Ով է խախտել Ծառուկյան-Փաշինյան պայմանավորվածությունը

Jun 14, 2018 Comments Off on Ով է խախտել Ծառուկյան-Փաշինյան պայմանավորվածությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ Բարեգործության մասին օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ ներկայացնելը առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձագանքը՝ ընդդեմ նոր կառավարության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռեւս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայության մեկնարկի մասին խոսելու համար: Եվ պատճառն այն չէ, որ Բարեգործության մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծի հեղինակը նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն է: Ի վերջո, նոր կառավարությունը կարող էր չներկայացնել այն ԱԺ, եթե դեմ էր:

Իսկ օրենքի փոփոխությունները ենթադրում են բարեգործական նախաձեռնությունների վերահսկողության էական աճ, մասնավորապես քաղաքականության հետ առնչության մասով: Հասկանալի է, թե ինչու է դրան կտրուկ դեմ «Ծառուկյան» դաշինքը: Բանն այն է, որ այդ ուժը հենց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների վրա է կառուցված, դա է հիմնական «քաղաքական կապիտալը», եւ հետեւաբար այն կտրելու պարագայում կառաջանա նոր պայմաններում մրցակցային նոր, արդեն ավելի քաղաքական ռեսուրսի անհրաժեշտություն:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ իրավիճակի վերաբերյալ դեռեւս չեն արտահայտվել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ սա էական է այն պատճառով, որ գործնականում հենց նրանց միջեւ է այն քաղաքական համաձայնությունը, որի շրջանակում Ծառուկյանն աջակցել է թավշյա հեղափոխության վարչապետի թեկնածուին եւ նաեւ մաս կազմել կառավարությանը: Ինչի՞ շուրջ է եղել Ծառուկյան-Փաշինյան համաձայնությունը, ո՞րն է եղել դրա բովանդակային առանցքը, ինչ են պայմանավորվել նրանք փակ դռների հետեւում հանդիպմանը կամ հանդիպումներում, պարզ չէ: Բայց հարց է առկա իհարկե՝ կարո՞ղ էին նրանք չքննարկել, այսպես ասած, հետհեղափոխական կամ կառավարական գործունեության շրջանի հարցեր, խաղի կանոններ, հարաբերություններ եւ այլն:

Այսինքն՝ դեռեւս պարզ չէ՝ Բարեգործության մասին օրենքը ԱԺ ներկայացնե՞լն է պայմանավորվածությունների խախտում, թե՞ «Ծառուկյան» դաշինքն է դրանք խախտում՝ դուրս գալով այդ նախաձեռնության դեմ, որն, ի վերջո, Հայաստանում ընտրական համակարգի ռեֆորմի կարեւոր տարրերից եւ քաղաքական դաշտի ու կյանքի առողջացման կարեւորագույն նախաձեռնություններից մեկն է՝ ինչ շարժառիթով էլ որ այն հեղինակել է նախորդ կառավարությունը:

Իրավիճակն այս մասով քիչ թե շատ պարզ կարող է դառնալ, երբ թե՛ խնդրի, թե՛ ընդհանրապես ավելի լայն քաղաքական բնույթի հարաբերությունների առնչությամբ կարտահայտվեն Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը, թեեւ Փաշինյանն ինչ-որ իմաստով «ավանսով» արտահայտվեց հունիսի 7-ին կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում՝ հայտարարելով, թե որեւէ մեկը թող չմտածի, որ լավություն է արել իր օգտին քվեարկելով: Սա կարո՞ղ էր լինել պայմանավորված այն հանգամանքով, որ Փաշինյանը ստացել էր որոշակի պայմանների վերաբերյալ պահանջներ, թե՞ նա գիտեր, որ վաղ թե ուշ ստանալու է կամ ստանալու է հենց Բարեգործության մասին օրենքի պարագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: