Կապիկության մաստեր կլաս

Jun 23, 2018 Comments Off on Կապիկության մաստեր կլաս

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը մարդկային ստորությունների իսկական շքերթի վերածվեց: ԱԱԾ հայտնի տեսահոլովակի ցուցադրումից հետո Մանվել Գրիգորյանի ուղղությամբ սկսվեց քննադատությունների տեղատարափ ոչ միայն հանրային շրջանակներից, այլ նաև յուրայիններից: Գեներալին խրոխտ խոսքեր են ասում են տարբեր տրամաչափի երկրապահները, ՀՀԿ ողջ անձնակազմը և անգամ նրան սրբերի դասը կարգող, նրան հերոս ու հրամանատար բառերով պատվող, նրա հետ մարտական ու մարդկային մեծ ճանապարհ անցած գեներալ Սեյրան Սարոյանը: Այս տեսանկյունից Սարոյանի կեցվածքը, բառիս ամենաուղիղ իմաստով, կապիկության մաստեր կլաս էր՝ նողկանքի ամենաբարձր գագաթը: Գեներալ Սեյրանը հայտարարում է, թե ինքը շոկի մեջ է, թե բա գիտեք՝ ինքը ոչ մի բան չի իմացել, թե բա Մանվելն իր մոտ «հազար հատ երդում ու քֆուր ա կերել», որ զինվորի հաց չի գողացել: Հավանաբար գեներալ Սեյրանին ու մյուսներին՝ Մանվելի գործի վրա «աչոկ հավաքողներին», թվում է, թե իրենք մաքրվելու շանս են ստացել, և այդ շանսը Մանվելի վրա քար նետելն է: Եթե Սեյրանին թվում է, թե Մանվելին հայհոյելով փրկվելու է, և ԱԱԾ-ն չի խուզարկելու իր տունն ու նկուղը, չարաչար է սխալվում:
Եթե մի մարդ ձերբակալության պահին եղել է ընկերոջ կողքը, իսկ ընդամենը մեկ օր անց նրա հասցեին վերջին բառերն է ասում, ընդամենը վերջին «քցողն է », ոչ ավելին: Այդ ո՞վ չգիտի, որ գեներալ Սեյրան Սարոյանը իր «պագոնների» համար պարտական է Մանվելին, և իր ողջ կյանքն ապրել է նրա ստվերի տակ: Սա, իհարկե, այն դեպքը չէ, երբ կարելի էր կամ տեղ կար պաշտպանելու Մանվել Գրիգորյանին, բայց կարելի էր գոնե լռել, կարելի էր ուղղակի որևէ կերպ կատարվածը չմեկնաբանել, քանի դեռ չկա դատարանի որոշում, և վերջապես լռելը ոչ միայն խոսուն մեկնաբանություն է, այլ նաև սահմանադրական իրավունք, որից բոլորը կարող են օգտվել:
Բայց չէ. բոլորը հիմա սուրբ են դարձել ու սկսել են քար նետել Մանվելի վրա: Նա կերել է զինվորի բաժինը, գողացել է սահմանի փամփուշտը, իսկ իրենք նույն բանը չե՞ն արել. պետության փողը ոչ մի անգամ չե՞ն գողացել: Բա ինչպե՞ս են դիզել իրենց միլիոնները՝ արտ հերկելո՞վ:
Ամեն դեպքում, գեներալ Սեյրանին ասեք՝ Մանվելից հետո Էջմիածինն ու Արմավիրը Նիկոլն իրեն չի տալու: Այնպես որ՝ հանգստացի՛ր, պարո՛ն, քո հերթն էլ կգա:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: