Չի կարելի մերժել ամեն ինչ՝ պատվավոր քաղաքացուց մինչև հերոս

Jun 23, 2018 Comments Off on Չի կարելի մերժել ամեն ինչ՝ պատվավոր քաղաքացուց մինչև հերոս

Սյունիքի մարզի Կապան համայնքում այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2003թ. սեպտեմբերի 11-ի «Մանվել Սեկտորի Գրիգորյանին Կապանի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» որոշումը եւ զրկել նրան Կապան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից: Նման առաջարկով համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանին են դիմել ավագանու անդամները: Ավագանին որոշել է Մանվել Գրիգորյանին զրկել Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից: Մի քանի օր առաջ էլ Գյումրու ավագանին էր կայացրել պատվավոր քաղաքացու կոչումներից զրկելու որոշումներ:

Գյումրու ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ՝ ավագանին որոշում կայացրեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Այդ կոչումից զրկվեց նաև Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Լևոն Սարգսյանը: Միաժամանակ համացանցում այժմ ակտիվ քննարկումներ են ծավալվում Մանվել Գրիգորյանին հերոսի կոչումից զրկելու վերաբերյալ:

Նախորդ իշխանությունների կողմից արատավոր ավանդույթ էր ձևավորվել տրցակներով մեդալներ ու կոչումներ բաժանելը: Որևէ մեկը չէր հասկանում, թե ում ինչի համար են մեդալ, շքանշան կամ կոչում տալիս: Չկար չափանիշ, փոխարենը կար կարծրատիպ, թե բոլոր ոլորտներում իշխանությանը ծառայություններ մատուցած անձինք անպայման ստանում են նման կոչումներ ու մեդալներ: Հիմա էլ կարծես թե հակառակ ծայրահեղության գիրկն ենք ընկել՝ նախկինում տրված բոլոր կոչումներն ու մեդալները հերթով անվավեր ենք ճանաչում՝ անգամ չխորանալով, որ շատ հաճախ թացն ու չորը խառնվում են իրար: Այս կամ այն անձին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելիս որպես կանոն հաշվի է առնվում տվյալ անձի ունեցած ավանդը կոնկրետ համայնքի կյանքում: Այս համատեքստում իհարկե դժվար է ասել, թե ժամանակին ինչ են նկատի ունեցել, երբ որոշել են Մանվել Գրիգորյանին Կապանի պատվավոր քաղաքացի կարգել: Բայց, օրինակ, երբ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաշվի էր առնվել աղետի գոտու վերականգնման ուղղությամբ նրա իշխանության օրոք կատարված մեծածավալ աշխատանքները:

Հանուն արդարության պետք է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանը իրականություն դարձրեց  Գյումրին աղետի գոտուց զարգացման գոտու վերածելու իր նախընտրական խոստումը: Մինչև Քոչարյանի պաշտոնավարումը Գյումրու կենտրոնում 1988-ի ավերիչ երկրաշարժից կիսաքանդ բազմաթիվ շենքեր ու փլատակներ կային: Քոչարյանի նախագահության շրջանում Գյումրին անճանաչելի փոխվեց՝ դրական իմաստով. մեկը մյուսի հետևից նոր շենքեր, թաղամասեր ու փողոցներ էին կառուցվում, և այդ խնդիրն այն ժամանակվա երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում էր:Եվ այսօր, երբ Գյումրու ավագանին որոշեց ետ վերցնել Ռոբերտ Քոչարյանի պատվավոր կոչումը առնվազն անարդար գտնվեց Գյումրու կենսագրության այդ ժամանակահատվածի նկատմամբ: Չի կարելի ամբողջությամբ հրաժարվել նախորդներից ստացված ժառանգությունից՝ անկախ նրանից խոսքը դրական, թե բացասական ժառանգության մասին է: Եվ ի վերջո պետք է նաև ընդունել, որ անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում, բացի բազմաթիվ բացասական երևույթներից, եղել են նաև դրական ձեռքբերումներ, որոնք ոչ միայն այն ժամանակվա իշխանության, այլ նախ և առաջ մեր ժողովրդի ու պետության ձեռքբերումն են:

Նույնը նաև գեներալ Մանվելին հերոսի կոչումից զրկելու նախաձեռնությունն է: Նախ հերոսի կոչումը ետ վերցնելու իրավական ընթացակարգ, որքանով հայտնի է, չկա: Հերոսի կոչումը Մանվել Գրիգորյանն ստացել է արցախյան ազատամարտում ունեցած ավանդի, ընդ որում, ըստ որոշ պնդումների, անուրանալի ավանդի համար: Ի վերջո, մարդը ազատագրական պայքարի 5-րդ կորպուսի հրամանատարն է եղել: Բայց հերոսի կոչումն ու գեներալական ուսադիրները նրան ամենևին էլ անձեռնմխելի չէին դարձնում և որևէ կերպ չեն արդարացնում այն հանցանքները, որոնց մեջ այժմ նա մեղադրվում է: Մեկը մյուսի հետ պետք չէ խառնել. ռազմի դաշտում մարտական գործունեության համար Մանվել Գրիգորյանը ստացել է հերոսի կոչում, իսկ պատերազմից հետո կատարած հանցանքների համար էլ պետք է բանտ նստի ու պատասխան տա, ինչպես մնացած բոլոր հանցագործները:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: