Բողոքի նոտա հայերի կողմից Բելառուսին

Jun 14, 2018 Comments Off on Բողոքի նոտա հայերի կողմից Բելառուսին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ եւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված:

Այս առնչությամբ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տրածել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր գնելու վերաբերյալ՝ չնշելով դրանք քանակը:

Ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն, պայմանագիրը ենթադրում է «Պոլոնեզի» 10 կոմպլետի մատակարարում, որի մեջ ներառված են հրթիռներ, տրանսպորտ, կառավարման կետ, ռադիոտեղորոշիչ կայաններ եւ այլն): Նաեւ նշվում է, որ համակարգերն արդեն ներառվել են Ադրբեւանի սպառազինությունում:

Բաքվի եւ Մինսկի միջեւ այս գործարքի մասին հայտնի էր դարձել դեռ այս տարվա ապրիլին: «Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Բաքուն «Պոլոնեզ» համակարգեը դիտարկում է որպես պատասխան «Իսկանդերներին», որոնք առկա են Հայաստանի զինված ուժերի զինանոցում: Ռազմական փորձագետների կարծիքով, Ադրբեջանը շեշտը դնում է այնպիսի միջոցների վրա, որոնք թույլ են տալիս խոցել հակառակորդի ռազմավարական խորության վրա գտնվող օբյեկտները, եւ «Պոլոնեզների» գնումը այդ համատեքստումէ դիտարկվում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: