Երբ գեներալ Մանվելը հրեշ էր, իսկ մյուսները կույր ու խուլ

Jun 20, 2018 Comments Off on Երբ գեներալ Մանվելը հրեշ էր, իսկ մյուսները կույր ու խուլ

Հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման թոփ թեման ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ սկանդալային բացահայտումն է: Այն, ինչ հայտարարել է ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի մասին շատ ակնհայտ, գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որի մասին հայ հասարակությունը ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում և բազմաթիվ այլ հարթակներում տարիներ շարունակ խոսում էր: Բոլորը շատ վաղուց գիտեին, որ գեներալը դեռևս արցախյան պատերազմից սկսած զբաղվել է թալանով, յուրացրել է բանակի, սպայի ու զինվորի հասանելիքը, հարստահարել է հարազատ Էջմիածնի տարածաշրջանի բնակիչներին և այդպիսով դիզել սեփական միլիոնները: Այսինքն՝ մենք բոլորս գիտեինք, տեսնում էինք, որ արքան մերկ է: Այս իմաստով ԱԱԾ-ի բացահայտումը հայտնի հեքիաթի փոքրիկ տղայի բացականչությանն էր նման, երբ բոլորը արձանագրեցին այն, ինչ վաղուց ակնհայտ էր բոլորիս: Հիմա կարող եք ասել՝ բա դպրոցականների նամակները, բա ապրիլյան պատերազմի տղաները. բա մեր ժողովրդի մեծուփոքրի ուժերով հավաքած զինվորի բաժինը…. Այո՛, այս ամենը անհամատեղելի են բանական և բարոյական արժեքների հետ, բայց նման որակումները զգացական զեղումներ են, որովհետև Մանվելը միշտ էլ եղել է այն, ինչ որ եղել է՝ պարզապես Մանվել:

Եվ ուրեմն ի՞նչ է փոխվել, եթե Մանվել Գրիգորյանին ԱԱԾ նկուղ հրավիրելու և նրան ընդմիշտ այնտեղ պահելու հիմքերն միշտ էլ եղել են: Փոխվել է թերևս այն, որ Մանվել Գրիգորյանն ու նրա տարածքները նախկինում անձեռնմխելի էին, և իրավապահները այնտեղ մտնելու հնարավորություն չունեին: Այժմ ստեղծվել է նոր իրավիճակ, և Հայաստանի նոր կառավարությունը իր գործելաոճով փաստում է, որ երբեմնի փակ տարածքների տաբուները իր համար որևէ նշանակություն չունեն և նոր Հայաստանում ԱԱԾ-ի համար փակ տարածքներ չկան:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Մանվել Գրիգորյանը ամենայն հավանականությամբ կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: «Ձեռք բերված փաստական տվյալները, հաստատելով Մանվել Գրիգորյանի անմիջական մասնակցությունն այդ գործողություններին՝ վկայում են հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի, որպես կալանավորման պայմանի, առկայության մասին: Ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը բազաթիվ անձանց ներգրավվածությունը, շրջանառվող ռազմամթերքի քանակը, ինչպես նաեւ զինվորների համար նախատեսված պետական միջոցներով, քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից որպես օգնություն տրամադրված գույքի հափշտակությունը, որին առերեւույթ կարող են ներգրավված լինել բազմաթիվ անձինք, վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին»,- նշվում է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ գտած այս ձևակերպումներն ամենակարևորն են այս ողջ կոռուպցիոն շղթայում, ուրովհետև եթե կատարվածի միակ պատասխանատուն և մեղավորը հռչակվի Մանվել Գրիգորյանը, կնշանակի մենք գործ ունենք ոչ թե բացահայտման և արդարադատության, այլ ընդամենը գեներալին քավության նոխազ դարձնելու և շոու ապահովելու հետ:

Շատ կարևոր է հետևել և պահանջել, որ Հայաստանի նոր իշխանությունները նույն կերպ խուզարկեն և գտնեն նաև մյուս հայտնի գեներալների ու բանակի կոռումպացված ղեկավարների թաքցրած ապօրինի զենք-զինամթերքը, զինվորից գողացած ուտելիքն ու հագուստը: Մտնելո՞ւ է արդյոք ԱԱԾ-ն գեներալներ Բաղմանյանի, Խաչատուրովի, Մովսես Հակոբյանի և մնացածի ամառանոցների նկուղները: Պարզ է չէ՞, որ գեներալ Մանվելը չէր կարող միայնակ, առանց Պաշտպանության նախարարության և բանակի հրամանատարության գիտության, իր նկուղ տեղափոխել այդ քանակությամբ զենք-զինամթերք: Եթե այս ողջ սպառազինությունը տրամադրված էր ԵԿՄ-ին՝ որպես հատուկ նշանակության միավորման, ապա ինչո՞ւ էր այդ դեպքում հսկա զինանանոցը գտնվում ոչ թե ԵԿՄ-ի պահեստում, այլ գեներալի մասնավոր տարածքում: Հանրապետական կուսակցությունն ու ԵԿՄ մի շարք տարածքային կառույցներ արդեն դատապարտել են կատարվածը և խոսքները մեկ արած նշել՝ եթե կատարվածն իրականություն է, ապա Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ: Ներողություն, բայց այս բոլորը Մանվելին փուռը տալու և պատասխանատվությունից փախչելու տպավորություն են թողնում:

Արդյո՞ք այս բոլորի, մասնավորապես Մանմվել Գրիգորյանի անձնական զինանոցի մասին ԱԱԾ-ի, բանակի, ՊՆ-ի նախկին ղեկավարությունը՝ ներառյալ այժման նախարար Դավիթ Տոնոյանը, ով այն ժամանակ պաշտպանության փոոխնախարար էր, ոչինչ չգիտեր: Անձամբ գերագույն գլխավոր հրամանատարը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղյակ չէ՞ր, թե ինչպես են բանակի զենքն ու ուտելիքը հասել Մանվել Գիրգորյանի ամառանոցի նկուղ: Եթե նախկին նախագահը իմանալով որևէ քայլ չի ձեռնարկել, ապա հավասարապես մեղսակից է, իսկ եթե տեղեկացված չի եղել, շատ ավելի վատ իր համար, որովհետև որպես նախագահ չի տիրապետել իրավիճակին: Բայց չտիրապետելը արդարացում չէ,  և շատ կարևոր է, որ շղթան բացվի մինչև վերջ: Որովհետև եթե կոռուպցիայի շղթան չհասնի մինչև վերջ, կարճ ժամանակ անց մենք կունենանք նոր Մանվել, մանավանդ որ պոտենցիալ թեկնածուներ կան, ընդ որում մի քանիսը:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: