Ի՞նչ պատահեց, պարո’ն Փաշինյան, չե՞ք դիմանում ճնշմանը

Jun 21, 2018 Comments Off on Ի՞նչ պատահեց, պարո’ն Փաշինյան, չե՞ք դիմանում ճնշմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախօրեին իր ֆեյսբուքյան էջում հեռուստաընկերությունների մասին գրառում էր արել, մասնավորապես նշելով․ «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։
Պարզապես մի՛ արեք»։ Այս գրառումը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում, լրատվական շրջանակներում: Կա փորձագիտական կարծիք, որ Նիկոլ Փաշինյանի ակնարկն ուղղված է եղել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: Ամենյան հավանականությամբ Փաշինյանին հունից հանել է «Երկրի շաբաթը» հաղորդումը, որի ընթացքում հեռուստամեկնաբան, լուրերի խմբագիր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Էջմիածնի դեպքերին, Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, ինչպես նաև «Սասնա ծռերի» ազատությանը` անցկացնելով որոշակի զուգահեռներ առաջադրված մեղադրանքերի և կիրառված սանկցիաների միջև:
Խնդրին արձագանքել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: «Ցանկացած իշխանություն պետք է առավել հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի լրատվամիջոցների հրապարակումների և դրանցում տեղ գտած գնահատականների նկատմամբ։ Եվ այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործածած «հակապետական քարոզչություն» և «մի’ արեք, պարզապես մի’ արեք» կոչը կարող է գնահատվել որպես միջամտություն հեռուստաընկերությունների գործունեությանը կառավարության ղեկավարի կողմից։
Թերևս տեղին կլիներ, եթե վարչապետը մատնանշեր իր նկատի ունեցած հեռուստաընկերությունների հաղորդումներում էթիկական նորմերի բացահայտ խախտումները և դիմեր ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Սա լավագույն նախադեպը կարող էր դառնալ մեր հեղափոխական երկրում ԶԼՄ-ներին վերաբերող վեճերը լուծելու համար։ Ասածս թող ընդունվի որպես առաջարկ՝ և’ ներկա, և’ նախկին իշխանություններին»,- նշել է Մելիքյանը։
Մեդիային ուղղված սպառնալիք հիշեցնող ֆեյսբուքյան գրառումն, իսկապես ուշագրավ շրջադարձ է առաջին հերթին իր` երբեմնի ընդդիմադիր լրագրող և ընդդիմադիր թերթերից մեկի խմբագիր Նիկոլ Փաշինյանի համար: Փաստորեն ընդամենը 1 ամիս էր պետք նախկին ընդդիմադիր պատգամավոր և լրագրող Փաշինյանին` ազատ խոսքի նկատմամբ իր մոտեցումները վերագնահատելու համար: Եվ այնուամենայնիվ` հիշեցնենք մեր նախկին գործընկերոջը, որ իր գլխավորած թավշյա հեղափոխությունը իրականություն է դարձել բացառապես ազատ խոսքի շնորհիվ: Ընդհանրապես Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը ձևավորվել և կայացել է ազատ խոսքի գաղափարը քարոզելով. գուցե ինքն այդ մասին արդեն մոռացել է, մենք շատ լավ ենք հիշում:
Ընդամենը երկու ամիս առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերներերի շնորհիվ Փաշինյանը կոչ էր անում դուրս գալ փողոց և հաշված րոպեների ընթացքում հրապարակներն ու փողոցները լցվում էին հարյուր-հազարավոր քաղաքացիներով: Փակվում էին փողոցները, պետական հիմնարկներն ու ուսումնական հաստատությունները: Վստահաբար կարելի է պնդել, որ Փաշինյանի հրապարակային կոչերն այն ժամանկվա իշխանության տեսանկյունից հակապետական էին: Այդքանով հանդերձ նախկին նախագահն ու վարչապետը «հակապետական» որակում չեն տվել որևէ լատվամիջոցի, որը եթեր է հեռարձակել այդ կոչերն ու ակցիաները: Փաշինյանի կողմից այդքան շատ քննադատված ու քարկոծված նախկին իշխանությունների կարևորագույն ձեռքբերումներից մեկը Հայաստանում ազատ ԶԼՄ-ների ձևավորումն է եղել. խոսքի ազատության գերակայությամբ մենք շատ երկներից առաջ ենք և դա հայստանյան մեդիայի ու քաղհասարակության համատեղ ձեռքբերումն է: Այն, որ որևէ իշխանություն չի սիրում իրեն քնանդատող ԶԼՄ-ներին ու լրագրողներին, հայտնի ճշմարտություն է: Բայց որ ողջ կյանքում խոսքի ազատության համար կռիվ տված վարչապետը կարող էր ընդամենը մեկ ամսում նյարդայնանալ խոսքի ազատությունից, իսկապես չափազանց է:
Գոնե հոգու խորքում Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, թե որքան մեծահոգի էին նախկինները, որ հանդուրժում էին իր նման չափի, երբեմն նաև տակտի զգացում չունեցող քննադատին: Հիմա ի ՞ նչ պատահեց, պարո’ն Փաշինյան, չե ՞ ք դիմանում ճնշմանը:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: