Օդային «գրոհներ». ՍՈւ-31CM-ին պատասխանեցին անօդաչու թռչող սարքը խոցելով

Jun 21, 2018 Comments Off on Օդային «գրոհներ». ՍՈւ-31CM-ին պատասխանեցին անօդաչու թռչող սարքը խոցելով

Այսօր ժամը 11:20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է Պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք, հաղորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և, միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում», – ասվում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Այսպես, ադրբեջանական կողմը ցույց է տալիս, թե որքան «զգոն» է: Մանավանդ վերջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախ այցելելուց հետո որոշ լուսանկարներ հրապարակեց՝ Բաքուն ցույց է տալիս, թե «իրավիճակի» տերն է:

Կարելի է հասկանալ, թե ինչն է զայրացրել Բաքվին…

Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա նստած է ռուսական Су-31CM կործանիչի օդաչուի խցիկում: Լուսանկարի վերևում Փաշինյանը գրել է. – «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»:

Անգամ ռուսաստանյան РИА Новости գործակալությունն էլ գրել էր, թե նա լուսանկարվել է Երևանի Էրեբունի օդանավակայանում, հավելելով որ «Փաշինյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»:

Իսկ դրանից առաջ՝ Բաքուն ցնցումների մեջ ընկած նշել էր, թե իր ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարություն էր տարածել, որում նշված է, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը: Նշված է, որ հաղորդագրության նպատակը հայկական որոշ լրատվամիջոցների լուրերը հերքելն է, թե հայկական օդուժի կործանիչները թռիչքներ են կատարում Ստեփանակերտի օդային տարածքում: «Հատուկ տեխնիկական միջոցներով հունիսի 16-ին և 17-ին արված Խոջալուի օդանավակայանի լուսանկարներում ու տեսանյութերում որևէ կործանիչ չի երևում: Թռիչքուղու մոտ գտնվում է մեկ L-39 ուսումնական ինքնաթիռ, ուսումնավարժական երկու Як-52 և մեկ զբոսաշրջային, թեթև CH-701 ինքնաթիռ, ինչպես նաև Ми-8 տիպի հին ուղղաթիռ, որը երկար ժամանակ թռիչքներ չի կատարել», – Ստեփանակերտի օդանավակայանի մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: