Երբ ՀՀԿ-ն ամենասկզբունքայինն է

Jun 21, 2018 Comments Off on Երբ ՀՀԿ-ն ամենասկզբունքայինն է

Ազգային ժողովի արտահերթ նիստում Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն անցավ բուռն մթնոլորտում։ Խորհրդարանական ուժերը իրար երեսի շպրտեցին այն ամենը, ինչ մտածում էին։ Քանզի նրանք բոլորն էլ առանջնորդվում են այսրոպեական շահերով, հետեւաբար խոցելի են որքան ուզենք։ Նախագծով առաջարկվում է բացառապես պարտադիր բաղադրիչը, մինչ այս գործում էր կամավոր համակարգ, հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցնել 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը ևս թողնվելու է պետության վրա։ Նախկինում համակարգին կողմ էի ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն էլ առանձնապես չէր ընդդիմանում, փոխարենը՝ ակտիվ քննադատում էին Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը։ Վերջինս այսօր հիշեցրեց, որ ժամանակին իրենք դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին. «Հիմա մենք նաև հասկանում ենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Եկել է նոր իշխանություն, նոր կառավարություն, որը պետք է այս իրավիճակում լուծումներ գտնի, և դուք հանգել եք այս լուծման: Եթե մենք որևէ բան չենք անում, այս օրենքը ուժի մեջ է մտնում: Եթե կառավարությունը նախագիծ բերեր, որ այս օրենքը հետաձգեր, ես չգիտեմ, ՀՀԿ-ն կհետաձգե՞ր, թե՞ կմնար նույնը»:

Համակարգին երբեմնի ընդդիմացող Մարուքյանն արդարացավ, որ այժմ պաշտպանում են այս կառավարությանը, նրա նկատմամբ կա վստահություն և պիտի աջակցեն, որ բարեփոխումները իրականացվեն: «Ես խոսել եմ վարչապետի հետ, խոսել եմ Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի հետ: Մենք պատրաստ ենք քննարկումներին մասնակցել և լուծումներ գտնել: Այն մարդիկ, ովքեր դեմ են համակարգին, շարունակում են մնալ դեմ, և մենք իրավունք չունենք չլսել քաղաքացուն»:

«Ելք»-ը, նրա խոսքով, կողմ կքվեարկի նախագծին, բայց՝ պայմանով, որ հետո քննարկեն. «Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ սա սկզբունքային հարց է մեզ համար, մենք չենք կարող չլսել մեր քաղաքացիներին, բայց մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»: ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի չդիմացավ երբեմնի ընդդիմադիր պատգամավորի այլակերպությանը: «Հանձնաժողովում քվեարկում եք ձեռնպահ, հիմա քվեարկում եք կողմ ռեֆորմի համար։ Էդ մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում, ռեֆորմ չեն կարող անել: Հայաստանում ես, ինչքան հիշում եմ, բոլորը կարող են հստակ ֆիքսել մի բան՝ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, էդ դեպքում ինչի՞ եք օրենք բերել պարտադիրը շարունակելու, օրենք բերեիք, թող լիներ կամավոր, կամավոր թող գնար»,- հեգնեց նա։

Պատգամավորը նաև ասաց, որ Հանրապետական խմբակցությունը կողմ է պարտադիր կուտակային համակարգին։ Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի նախագիծն ըստ ՀՀԿ-ականի անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա շահարկման առարկա յուրաքանչյուր վարչապետի, քաղաքական ուժի համար: Մարուքյանը անարձագանք չթողեց Հակոբյանի ելույթը, փորձեց ձայն խնդրել եւ հակադարձել, սակայն նիստը վարող Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կանոնակարգը թույլ չի տալիս։ Մարուքյանը սկսեց, ձեռքերը թափահարելով, հեռվից վիճել Հակոբյանի հետ․ «Ստից իմ անունը ինչի՞ ես տալիս, Դաշնակները ձեռնպահ են քվերակել, դուխ ունե՞ս, դաշնակներին ասա, ինձ խի՞ ես ասում»: Սպասելի էր, որ ՀՀԿ-ականներն էլ կհակադարձեին, որ իրենք էլ վստահություն չունեն Փաշինյանի կառավարության հանդեպ, հետեւաբար հետ են վերցնում աջակցությունը, սակայն այս պարագայում ՀՀԿ-ն ավելի սկզբունքային գտնվեց, քան երբեմնի թունդ ընդդիմադիրները։

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: