Մանե Թանդիլյանի սկզբունքն ու Նիկոլ Փաշինյանի անհավանական շրջադարձը

Jun 14, 2018 Չի մեկնաբանվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել: Թանդիլյանն այս մասին հայտնել է ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ նշելով, որ իր հրաժարականի պատճառը հունիսի 11-ին կառավարության կողմից հավանության արժանացած պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ նախագիծն է. «Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։

Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում»,- գրել է արդեն նախկին նախարարը։ Հրաժարականից հետո «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ոչ միայն նախարարի պաշտոնից է հրաժարվել, այլ նաև դադարեցրել է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Լրացուցիչ պարզաբանելով խնդիրը՝ նախկին նախարարը նշել է, որ  հունիսի 11-ին Կառավարության նիստի ընթացքում կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ընդունված  որոշումը  հակասում էր այն նախագծին, որն ինքն էր ներկայացրել:«Ըստ իմ ներկայացրածի՝ պարտադիր բաղադրիչը պետք էր հետաձգել մեկ տարով, այս ընթացքում էլ տեղի էր ունեցել քննարկում, որի ընթացքում ես տեսնում էի հնարավորություն համակարգը դարձնել այնպիսին, որ այն դառնար գրավիչ քաղաքացիների համար, համակարգ, որը կներառեր նաև բազմաթիվ քաղաքացիների առաջարկություններ: Ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը կար: Կային մեխանիզմներ, որոնցով  կուտակային համակարգը կարելի է դարձնել ընդունելի, այս առումով իմ նախագիծը չարժանացավ Կառավարության հավանությանը, այլ նախագիծ առաջացավ, թեպետ փոխվեցին տոկոսադրույքները, բայց պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ կկիրառվի»:

Հարցը, թե ինչու Մանե Թանդիլյանը հենց կառավարության նիստում չարտահայտեց իր վերաբերմունքը, թերևս տրամաբանական է: Բայց  վարչապետի կատեգորիկ մոտեցումը, թե ինքը չի ընդունում այլ կարծիք, որն ուղղվեց Արծվիկ Մինասյանին,  ուներ ուսուցողական նշանակություն նաև մյուսների համար. կո՛ւժ, քեզ ասեմ, կուլա՛, դու հասկացիր: Ամեն դեպքում Թանդիլյանի ներկայացրած նախագիծը առաջին հերթին որպես ոլորտային պատասխանատուի, պետք է որ մանրամասն քննարկվեր, ընդ որում ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրային շրջանակներում:

Համակարգի անդառնալիությունը, որի մասին վարչապետը հայտարարեց կառավարության նիստում, մեղմ ասած համոզիչ չէ, ինչպես որ ժամանակին համզիչ չէին Հայաստանի նախկին երկու վարչապետերի, նախ՝ Տիգրան Սարգսյանի, ապա նաև Հովիկ Աբրահամյանի պնդումները, թե համակարգը պետք է անպայման ընդունել: Անշուշտ կա փաստ. համակարգը արդեն ներդրված է, և նրանից հրաժարվել հնարավոր չէ: Բայց փոխարենը կարելի էր համակարգը, գոնե նրանց համար, ովքեր դեռ չեն ներգրավված, դարձնել կամավոր: Կարելի էր գոնե վերանայել ժամկետները, օրինակ՝ սահմանել հնարավորություն, որ ցանկացած քաղաքացի 10 տարին մեկ ֆոնդում իր հաշվին կուտակած գումարը կամավորության սկզբունքով կանխիկացնելու կամ էլ ևս 10 տարով կուտակում անելու հնարավորություն ստանա: Ի դեպ, այս մասին տարբեր մասնագետներ ժամանակին խոսել են. եթե մենք պարտադիր կուտակային համակարգ ենք սահմանում բոլորի համար, ապա ստացվում է, որ 18 տարին լրացած քաղաքացին մինչև թոշակի անցնելը, այսինքն՝ 63 տարեկանը լրանալը, ուղիղ 45 տարի ստիպված է մուծումներ կատարել այդ ֆոնդերին: Միջին վիճակագրական ցուցանիշը 10-20 տարին է, մինչդեռ մեզ մոտ միանգամից 45 տարվա պարտադրանք  է մտցվում բոլորի համար անխտիր / նախկինում Հրանտ Բագրատյանն այս հարցին բազմիցս անդրադարձել է/ :

Եվ վարջապես, հանրությունն իրավունք ունի իամանալ՝ այդ ինչ իրավական հիմքեր կան, որ անդառնալի են դարձնում այդ համակարգը մեր երկրի համար. ինչո՞ւ չի հրապարակվում ֆոնդերի հետ Հայաստանի կնքած պայմանագիրը: Եթե դա գաղտնի է պահվում, իր մեջ առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ, ապա նկատենք, որ պայմանագրային կողմերից մեկը Հայաստանի Հանրապետությունն է, վճարումներ են կատարվում բյուջեից և մեր համաքաղաքացիների եկամուտներից, ուստի պայմանագիրը առնվազն պիտի վավերացվեր Ազգային ժողովի կողմից, ինչը նույնպես չի արվել: Իսկ եթե մի փաստաթուղթ չի վավերացվել խորհրդարանի կողմից, այն պետության համար չի կարող անդառնալի լինել:

Ստացվում է, որ այս նույն համակարգին ժամանակին դեմ արտահայտված Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո շարունակում է առաջ տանել նախորդ իշխանությունների սկսած արատավոր գործը: Սա Փաշինյանի վարքագծում անհավանական շրջադարձ է և կարող է արտահերթ ընտրություններին ընդառաջ դառնալ ներքաղաքական զարգացումների լուրջ առանցք:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Մանե Թանդիլյանի սկզբունքն ու Նիկոլ Փաշինյանի անհավանական շրջադարձը”

Մեկնաբանել