Մոսկվան պատային վիճակ ստեղծեց Նիկոլի համար

Jun 16, 2018 Չի մեկնաբանվել

Ուշագրավ մթնոլորտ է ձևավորվել Մոսկվայում, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ են ժամանել՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու:

Երեկվանից Մոսկվայում են գտնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երևանում ակտիվ քննարկվում է Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման հնարավորությունը:

Սակայն, մինչև Փաշինյանի և Ալիևի՝ Մոսկվա ժամանելը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով Մոսկվա ժամանող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի պլանավորվել, քանի որ «ՀՀ նախագահը չի ժամանելու Մոսկվա»։ Պեսկովն ասել է հետևյալը․ «Հայաստանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Ադրբեջանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու առաջնորդների համար էլ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այնուհետև, երբ Մոսկվա է ժամանել Ալիևը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրա հետ հանդիպմանն ակնարկել է, թե Մոսկվա այցը լավ հնարավորություն է ծանոթանալու՝ «ինչ-որ մեկի հետ»: «Հույս ունեմ, օգտակար և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք Մոսկվայում: Հետաքրքիր ասելով՝ նկատի ունեմ, որ խաղը կլինի գեղեցիկ, իսկ օգտակար՝ որովհետև այլ երկրներից Ձեր բազմաթիվ գործընկերներ այստեղ են, և հնարավորություն կա հանդիպել նրանց հետ, ծանոթանալ»,- Ադրբեջանի նախագահին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Ալիևը Մոսկվայում իրեն հետաքրքրող թեմաները կարող է քննարկել ԱՊՀ գործընկերների հետ:

Պեսկովի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի համար ցանկալի ձևաչափը Ալիև-Սարգսյանն է, այլ ոչ թե Ալիև-Փաշինյան: Բացի այդ, Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը, մեղմ ասած՝ օգտագործել է ոչ դիվանագիտական ձևակերպում՝ «ինչ-որ մեկի» հետ հանդիպել-ծանոթանալու մասով: Սա, մեղմ ասած, խիստ որոշակի վերաբերմունք է Մոսկվայի կողմից:

Սա իսկապես հետաքրքիր իրավիճակ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Փաշինյանը ղարաբաղյան թեմայով խոսելիս մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ալիևի հետ:

Նկատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող էր այս իրավիճակում տեղին լիներ, երբ որոշակիորեն մեծացել է լարվածությունը շփման գծում, Նախիջևանի կողմում, և թեկուզ անօգուտ երկխոսությունը, որոշակի երաշխիք է՝ ռազմական գործողությունների չբռնկման համար:

Բայց այստեղ նաև այլ խորքային հարց կա՝ Մոսկվայի դերակատարության հարցը՝ Փաշինյան-Ալիև հանդիպում չկազմակերպելու բացատրության տեսանկյունից: Այսինքն, Մոսկվան որոշել է, որ ԼՂ-ի հարցով Ալիևի հետ Արմեն Սարգսյա՞նը պետք է բանակցի, այսինքն, Արմեն Սարգսյանին ավելի՞ են վստահում, քա՞ն Փաշինյանին: Իսկ գուցե Ալիևն է նման պայման դրել Մոսկվայի առջև, որ կբանակցի միայն Արմեն Սարգսյանի հետ, քանի որ Փաշինյանին իրեն հավասար չի համարում…

Ամեն դեպքում, Մոսկվայում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չկազմակերպելը Կրեմլի կողմից որոշակի վերաբերմունքի ցուցադրություն է, որի հիմքում, դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակներ ու հետևանքներ կարող են լինել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Մոսկվան պատային վիճակ ստեղծեց Նիկոլի համար”

Մեկնաբանել