Պուտինը ձեռք մեկնեց Նիկոլ Փաշինյանին

Jun 20, 2018 Comments Off on Պուտինը ձեռք մեկնեց Նիկոլ Փաշինյանին

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով վաճառելու մասին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում բնական գազ մատակարարող լիցենզավորված կազմակերպություն, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.2016թ. N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը վաճառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով:

Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով (20 դրամ իջեցված սակագնով):

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով սահմանված սակագնի փոփոխման դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդես կգա նոր հայտարարությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի այս հայտարարությունը հաջորդում է Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին: Փաստորեն, սա  Ռուսաստանի առաջին լուրջ օգնությունն է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Սակագնի 20 դրամով, որն այս դեպքում համարժեք է 20 տոկոս իջեցմանը, իրականում նկատելի աջակցություն է անապահով խավի համար: Գազի սակագնի նվազման խնդրին Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել էր և նշել, որ իրենք լրջորեն աշխատում են ավելի ցածր սակագնի ուղղությամբ: Սպառողական սակագնի իջեցումը թերևս առաջին ծիծեռնակն է, հաջորդը կարող է լինել գազի մեծածախ գնի իջեցումը:

Այս պահին Ռուսաստանը Հայաստանին 1000 խորանարդ մետր գազը մատակարարում է 150 դոլարով: Այս սակագինը սահմանվել է 2016 թ.-ին՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանի ստորագրած պայմանագրով: Նախկինում հազար խմ դիմաց Հայաստանը վճարում էր  ավելի բարձր գին՝165 դոլար: Բայց 150 դոլար սակագինը գործելու է մինչև 2018 թվականի վերջը, քանի որ այս տարվա վերջին պայմանագրի ժամկետն ավարտվում է: Ռուսական կողմի հետ գազային նոր պայմանագրի քննարկումներն ամենայն հավանականությամբ սկսվելու են նոյեմբերից: Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազի գնի հարցին, նշել էր, որ թեպետ Հայաստանի համար ռուսական կողմը սահմանել է գազի հատուկ գին, սակայն իրենք ակնկալում են գազ ստանալ ավելի արտոնյալ պայմաններով:

Եթե ռուսական կողմը քայլ անի և իջեցնի գազի մեծածախ գինը, դա կլինի Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղղված քաղաքական աջակցության ժեստ՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ:

 

Հայկ Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: