաբան Ալեքս Ջոնսոնը:

«Այժմ, իշխանության են եկել բարեփոխիչներ, որոնք հնարավորություն ունեն ջատագովության տասնամյակները վերածելու քաղաքականության փոփոխության: Ահա թե ինչու, ավելի քան երբևէ ԱՄՆ-ի և միջազգային հանրության համար կարևոր է կանգնել նախկին քաղբանտարկյալ Փաշինյանի կողքին: Պահը կարող է ակնթարթային լինել, բայց այսօր նա ունի փոփոխությունների մանդատ», ըստ aravot.am-ի՝ գրել է Ալեքս Ջոնսոնը:

Հեղինակը համարում է, որ հունիսի 7-ին ընդունված կառավարության ծրագիրը, որը մշակվել էր շարժման առաջնորդների հետ խորհրդակցության արդյունքում, պետք է ստանա և արժանի է ստանալու միջազգային հանրության աջակցությունը: ԱՄՆ կառավարությունը և մյուսները պետք է օգնեն Փաշինյանի կառավարությանը իրականացնել իր նոր ծրագիրը, արմատախիլ անել կոռուպցիան և զերծ պահել նախկին կառավարության պաշտոնյաներին նոր կառավարությունն ապակայունացնելու փորձերից: «Եվ արդեն որոշակի նշաններ կան առ այն, որ Միացյալ Նահանգները սկսել են ուշադրություն դարձնել այս հարցի վրա, գրում է վերլուծաբանը: Բարեբախտաբար, երկուշաբթի ԱՄՆ երկու կուսակցությունների օրենսդիրները նամակ էին հղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Մարք Գրինին՝ կոչ անելով ավելացնել Հայաստանին ուղղված օգնության ծավալները: Դա հեշտ կլինի անել, քանի որ ԱՄՆ-ը և USAID-ն պարզապես պետք է վերահասցեագրեն ռեսուրսները. ոչ մի նոր գումար պետք չէ աջակցելու նոր կառավարության ջանքերին՝ ընդդեմ կոռուպցիայի և հանուն թափանցիկություն: Այնուամենայնիվ, համեմատաբար քիչ ուշադրություն է դարձվում Հայաստանում անցյալ ամիս տեղի ունեցած արագ և համեմատաբար ոչ բռնի իշխանափոխությանը»:

Ամերիկացի վերլուծաբանը համարում է, որ ԱՄՆ-ը պետք է քայլ անի՝ թույլ չտալու Ռուսաստանին միջամտելու այս աճող ժողովրդավարական շարժմանը: «Հայաստանը պետք է լինի Թրամփի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, քանի որ այդ երկիրը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի հաճախորդ պետությունը և ղեկավարվել է ավտոկրատների ու էլիտայի կողմից, որոնք թալանել են երկրի ռեսուրսները և քաղաքացիներին: Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերացումները նոր Հայաստանի մասին հստակ չեն՝ նա կարծես թե ցանկանում է պահպանել Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասի վրա: Գործելով արագ և վստահ՝ Պուտինը կարող էր վտանգի տակ դնել Հայաստանում ավելի քան 5000-անոց զորքի տեղակայումը և դրդել Հայաստանին դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Եթե Հայաստանը շարունակի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, անհրաժեշտ կլինեն ուժեղ և համակարգված միջազգային ջանքեր՝ դիմակայելու Կրեմլի կողմից ավազակապետության անխուսափելի արտահանմանը Հայաստան»:

Հետևաբար, հեղինակն իր լուծումն է ներկայացնում, որ հնարավորինս արագ ավելի մեծ ուշադրությունը Հայաստանին հնարավորություն կտա ամրապնդել կառավարությունը և բարելավել տնտեսությունը, ինչը նրա շատ հարևաններ, մասնավորապես Ուկրաինան և Վրաստանը, տապալեցին գունավոր հեղափոխություններից հետո:

Ամերիկացի վերլուծաբանի պատկերացմամբ՝ «ԱՄՆ-ը մի քանի տարբերակ ունի իր արտաքին քաղաքականության գործիքակազմն աշխատեցնելու համար: «Ազգային ներդրում հանուն ժողովրդավարության» հիմնադրամն արդեն տարեկան 1.3 մլն դոլար է հատկացրել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման համար: Այս ներդրումը պետք է ընդլայնվի և զուգորդվի նորարարչական փոխանակման ծրագրերիր հետ: ԱՄՆ Կոնգրեսն անցկացնում է մի քանի առանցքային փոխանակման ծրագրեր, որոնք կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, եթե աքսելերացվեն Հայաստանի հետ: Ավելին, ԱՄՆ կառավարությունը պետք է քաղաքական զորակցություն ցուցաբերի բարձր մակարդակի հանդիպումների և հայտարարությունների միջոցով այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է ԵԱՀԿ-ն: Աջակցության յուրաքանչյուր մեխանիզմ կարող է նաև անհրաժեշտ կերպով ազդել ընտրական օրենսգրքի փոփոխության վրա՝ ապահովելու օրինականություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Խնդիրը հիմա այն է՝ արդյոք ամերիկացի փոլիսմեյքերները և միջազգային հանրությունը հանդես կգան հանուն Հայաստանի ճակատագրի»:

The Hill պարբերականի վերլուծությունը ուղենիշային է՝ մի քանի առումներով: Վերջին տարիներին, իսկապես, Վաշինգտոնի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ այնպիսին է, որ կարելի է տպավորություն ստեղծել, որ Վաշինգտոնն էլ աստիճանաբար զիջում է Հարավային Կովկասը՝ Մոսկվային:

Նույնիսկ արևմտյան արժեքներով առաջնորդվող Վրաստանում վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ մեծանում է Ռուսաստանի ազդեցությունը: Ուկրաինան՝ բոլորի աչքի առջև է, այնտեղ որևէ դրական փոփոխությունների չբերեց արևմտյան աջակցությունը:

Թրամփի հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ՝ ֆինանսա-տնտեսական գործարքների, այժմ էլ նավթա-գազային ծրագրերի առումով, ակնհայտ է, և այստեղ հարց է ծագում՝ ինչով կարող է հետաքրքրել Հայաստանը՝ Վաշինգտոնին…

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները՝ թավշյա հեղափոխության արդյունքում, կարող են արևմուտքից, մասնավորապես Միացյալ Նահանգներից աջակցության մեծացման գործոն դառնալ: Հետևաբար, դրա համար Հայաստանում բարեփոխումները պետք է իրապես արդյունավետ ու շոշափելի դառնան:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: