Վտանգավոր իրավիճակ Էջմիածնում. ցանկացած գործողություն բումերանգի ուժ ունի

Jun 18, 2018 Comments Off on Վտանգավոր իրավիճակ Էջմիածնում. ցանկացած գործողություն բումերանգի ուժ ունի

 

Էջմիածինցիները հավանաբար դեռ երկար կխոսեն 2018 թվականի հունիսի երկրորդ շաբաթվա իրադարձությունների մասին, որի կուլմինացիան հունիսի 16-ի շաբաթ օրվա իրադարձություններ էին: Մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներն արդեն սպառնում էին քաղաքը բաժանել երկու հավասարապես վտանգավոր բևեռների՝ մանվելականների և հակամանվելականների: Իշխանությունը ստեղծված իրավիճակին լուծում տվեց վերևից՝ ձերբակալելով և՛ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին, և՛ Դոն Պիպո մականունով քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, ով գլխավորում էր Էջմիածնում ընդդեմ գեներալ Մանվելի հանրահավաքը:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ձերբակալության պատճառը երկու դեպքում էլ նրանց տներում հայտնաբերված անօրինական զենք ու զինամթերքն են: Ցնցումը, որ ապրում է Էջմիածինը, այս երկու ձերբակալություններով չի ավարտվել. ողջ օրվա ընթացքում քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք: Նույն հրապարակում բազմության մի հատվածը հավաքվել էր ի աջակցություն գործող քաղաքապետ գեներալ Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի, մյուս հատավածը՝ ընդդեմ նրա էր դուրս եկել և պահանջում էր հրաժարական:
Էջմիածինը նախորդ ռեժիմի իշխանության տապալման առումով ամենախորհրդանշական քաղաքներից մեկն է. այստեղ տարիներ շարունակ մարդիկ ապրել են գեներալ Մանվելի սահմանած կամայական նորմերով: Մարդիկ ստորացվել, նսեմացվել ու վախեցել են տարիներ շարունակ, և հիմա կարծես թե եկել է պահը պոռթկալու և ասելու տարիներով կուտակվածը: Բայց Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններն արդեն հատում են վտանգավոր սահմանագիծը, և հասարակությունը բաժանվում է երկու հակադիր բևեռների:
Հայաստանի նոր կառավարությունն ու ԱԱԾ-ն շատ հանգիստ կլուծեն գեներալ Մանվելի հարցը. սա իրականում խնդիր չէ, որքան էլ որ ՀՀԿ-ն հայտարարի քաղաքական ռեպրեսիայի մասին: ՀՀԿ-ն ռեպրեսիայի մասին չի հիշել շատ ավելի կարևոր ձերբակալությունների ժամանակ, այնպես որ՝ այժմ պետք է հասկանա, որ ընդամենը գործում է բումերանգի օրենքը, ու կատարվածին վերաբերվի հանգիստ: Բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ գեներալ Մանվելը չի եղել ու չի կարող լինել Էջմիածնի սիմվոլը: Գլխավոր խնդիրն այժմ Էջմիածնի քաղաքացուն գեներալ Մանվելից պոկելն է: Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ կատարված իրադարձությունների հետևանքով էջմիածինցիները բաժանվեն երկու հակառակորդ բանակների, ինչի նշանները, ի դեպ, հրապարակում ակնհայտորեն կային: Եթե Մանվելի ու Դոն Պիպոյի հարցին կարելի է լուծում տալ՝ նրանց ձեռնաշղթաներ հագցնելով, ապա նույն քաղաքում ապրող մարդկանց հակամարտությունը չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ գործ է:
Ոստիկանության ջոկատները պատ էին կազմել Էջմիածնի հրապարակում, որպեսզի մանվելականների և հակամանվելականների միջև բախում տեղի չունենա: Հայաստանի նոր իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է հասկանա, որ եթե իրավիճակի լարումը շորունակվի և հակամարտությունը վերածվի թշնամանքի, ապա դրա պատասխանատուն այլևս ոչ թե ՀՀԿ-ն կամ գեներալ Մանվելն են, այլ Հայաստանի նոր իշխանությունները: Չկա ավելի վտանգավոր և սարսափելի իրավիճակ, քան այն, երբ նույն քաղաքում, նույն փողոցում ապրող մարդիկ, ովքեր մեծ մասամբ միմյանց դեմքով և անունով ճանաչում են, իրար բարեկամ, հարազատ կամ հարևան են, շատ լավ գիտեն մեկը մյուսի թույլ կողմերն ու խոցելի կետերը, սկսում են միմյանց դեմ պայքարել: ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվելին ու Դոն Պիպոյին՝ փառք ու պատիվ ԱԱԾ-ին, բայց դա չի նշանակում, թե գեներալականներն ու հակագեներալականները ևս պիտի գնան նրանց հետևից: Գեներալին պաշտպանելը կամ չպաշտպանելը հանցագործություն չէ. և՛ պաշտպանողները և՛ չպաշտպանողները պիտի շարուանակեն ապրել նույն քաղաքում, նաև պետք է հանգիստ և վստահ լինեն, որ եթե իրենք հանցագործության ուղղակի մասնակից չեն, վախենալու կարիք չունեն: Ի վերջո 21-րդ դարն է, չի կարելի տանը նստել և սարսափած սպասել, թե երբ ԱԱԾ-ն կթակի քո կամ քո հարազատի դուռը: Հասարակության բևեռացման դեմն առնելը նոր Հայաստանի ամենակարևոր մարտահրավերներից է. եթե Փաշինյանի իշխանությունն այս հարցում վրիպեց, պատմության թափանիվը անպայման նորից ետ կպտտվի, և բումերանգի անվրեպ օրենքը կգործի: ՀՀԿ-ն ու գեներալ Մանվելը դրա վառ օրինակն են: Եթե ՀՀԿ-ն ժամանակին խելամտություն ունենար դատապարտել պետական ռեպրեսիան, երբ ձերբակալվում էին Սասուն Միքայելյանը, նույն Նիկոլ Փաշինյանը, Արցախի հերոսներ Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանն ու էլի ուրիշները, գուցե այժմ այսքան տխուր վիճակում չհայտնվեր:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: