Շրջանառության հարկի ստվերային միլիոնները

Jun 18, 2018 Comments Off on Շրջանառության հարկի ստվերային միլիոնները

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:

Ինչպես հայտնի է, Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ 2019 թ. հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կբերի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով: «Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է: Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։ Նախագծի ընդունումը կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տնտեսվարող սուբյեկտները շարունակում են ակնհայտորեն թերհայտարարագրել իրենց իրացման շրջանառությունները՝ անգամ շրջանառության հարկի շեմին մոտենալու և շեմը գերազանցելու որևէ ռիսկ չունենալու պարագայում:

«Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից և հունվարի մեկից շրջանառության հարկը սահմանել 58.35 մլն դրամ»,- ասաց Ֆինանսների նախարարը: Այդպես էլ արվեց. որոշվեց շրջանառության հարկի շեմը իջեցնել 58,35 մլն դրամի, ինչպես որ դա նախատեսված էր նախկինում: Ի դեպ, այս հարկատեսակի շեմը բարձրացվել էր որպես աջակցություն փոքր ու միջին բիզնեսին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ: Բայց դա արվել էր որպես ժամանակավոր քայլ: Մինչ այդ այս հարկատեսակի շեմը 58.35 մլն դրամ էր, և այսպես կոչված արտոնյալ ժամկետն արդեն ավարտվել էր: «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այս հանգամանքը նկատի ունենալով՝ առաջարկ էին արել երկարաձգել այս ժամկետը և կրկին ուժի մեջ թողնել 115 մլն դրամի շեմը: Բայց կառավարությունը չուզեց գնալ այդ քայլին, ինչը հասկանալի է, եթե նկատի ունենանք, որ բյուջեի մուտքերի վրա նման երկարաձգումը բացասական կանդրադառնար: Որպես այս հարկատեսակի շեմի նվազեցման հիմնավորում՝ նշվում է այն փաստը, որ Հայաստանում այդ շեմը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ ամենաբարձրն է: Վրաստանում, օրինակ, շրջանառության հարկի շեմը կրկնակի ցածր է:

Շրջանառության հարկը տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների գծով հարկումն է առանց ԱԱՀ-ի: ՀՀ-ում առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնողների շրջանառության հարկի դրույքաչափը սահմանված է 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Միաժամանակ վճարման ենթակա հարկի գումարը չի կարող պակաս լինել հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1,5 տոկոսից: Այսինքն՝ որոշակի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում տնտեսվարողը կարող է անգամ 5 տոկոսից էլ քիչ վճարել: Օրինակ՝ վերջերս խոշոր սուպերմարկետնեում բացահայտված ԱՁ-ները, ինչպես պարզ դարձավ հարուցված գործից, գյուղմթերքի վաճառք իրականացնելու համար վճարել էին 2 տոկոս շրջանառության հարկ: Ընդհանրապես այս հարկատեսակի շեմի բարձրացման հիմնական ռիսկերից մեկն այն է, որ շրջանառության այդ շեմին հասնելու դեպքում բիզնեսն սկսում է տրոհվել ավելի փոքր ծավալների, որպեսզի հարկ քիչ վճարի: Կյանքը ցույց տվեց, որ անգամ խոշոր բիզնեսն է փորձում թաքնվել շրջանառության հարկի թիկունքում: Հետևաբար շեմի իջեցումը իսկապես դառնում է ռիսկային և առաջին հերթին լրջորեն վնասելու է միջին բիզնեսին:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: