Սարգսյանը հետաձգել էր 12 կործանիչների գործարքը, Մոսկվան ե՞րբ կմատակարարի դրանք Փաշինյանի կառավարությանը

Jun 21, 2018 Comments Off on Սարգսյանը հետաձգել էր 12 կործանիչների գործարքը, Մոսկվան ե՞րբ կմատակարարի դրանք Փաշինյանի կառավարությանը

Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը ի զուր չէր օրեր առաջ լուսանկար հրապարակել, որտեղ նա նստած էր ռուսական Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում…

Երեկ ռուսաստանյան մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ:

Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել:

Ահա, փաստորեն, Մոսկվան մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ:

Ռուսաստանյան «Կոմերսանտը» երեկ մանրամասներ է հայտնել: Ըստ aravot.am-ի՝ թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանում իշխանափոխությունից առաջ երկրի պաշտպանության նախարարությունը հետաձգել է ռուսական բազմաֆունկցիոնալ Սու-30 СМ կործանիչներ գնելու հարցը մինչև 2024թ.-ը: Պայմանագիրը, որով նախատեսվում էր հայկական օդուժին մատակարարել առնվազն մեկ էսկադրիլ, ստորագրվել էր 2012թ., բայց այդպես էլ ուժի մեջ չէր մտել՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով:

Ըստ թերթի՝ Ռուսաստանն ակնկալում է պայմանագիրն իրականացնել Հայաստանի արդեն նոր ղեկավարության հետ: Ըստ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի՝ որոշակի քանակության Սու- СМ գնելու շուրջ Երևանի հետ բանակցությունները «գտնվում են բավականին առաջ քաշված փուլում, եթե հանգամանքները հարթ դասավորեն, պայմանագրի ստորագրումը նախատեսվում է առաջիկա 1-2 տարում:

Այնուամենայնիվ, «Ռոսօբորոնէքսպորտից» «Կոմերսանտին» ասել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Ավիացիոն արդյունաբերության մի քանի թոփ-մենեջերներ «Կոմերսանտի» հետ զրույցում ասել են, որ Սու- СМ-ի նկատմամբ Հայաստանի զինվորականներն ուշադրություն են սկսել ցուցաբերել դեռ 2010թ.՝ ելնելով երկրի օդային ուժերը թարմացնելու անհրաժեշտությունից:

Ավելին, մոտավորապես 2012թ. Մոսկվան և Երևանը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Հայաստանը պետք է մի քանի տարվա ընթացքում ստանար առնվազն 12 կործանիչ: Բայց պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով:

Դրանից հետո կողմերը պարբերաբար և ապարդյուն կերպով քննարկել են պայմանագրի գործնական իրականացման հեռանկարները: Ընդ որում, ինքնաթիռներից բացի՝ Հայաստանին անհրաժեշտ էին նաև սպառազինության այլ տեսակներ: Այսպես, օրինակ, Երևանը դարձել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի առաջին ստացողը, ինչպես նաև ձեռք է ներել 300 մլն դոլարի զենք:

Ըստ «Կոմերսանտի» տվյալների՝ Սու-30 СМ-ի մատակարարման թեմային կողմերը վերջին անգամ անդրադարձել են նախքան Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Հենց այդ հանդիպմանը Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները հայտնել են ռուս մատակարարներին, որ առավել վաղ պայմանագրի առարկա դարձած «Սուխոյ» կործանիչների գնումը հետաձգում են 6 տարով՝ մինչև 2024թ.-ը:

Ըստ թերթի աղբյուրների՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում արդեն հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո երկու երկրների մասնագետների միջև սպառազինության արտահանման վերաբերյալ ակտիվ շփումներ չեն եղել:

Բայց որոշակի ազդակներ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ արդեն եղել են. Փաշինյանը մայիսի 23-ին ուղղակիորեն հայտարարեց, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են համագործակցությունը դարձնել «առավել արդյունավետ»:

Իսկ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը վերջին տարիներին գերատեսչությունում զբաղվում էր սպառազինության հարցերով՝ լավ հարաբերություններ պահպանելով ռուսական պաշտպանական- արդյունաբերական համալիրի հետ: Մոսկվան ակնկալում է պայմանագրի իրականացմանն անցնել հնարավորինս արագ. դա անհրաժեշտ է մինչև 2022թ. Իրկուտսկի ավիաշինարարական գործարանի բարեհաջող աշխատանքի համար: Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն կարծում է, որ «ժամանակակից մարտական ավիացիոն համալիրների մատակարարումը կարող է դրդել Ադրբեջանին գնելու արևմտյան կործանիչներ»: Նման նախադեպեր արդեն եղել են. ի պատասխան Երևանի կողմից «Իսկանդարի» ձեռքբերման՝ Բաքուն գնեց բելառուսկան «Պոլոնեզ» համակարգերը: Հետևաբար այս մատակարարումը պետք է հավասարակշռվի Ադրբեջանին Սու-35 կործանիչներ առաջարկելու միջոցով, կարծում է փորձագետը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: