Արտակարգ դեպք Երևանում

Jun 19, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ մի քաղաքացի Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ փրկարար ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հրանտ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ այդ քաղաքացու հետ տևական ժամանակ բանակցություններ է վարել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի տեղակալ Հ. Հարությունյանը, ում, ի վերջո, հաջողվում է քաղաքացուն դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ում այնուհետև տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերում ԱԻՆ ՓԾ հոգեբանն ու կամրջի վրա ծառայություն կատարող ԱԻՆ-ի ներկայացուցիչը, որից հետո տղամարդուն տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ա. Վ.-ն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ նախկինում ինքը զբաղվել է ավտոմեքենաների առքուվաճառքով և ինչ-ինչ պատճառներով 40 հազար դոլար պարտք է կուտակվել ու քանի որ չի կարողանում մարել դա, ճարահատյալ փորձում էր դիմել ծայրահեղ միջոցի։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: