Սամվել Բաբայանը նոր քաղաքական առանցքի կենտրոնում

Jun 17, 2018 Comments Off on Սամվել Բաբայանը նոր քաղաքական առանցքի կենտրոնում

Վճռաբեկ դատարանն ազատ է արձակել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Բաբայանին: Նա առաջին ատյանի դատարանի կողմից Իգլայի գործով վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել, վերաքննիչ դատարանը վճիռը չէր փոխել:

Վճռաբեկ  դատարանը, հաշվի առնելով «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների մեկ տասնյակից ավելի պատգամավորների միջնորդությունը, փոխել է Սամվել Բաբայանի խափանման միջոցը, միաժամանակ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռն ու գործն ուղարկել վերաքննության: Սամվել Բաբայանը վճռաբեկ դատարանում արդարացում էր պահանջում: Նա անազատության մեջ էր արդեն մեկ տարի երեք ամիս: Թավշյա հեղափոխությունից հետո նրա կողմնակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով ազատել ազգային հերոսին:

Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև Բաբայանի դուրս գալուն սպասող կողմնակիցները հայտարարեցին, որ նրա ազատությունը հեղափոխության շնորհիվ Հայաստանում ստեղծված նոր իրողությունների հետևանք է: Բանտից դուրս գալուց անմիջապես հետո Սամվել Բաբայանը հայտարարեց, որ իր ձերբակալությունն ու դատապարտումը հստակ քաղաքական դրդապատճառներ է ունեցել: Սամվել Բաբայանի պնդմամբ՝ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Սեյրան Օհանյանի առաջնորդած նախընտրական դաշինքին աջակցելու համար. «Հայաստանում մի մարդ ա պատվեր տալիս․․․ Ես չգիտեմ անուն-ազգանունը: Դրդապատճառը եղել ա քաղաքական: Էն, ինչ որ ինձ անվտանգության շենքում ձերբակալելուց հետո խոսել են, խոսել են, որ մենք (ՕՐՕ դաշինքը) արդեն 5 տոկոսի շեմը անցել ենք և պատրաստվում ենք մեծ միտինգի, այսինքն՝ անցնելու ենք բոլոր շեմերը: Արդեն պառլամենտում իրանք չեն կարա ունենան մեծամասնությունը, որը ունեին: Լուրջ պրոբլեմ ա: Դրա համար պիտի ինձ ձերբակալեին: Իմ այն հարցին, թե ինչու ինձ, որ ցուցակում չկամ, լիդեր չեմ, ձերբակալեիք լիդերներից մեկին, պարզ բացատրել են՝ պարոն Բաբայան, Դո՛ւք եք կազմակերպում, Դո՛ւք եք ղեկավարում, Դո՛ւք եք մեզ պետք, Դո՛ւք եք խանգարողը: Անվտանգության [ծառայության] պետի առաջին տեղակալը զբաղվել ա օպերացիայով: Ինչ արել են, ոնց ձևակերպել են, դա ոչ թե քաղբանտարկյալ, այլ մարդուն առևանգել են ուղղակի պետականորեն»,- հայտարարել է Բաբայանը:

Սամվել Բաբայանը ասել է նաև, թե Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թավշյա հեղափոխության օրերին իշխանություններն իր հետ բանակցել են և առաջարկել կոչով դիմել ժողովրդին, որ դադարեցնեն բողոքի ցույցերը՝ փոխարենը խոստանալով ազատություն: Բայց ինքն այս առաջարկը չի ընդունել: Սամվել Բաբայանն ասել է նաև, որ առաջիկայում չի պատրաստվում գնալ Արցախ, քանի որ  չի ցանկանում ապակայունացնել վիճակը: «Իմ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից: Եթե Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը որոշի, որ ես պիտի էնդեղ լինեմ, ուրեմն ես կլինեմ էնդեղ»,- ասել է նա:

Փաստորեն Բաբայանը, որ մինչ այդ դատավարության ողջ ընթացքում երբեք չէր հայտարարել իր ձերբակալության քաղաքական դրդապատճառների մասին, այժմ ինքն իրեն քաղբանտարկյալ հռչակեց և բաց տեքստով Սերժ Սարգսյանին մեղադրեց իր դեմ շինծու դատական գործ սարքելու մեջ: Այսպիսով՝ Սամվել Բաբայանը միանգամից քաղաքական գործընթացներին մասնակցելու հստակ հայտ է ներկայացրել: Ամենայն հավանականությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություններում Սեյրան Օհանյանի գլխավորած նախկին դաշինքը կարող է կրկին խաղի մեջ մտնել, որի կազմում էլ հավանաբար կլինի Սամվել Բաբայանը: Նրանք կարող են միասնական առանցք կազմել նաև այս օրերին ազատություն ստացած Սասնա ծռերի հետ՝ իրենց շուրջը համախմբելով ազատամարտի մասնակիցներին ու նրանց համակիրներին: Նիկոլ Փաշինյանին՝ իբրև իշխանություն, այս ուժային բևեռի ստեղծումն ու ակտիվացումը շահեկան է, որովհետև նա գաղափարական ուղղվածությամբ ի զորու է իր կողմը տանել ՀՀԿ-ի ընտրազանգվածի կոնսերվատիվ շերտին, որը գաղափարապես և սկզբունքորեն չէր աջակցի հեղափոխական թևին: Այս նոր բևեռը կարող է որոշ զանգված տանել նաև Ծառուկյանի համակիրներից. խոսքը ԲՀԿ-ի կռված տղաների թևի մասին է: Բացի այդ՝ Սամվել Բաբայանի աջակիցների թվում են նաև լուրջ վերլուծաբաններ /Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյան/, ովքեր իրենց վրա կվերցնեն նոր քաղաքական բևեռի ուղեղային կենտրոնի դերը:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: