ՀՀԿ-ն օրենքը կխախտի հանուն Նիկոլի՞, թե իրեն

Jun 19, 2018 Comments Off on ՀՀԿ-ն օրենքը կխախտի հանուն Նիկոլի՞, թե իրեն

ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ի երեկոյան ձերբակալվեց:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կիրակի կայացրած որոշմամբ մերժեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը՝քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ ու Մանվել Գրիգորյանը  կշարունակի մնալ անազատության մեջ: Այսօր էլ պարզ դարձավ, որ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել օրենսդիր մարմին՝ պահանջելով պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկում:

Խնդիրն այն է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն պատգամավորը  72 ժամ չի կարող մնալ անազատության մեջ, քանի որ ունի պատգամավորական անձեռնմխելիություն: Նա կարող է մնալ անազատության մեջ և դատարանի որոշմամբ կալանավորվել միայն այն դեպքում, եթե Գլխավոր դատախազը միջնորդությունը  ԱԺ-ն բավարարի եւ գեներալ պատգամավորին զրկի անձեռնմխելիությունից:
ԱԺ նոր կանոնակարգ օրենքի 108 հոդվածի 2-րդ կետի համաձայն  պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։  ԱԺ-ն ավարտել է հերթական նստաշրջանը եւ աշնանային նստաշրջանի առաջին հերթական քառօրյան կմեկնարկի սեպտեմբերի 10-13-ը։

Սա նշանակում է, որ ըստ կանոնակարգ օրենքի գեներալին անձեռնմխելիությունից զրկելու հարցը առնվազն պետք էր տեղափոխել մինչեւ սեպտեմբեր, քանի որ չի կարելի օրենքը ոտնահարել, այն էլ Սահմանադրական օրենքը: Հակառակ դեպքում՝ խորհրդարանը հապշտապ կարգով պետք է նշված օրենքում փոփոխություն իրականացներ, որպեսզի հնարավոր լիներ հարցը քննարկել:

Առավել եւս, որ  Սահմանադրության 96 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: «Պատգամավորն, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից` բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո».  72 ժամ հետո պետք է կայացվի կալանավորման որոշում:

 

Բայց այսօր կառավարության արտահերթ նիստում պարզ դարձավ, որ հունիսի 19-ին կառավարության որոշմամբ արտահերթ նիստ  կհրավիրվի եւ կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ՀՀԿ-ականները ոչ միայն չեն ընդդիմադել հակաօրինական որոշմանը, այլեւ մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք եւս կողմ են քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը:

Հանրապետականում արդեն հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանին հակադրվելն անօգուտ, միեւնույն ժամանակ վտանգավոր գործ է եւ ցանկացած ՀՀԿ-ական առաջնորդվելու է ոչ թե խղճի ու համոզմունքների մտոք, սպասելու դատարանի որոշմանը, որից հետո պարզ կդառնա, թե իրենց զինակից ընկերը որքանով է մեղավոր, թե անմեղ, այլ սեփական կաշին փրկելու ճանապարհով է առաջ շարժվում: Մյուս կողմից՝ ընդդիմանալ վարչապետի որոշմանը եւ նման պարագայում աջակցել գեներալին, կնշանակի զրկել իրեն նվազագույն շեմը հաղթահարելու վտանգված հնարավորությունից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: