Ի՞նչ է հակադրելու Փաշինյանը հարևանների՝ «21-րդ դարի էներգետիկ պատմությանը»

Jun 17, 2018 Չի մեկնաբանվել

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում երեկ կայացավ Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի հանդիսավոր բացումը՝ ծրագրին անդամակցող՝ Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանը շրջանցող հերթական այս խողովակաշարի շինարարությունը սկսվել էր դեռ երեք տարի առաջ, և հիմա արդեն, ըստ պաշտոնյաների, այն պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Ի դեպ, Վրաստանի նախագահը երեկ չմասնակցեց արարողությանը, համենայնդեպս տեղեկություններ, թե ինչու նա չի մասնակցել՝ երեկվա դրությամբ չկային:

«Մենք գրում ենք դարի էներգետիկ պատմությունը», – հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը: – «Այս խողովակաշարի շահագործումը՝ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների հերթական ապացույցն է: Սա մեր հաղթանակն է, մենք գրում ենք 21-րդ դարի էներգետիկ պատմությունը»:

Ակնկալվում է, որ 1850 կիլոմետր ձգվող այս գազատարով Թուրքիան ամեն տարի ադրբեջանական Շահ Դենիզից առնվազն 6 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, Եվրամիությունը՝ 10 միլիարդ խորանարդ մետր: Ընդ որում, չի բացառվում, որ այս ցուցանիշներն առաջիկայում ավելանան:

Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովչը ողջունել է գազատարի բացումը: «Մենք բոլորս ենք շահելու Կասպյան տարածաշրջանի և Եվրամիության միջև ստեղծվող այդ կամրջից, և մեր բոլորի շահերից է բխում այս ծրագրի իրագործումն ու զարգացումը», – ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հավելելով․ – «Բրյուսելի երկարաժամկետ նպատակն է ստեղծել համաեվրոպական էներգետիկ շուկա, որը հիմնված է ազատ առևտրի, մրցակցության ու դիվերսիֆիկացված մատակարարումների ու աղբյուրների վրա»:

Նոր գազատարի շահագործումը ողջունել է նաև Միացյալ Նահանգները: Թեև ամերիկյան կառավարությունը ուղղակի ներդրումներ չի արել այս ծրագրում և ուղղակի շահույթ չի ակնկալում, սակայն Վաշինգտոնի համար շատ կարևոր է ոչ միայն Ամերիկայի, այլև դաշնակիցների էներգետիկ անվտանգությունը», -այսօր Անկարայում հայտարարել է Նահանգների պետքարտուղարի էներգետիկ հարցերով փոխտեղակալ Սանդրա Օուդկիրկը:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ պատրաստ է դիտարկել այս խողովակաշարի ընդլայնմանն աջակցելու հարցը՝ երկու պայմանով․ – «Նախ, մենք կդիտարկենք, թե ինչ ազդեցություն կունենան այդ նոր խողովակաշարերը Ուկրաինայի վրա, քանի որ Ռուսաստանի կառավարությունն այլևս չի ուզում գազը տեղափոխել Ուկրաինայի տարածքով: Երկրորդը հարցը, որին մենք ուշադրություն ենք դարձնում, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն է»:

Ի դեպ, TANAP-ի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Թուրքիա է ժամանել նաև Ուկրաինայի առաջնորդը: Հաղորդվում է, որ Պետրո Պորոշենկոն արդեն առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևն առաջարկել է Ուկրաինային միանալ «Հարավային գազային միջանցք» ծրագրին, որի մեկնարկը տրվեց շաբաթներ առաջ: Կասպից ծովից մինչև Եվրոպա 3500 կմ ձգվող այս խողովակաշարով նախատեսվում է երկու տարի անց արդեն ադրբեջանական գազը հասցնել Իտալիայի հարավ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով:

Ահա, Հայաստանը շրջանցող հերթական այս խողովակաշարով հնարավոր կդառնա՝ ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Հուսով եմ, որ Թուրքիայի արևելքից մեկնարկող և դեպի արևմուտք գնացող այս խողովակաշարը գազի հետ միասին նաև խաղաղություն և կայունություն կբերի Եվրոպային», – շինարարության մեկնարկին՝ տարիներ առաջ հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե այն կփոխի ողջ տարածաշրջանի ապագան:

«TANAP-ի թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, սակայն հավելյալ կայանների կառուցման դեպքում այն կարող է հասնել 31 միլիարդի, ընդ որում, պարտադիր չէ, որ հավելյալ ծավալները մատակարարվեն միայն ադրբեջանական հանքավայրերից», – շաբաթներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե ծրագրին կարող են մասնակցել նաև Իրանն ու Իրաքը:

Արդեն հայտնի է, որ TANAP-ին միանալու շուրջ քննարկումներ են անցկացվել Թուրքմենստանի հետ, որն աշխարհում չորրորդն է գազի պաշարներով: Հնարավոր է, որ այս հարցով Աշգաբատի հետ բանակցությունները կշարունակվեն նաև վաղը. գազատարի բացման հանդիսավոր արարողությանը Թուրքիայի նախագահը հրավիրել է նաև Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, ով այցից առաջ հայտարարել է, թե «Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի հետ համագործակցությանը և պատրաստ է իր էներգետիկ պաշարները ծառայեցնել համընդհանուր առաջընթացին ու կայուն զարգացմանը»:

Այս փուլում TANAP- բաժնետոմսերի 58 տոկոսը տնօրինում է ադրբեջանական SOCAR ընկերությունը, 30 տոկոսը՝ թուրքական BOTAŞ-ը, 12 տոկոսը՝ բրիտանական BP ընկերությունը:

Հայաստանը շրջանցող հերթական ծրագիրն է կայանում: Ի՞նչ է հակադրելու Փաշինյանի իշխանությունը՝ հարևան երկրների՝ Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությանը: Հայաստանում՝ «թավշյա հեղափոխությունից» հետո որոշակի վարկանիշի բարձրացումը երկար պահպանվող երևույթ չի լինելու: Փաշինյանի կառավարությունը պետք է գործուն քայլերով, այլ ոչ թե ֆեյսբուքյան «լայվ»-երով կերակրի երկրի քաղաքացիներին՝ վարելով տարածաշրջանային նախաձեռնողական քաղաքականություն:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ի՞նչ է հակադրելու Փաշինյանը հարևանների՝ «21-րդ դարի էներգետիկ պատմությանը»”

Մեկնաբանել