Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

Jun 18, 2018 Comments Off on Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վատառողջ է, անկողնում պառկած: Այս մասին Հայկական Ժամանակին տեղեկացրել է Սարոյանի՝ Սերոբ անունով ներկայացած օգնականը:

«Գեներալը չի կարող որեւէ հարցի պատասխանել, հիվանդ պառկած է»,- հայտնեց օգնականը՝ նշելով, որ գեներալի բոլոր զանգերին ինքն է պատասխանելու:

Մեր հարցին՝ ի՞նչ է պատահել պարոն Սարոյանին, օրերս կարծես լավ էր զգում իրեն, ոտքի վրա էր, Սարոյանի օգնականը պատասխանեց, որ գեներալը միշտ էլ ձեռնափայտով է եղել ու վատառողջ.

«Գեներալը ե՞րբ էր լավ: Միշտ էլ ձեռնափայտով է եղել, ձեռքն էլ վիրակապած էր, տեսել եք, հոդացավեր ունի»,-ասաց Սեյրան Սարոյանի օգնականը՝ պնդելով, որ այլեւս որեւէ հարցի չի կարող պատասխանել:

Օրերս, երբ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանին տարավ ԵԿՄ գրասենյակի շենքից, ձեռքը վիրակապած Սեյրան Սարոյանը ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի հետ էր:

«Բանակից ով ինչ կերավ, մեկ ա՝ քթերից դուրս ա գալու, իրանց քթերից չգա, իրանց երեխեքի քթերից ա գալու: Ես չեմ տեսել, որ բանակից, զինվորից հաց գողացողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Ավելի լավ ա աստված պատժի իրանց, քան թե դատախազը»,- Ազգային ժողովի իր ելույթում ասել էր Սեյրան Սարոյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: