Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն եւ նրա ընկերներին Էրեբունիում ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Jun 13, 2018 Չի մեկնաբանվել

Ավարտվել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին  հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք բռնություն են գործադրել բողոքի ակցիային մասնակից անչափահասների նկատմամբ:

Մասնավորապես՝ անչափահասները բողոքի ակցիայի շրջանակներում փակել են փողոցի աջակողմյան երթևեկելի հատվածը, որի ժամանակ մոտեցել է «Տոյոտա Կորոլլա» մակնիշի գերմանական համարանիշի մի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վարորդի, ուղևորների և անչափահասների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ վերջիններիս նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրանց մարմնի տարբեր մասերին: Բացի այդ, «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայից վերցրած փայտե մահակով հարվածել է Երևանի բնակիչ, 2001թ. ծնված անչափահասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն եւ նրա ընկերներին:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն եւ նրա ընկերներին Էրեբունիում ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի”

Մեկնաբանել