Առճակատումն առջեւում է

Jun 14, 2018 Չի մեկնաբանվել

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի քայլերն ու գործողությունները ճիշտ հակառակ տրամաբանությունն ունեն ընդդիմադիր գործչի կարգավիճակում  գտնվող Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներից: Եթե գլոբալ, աշխարհաքաղաքական հարցերում Փաշինյանի մանեւրի հետ կարելի է համակերպվել, ինչպես եղավ ԵԱՏՄ-ին հավատարմության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման դեպքում, թեպետ ընդդիմադիր կարգավիճակում նա եւ իր թիմը նույնիսկ այդ միությունից դուրս գալու նախաձեռնություն  էին ներկայացրել, կամ տնտեսական ու սոցիալական որոշ հարցերում, որպիսին պարտադիր կուտակայինն է,  ապա տարրական հարցերում առնվազն տարակուսելի է:

Ազգային ժողովում ամեն չորեքշաբթի կառավարության հետ հարցուպատասխանի օր է եւ ըստ օրենքի վարչապետը  պարտավորությունների մեջ է մտնում այդ հարցուպատասխանին ներկայանալը: Սակայն Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում գտնվելու պատճառով բացակայում էր նիստից: Մինչդեռ անցած տարի, երբ նման այցով Կարեն Կարապետյանը բացակայում էր հարցուպատասխանի նիստից, քանի որ  մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին,  Փաշինյանը ուղղակի անարգանքի սյունին գամեց Կարեն Կարապետյանին:
«Հայաստանի Սահմանադրության 1-ին հոդվածում ասված է, որ ՀՀ-ն իրավական պետություն է, իսկ Հայաստանի Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրում է, որ եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այսօր այս ժամին երկրագնդի վրա, բացի այստեղից նա ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել»,-2017թ հոկտեմբերի 25-ի նիստում հայտարարել էր Փաշինյանը՝ երեւակայական հարց ուղղելով ԵԱՏՄ խորհրդի նիստում նախագահելու պատճառով ԱԺ նիստից բացակայող Կարեն Կարապետյանին եւ մեծահոգաբար ժամանակ տալով հաջորդ նիստին պատասխանելու:
Այսօր, երբ Փաշինյանն է արդեն վարչապետի աթոռին, մոռացել է սահմանադրական պահանջը, անգամ այն, որ օրենքով իրեն փոխարինելու լիազորություններ է տրված առաջին փոխվարչապետին, որը սակայն նույնպես գործուղման էր ու բացակայում էր հարցուպատասխանից:
Բնական է, որ այս իրավիճակում այլեւս ընդդիմադիր Հանրապետականը նույն ոճով պետք է Փաշինյանին իր պարտականությունների մասին հիշեցներ: ՀՀԿ  խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը իր հարցը սկսեց հետեւյալով . «Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»:

Իհարկե, Աշոտյանի Փաշինյանի պես զավեշտի չվերածեց վերջինիս բացակայությունը եւ հարց չուղղեց վարչապետի <<ուրվականին>>, սակայն  առանց դրա էլ  ամեն ինչ պարզ էր: Իսկ հարցուպատասխանն անցավ ձանձրալի մթնոլորտում, ինչը անկասկած պայմանավորված էր Փաշինյանի բացակայությամբ, ոչ դուխով հարցեր հնչեցին, ոչ էլ համարժեք պատասխաններ: Ծառուկյան դաշինքն էլ զինադադար էր կարծես վերցրել, եթե մեկ օր առաջ սրեր էին ճոճում կառավարության գլխին բարեգործության նոր օրենքի եւ բարեգործությունը սահմանափելուն ուղղված Փաշինյանի կառավարության նկրտումների դեմ, ապա այսօր մոռացության էին մատնել հարցը, գուցե այն անմիջապես հասցեատիրոջը ուղղելու նպատակով: Թեեւ կարող էին պարզաբանումներ ստանալ, թե ինչու եւ ով է որոշել նոր կառավարությունում նախկինների օրենքը դնել շրջանառության մեջ: Բայց ոչ, կռիվն անձամբ Փաշինյանի հետ է լինելու: Վարչապետի բացակայությունից օգտվել էին նաեւ գործարար պատգամավորները, նրանց շարքը ծայրից ծայր դատարկ էր:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Առճակատումն առջեւում է”

Մեկնաբանել