Ինչ գնով է Ալիևը իշխանություն պահում

Jun 14, 2018 Չի մեկնաբանվել

Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում են: Հակառակ ակնկալիքների՝ Ադրբեջանում 2018 թ. առաջին կեսին մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև ուղեկցվել է ճնշումների և հետապնդումների նոր ալիքով: Ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության՝ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին անդրադարձել է քաղբանտարկյալների հարցերով մոնիտորինգային կենտրոնը:

«Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացվել են ավանդական ճնշումների, ընդդիմության գործողությունների սահմանափակման և ձերբակալությունների մթնոլորտում: Ընդդիմադիր ակտիվիստների շրջանում զանգվածային ձերբակալություններ են եղել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հաջորդող շրջանում: Ադրբեջանական իշխանությունները մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հետևողականորեն վարում են հասարակության մեջ այլակարծության դեմ պայքարի քաղաքականություն: Ադրբեջանում քայքայվում են քաղաքացիական հասարակության ինստիտուտները, զանգվածային ճնշումների են ենթարկվում հավատացյալները, դատավորներն իրականացնում են իշխանությունների պատվերը»,-նշել է մոնիտորինգային կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը:

Մոնիտորինգային կենտրոնի ղեկավարի փոխանցմամբ՝ նախորդ ամիս Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված համաներման հրամանագիրը չի արդարացրել սպասումները և չի լուծել քաղբանտարկյալների հարցը: «Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը, որոնց մի մասի պատժի ժամկետն ավարտվելու էր համաներման կիրառումից մի քանի օր կամ մի քանի շաբաթ հետո»,-նշված է հայտարարության մեջ:

Ի դեպ, ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 25-29-ը Ստրասբուրգում, Ադրբեջանին նոր տհաճություններ են սպասում:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենը ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին: Զեկույցը կազմվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովում: «ԵԽԽՎ-ն կոչ է անում իր անդամ երկրներին հարգել միավորումների և հասարակական կազմակերպությունների ազատության իրավունքը և օրենսդրական փոփոխությունների պարագայում խորհրդակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,-նշված է զեկույցում:

Երեկ էլ ուշագրավ տեղեկություն ստացվեց Բաքվից. աշխատավարձերի կամ աշխատանքի պահանջով ադրբեջանցի փախստականների մի մեծ խումբ երեկ կրկին բողոքի ակցիա է կազմակերպել նախագահական վարչակազմի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները ընդունել են որոշ ցուցարարների և լսել նրանց բողոքները: Լրատվամիջոցը նշում է, որ փախստականների խումբը բողոքի ակցիա է իրականացրել նաև անցյալ շաբաթ՝ «հարուցելով իշխանությունների դժգոհությունը»: «Թուրան»-ը, սակայն, շեշտում է, որ իրավապահները ուժ չեն գործադրել ցուցարարների նկատմամբ:

Երեկվա ակցիայի մասնակիցներից՝ փախստական Այնուր Մամեդովան «Թուրան»-ի հետ զրույցում պատմել է, որ իշխանությունները դեռևս անցյալ տարի էին իրեն խոստացել աշխատանքով ապահովել: «Ինձ ոչ աշխատանք են տվել, ոչ էլ ապահովել են իմ վերադարձը հարազատ վայրեր: Այս սուտը շարունակվում է արդեն 25 տարի», – ասել է Մամեդովան՝ հավելելով, որ ապրում են «չքավորության մեջ»:

Հնարավոր է, որ նշյալ բողոքի ակցիան կազմակերպված լինի իշխանությունների կողմից: Սակայն, դա նշանակում է, որ Ալիևը ներքաղաքական կյանքում ինչ-որ տագնապներ ունի՝ լցնում է բողոք ակցիա անելու վակուումը:

Ամեն դեպքում՝ փորձագիտական շրջանակները համոզմունք ունեն, որ երկրի ներսում ներիշխանական սուր պայքար է ընթանում, Ալիևը իշխանություն պահելու խնդիր ունի:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ինչ գնով է Ալիևը իշխանություն պահում”

Մեկնաբանել