Պոզով-պոչո՞վ է լինում կադրային ջարդը. Լիլիթ Արզումանյան

Jun 13, 2018 Comments Off on Պոզով-պոչո՞վ է լինում կադրային ջարդը. Լիլիթ Արզումանյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվել է բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը։ Այս պաշտոնին նշանակվել է Սմբատ Գոգյանը։ Նա մասնագիտությամբ մաթեմատիկ է, սակայն գիտական շրջանակներում նրան չեն ճանաչում։ Ինչպե՞ս է հեռացվել պաշտոնից ԲՈԿ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը՝ այս մասին չգիտեն ոչ նրա նախկին ենթակաները, ոչ էլ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում, ուր զանգահարել են կոմիտեի աշխատողները՝ փորձելով տվյալներ ճշտել։

Լիլիթ Արզումանյանը հարցազրույց տվեց «Հրապարակին»։

– Ինչպե՞ս տեղեկացաք, որ ազատվել եք աշխատանքից։

-Ես բացարձակ տեղյակ չեմ եղել։ Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։ Ուղղակի, մարդիկ սկսեցին ինձ զանգահարել, այդ մասին լուր տալ, մենք փնտրեցինք համացանցում ու գտանք, որ վարչապետի որոշումով ԲՈԿ նախագահ նշանակվել է էսինչյան էսինչը։ Մինչդեռ հայտարարել էին, որ կադրային ջարդ չի լինելու։ Պոզով-պոչո՞վ է լինում կադրային ջարդը։ Չգիտես, որ մեղքիդ համար 25 տարի աշխատելուց հետո այդ ձևով մարդուն ազատու՞մ են։

– Դուք տեսե՞լ եք ազատման հրամանը։

-Ոչ, ինձ չեն տվել նման հրաման։ Ասում եմ՝ կայքից ենք իմացել, որ Փաշինյանի որոշումով նշանակվել է նոր նախագահ։

– Դուք այս մեկուկես ամսվա ընթացքում ունեցե՞լ եք շփումներ նոր կառավարիչների՝ կրթության նախարարի կամ կառավարության այլ անդամների հետ։

-Ոչ։ Մայիսի 29-ին ԲՈԿ-ի 25-ամյակն էր, ես նախարարին հրավիրել էի մասնակցելու մեր 25-ամյակի միջոցառմանը։ Նա եկել է, մասնակցել է, խոսել է։

– Ինչ-որ գնահատական ԲՈՀ-ի աշխատանքին իր խոսքում չի՞ հնչեցրել։

-Ոչ մի բան։ Երևի, սրան էի արժանի։

-Բայց չէ՞ որ աշխատանքից ազատելուց պետք է հստակ պատճառ լինի։ Հակառակ դեպքում կխախտվի աշխատանքային օրենսգիրքը։ Ինչպե՞ս է լինելու։ Դուք ազատման դիմու՞մ եք գրելու։

-Ես գաղափար չունեմ։

– Չե՞ք փորձել իմանալ։

-Ես ինչպե՞ս իմանամ։ Վրավորված եմ։ Այսպես ոչ կարելի է հեղափոխություն անել, ոչ կարելի է երկիր սարքել։ Ոչ թե ինձ պահել-չպահելու խնդիրն է։ Հարցը երևույթն է և այդ երևույթը ահավոր տգեղ ձևով անելը։ Կարող էին ասել՝ Դուք մեզ պետք չեք, մենք մեր թիմն ենք հավաքում, դուք մեզնից չեք։ Կարելի էր տարրական հարգանք ցուցաբերել, ասել՝ շնորհակալություն 25 տարի այդ հիմնարկում աշխատելու համար։

– Աշխատակազմն ինչպե՞ս ընդունեց։

-Շատ վատ, իհարկե, բոլորս ցնցված ենք։ Ձևից, մոտեցումից։ Չէր կարելի։ Կա վաստակ։ Ես վաստակած մարդ եմ։ Ամբողջ Հայաստանում չկա մեկը, ով համակարգը անհատ առ անհատ իմանա այնպես, ինչպես ես գիտեմ։ Իմ արածը, իմ վաստակը «զերո» արժեք ունեին իրենց համար։ Եթե գոնե պատճառ լիներ՝ անազնիվ աշխատեի, թերանայի։

– Ձեզ համար սա անսպասելի՞ էր։ Այս օրերին բոլոր կառույցների ղեկավարները գնում են։

-Երևի, ես սա պետք է սպասեի։ Երբ նախարարը գալիս էր 25-ամյակին ԲՈԿ-ի և կես բերան չէր ասում՝ շնորհակալություն Ձեր 25 տարվա աշխատանքի համար, ես այդ օրը պետք է հասկանայի։ Իհարկե, չէի սպասում, որ իմ տեսակը կարող է գնա, հավասարվի, չգիտեմ՝ գող ու ավազակներին, թալանչիներին, չաշխատողներին։ Սա իրավամբ համարում եմ իրական կադրային ջարդ։

Հիշեցնենք, որ Լիլիթ Արզումանյանը Բարձրագույն որակավորման պետական մարմիններում աշխատել է հիմնադրման օրվանից։ Նա գրականագետ է, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր։ Հայտնի գրականագետ Սևակ Արզումանյանի դուստրն է։

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: