Կեղծ ատեստատ, առանց լիցենզիայի դպրոց. կրթական համակարգը ալեկոծվում է

Jun 23, 2018 Comments Off on Կեղծ ատեստատ, առանց լիցենզիայի դպրոց. կրթական համակարգը ալեկոծվում է

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին միանգամից երկու սկանդալային բացահայտում արեց: Մեկը դպրոցներում կոռուպցիայի և հովանավորչության, կեղծ գնահատական դնելու և կեղծ ատեստատ տալու հետ կապված, մյուսը՝ օրինական փաստաթղթերի բացակայության վերաբերյալ: Հատկանշական է, որ երկու դեպքում էլ թիրախում հայտնվել են, այսպես կոչված, էլիտար դպրոցները: Պարզվում է՝ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր: Իշխանափոխությունից հետո դպրոցի ղեկավարությունը սկսել է դիմել` արտոնագիր ստանալու համար, և մերժումներ է ստանում, որովհետև փաստացի այդ դպրոցը բացի այն, որ երկար տարիներ շարունակ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու իրավունք չի ունեցել, չունի նաև համապատասխան պայմաններ:

«Հիմնական դպրոցի՝ 5-9 դասարանները ներառյալ, լիցեզիան նախատեսված է 710 աշակերտի համար, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցը ունի ավելի քան 900 աշակերտ, էլ չասեմ տարրականը: Ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա կամ խնդիրներ է ունենալու»,- ասել է նախարարը: Նրա խոսքով` տարիներ շարունակ եղել են արտոնյալ դպրոցներ, որոնք կարողացել են որոշ դեպքերում նաև առանց արտոնագրի գործել: Հարց է առաջանում, թե ինչպես կարող էր պետական դպրոցը արտոնագիր չունենալ: Բանն այն է, որ կրթական հաստատության լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով, և այդ ժամկետի ավարտից հետո դպրոցը, քոլեջը կամ բուհը պարտավոր է վերստին անցնել լիցենզավորման գործընթաց, ինչը տվյալ պարագայում չի արվել: Դպրոցն իրավունք չունի լիցենզիայով նախատեսվածից ավելի շատ թվով աշակերտներ ընդունել, բայց որոշ դպրոցներ գնացել են այդ ճանապարհով, քանի որ շատ աշակերտը նաև շատ ֆինանսներ է ենթադրում: Սա էլ իր հերթին անհավասար պայմաններ է առաջացրել դպրոցների միջև, արդյունքում աշակերտների թվով պայմանավորված` առաջ են եկել նախարարի բնորոշմամբ օլիգարխ-դպրոցներ:

«Երբ համապատասխան կառույցները ցանկացել են ստուգումներ իրականացնել կամ հասկանալ ինչպես են աշխատում, միանգամից զանգ է եղել համապատասխան գրասենյակներ ասել են՝ այդ դպրոցների հետ գործ չունենաք: Իշխանափոխությունից հետո համապատասխան վարչությունները, ստանալով մեր աջակցությունը, այդ հին բոլոր գործերը վերանայել են»,- ՖԲ ուղիղ եթերում հայտարարել է նախարարը և  ընդգծել, որ բոլոր դպրոցների համար պետք է հավասար հնարավորություններ  ստեղծել, և որևէ մեկը չի կարող օրենքից  վեր դասել իրեն: «Այլևս որևէ մեկի կապերը այս դաշտում չեն աշխատելու, այս դաշտում աշխատելու է  բացառապես օրենքը,  եւ որեւէ մեկը չի կարող իրեն դրանից վեր դասել»,- ընդգծել է նախարարը: Ինչպես հայտնի է, Չեխովի դպրոցի տնօրենը արդեն ավելի քան երկու տասնամյակ Գայանե Սարուխանյանն է, ում անունը կապվում է և’ խոշոր  դրամահավաքների, և’ այլ աղմկոտ պատմությունների հետ:

Հաջորդ բացահայտումն արդեն վերաբերել է Երևանի Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցին, որտեղ երկրից ամիսներ շարունակ բացակայող աշակերտուհուն գնահատականներ են նշանակվել: Սա էլ դեռ քիչ է՝ ավարտական քննություններին տվյալ աշակերտուհին թեպետ ներկա չի եղել, սակայն  գնահատական է ստացել: Նախարարը չի հրապարակել անուն և չի ասել, թե ում հովանավորությամբ և ճնշմամբ է նման անօրիրնություն կատարվել, սակայն հայտարարել է, որ փաթեթն ամբողջությամբ փոխանցվելու է  իրավապահ մարմիններին: Նախարարը նաև կոչ է արել դպրոցների ու քոլեջների բոլոր տնօրեններին` վերջ տալ կեղծ ատեստատներ ու դիպլոմներ տրամադրելու արատավոր պրակտիկային:

Կոնկրետ դեպքում խոսքը 7 ամիս երկրից բացակայող աշակերտուհուն բացականեր չդնելու և  ընթացիկ ու քննական կեղծ գնահատականներով ատեստատ տրամադրելու մասին է: Ընդ որում, հատկապես  թիվ 119 դպրոցի դեպքում սա իսկապես խայտառակ միջադեպ է, որովհետև դպրոցը հայտնի է որպես ֆրանսիական լիցեյ: Այս դպրոցում Ֆրանսիայի դեսպանատան անմիջական աջակցությամբ գործում է ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիր: Մի քանի տարի առաջ այս դպրոցը կրկին հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ <<Վերջին զանգի>> կապակցությամբ դպրոց էր այցելել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս այնտեղ վալս պարեց մի աշակերտուհու հետ: Սակայն միջոցառման կուլմինացիան դպրոցականների կողմից Հովիկ Աբրահամյանին նվիրված հատուկ ոտանավորներն էին, որոնք ընդգծված քծնանք էին` ուղղված վարչապետին: Դրա շուրջ այն ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացել:

Ուշագրավ է, որ կրթության համակարգում անգամ ԱԱԾ-ի` դպրոցներ մուտք գործելուց հետո էլ դեռ կան տնօրեններ, ուսմասվարներ ու մանկավարժներ, ովքեր դեռևս շարունակում են մտածել ատեստատ վաճառելու մասին:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: