Ինչպե՞ս կարելի էր ինձ դասել այդ թալանչիների շարքին

Jun 13, 2018 Comments Off on Ինչպե՞ս կարելի էր ինձ դասել այդ թալանչիների շարքին

primenews.amը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Լիլիթ Արզումանյանը անսպասելիորեն ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինելու է եկել Սմբատ Գոգյանը։ Հետաքրքրականն այն է, որ անգամ Լիլիթ Արզումանյանը չի տեղեկացել իր ազատման մասին և համացանցից է տեղեկացել միայն, արդեն նոր ղեկավարի նշանակվելու լուրը ևս։

Տիկին Արզումանյանը մեզ հետ զրույցում իր հիասթաքությունը հայտնեց ներկայիս իշխանության նկատմամբ, շեշտելով, որ այս քայլով նրանք «թքեցին իր երեսին»։ «Ես այնքան հիասթափված եմ այս իշխանությունից և այս կերպ ցույց տվող նրանց «հեղափոխությունից»։ Նրանք ոչ մի բան հաշվի չառան, ո՛չ իմ վաստակը, ո՛չ 25 տարվա կյանքիս ներդրումը, ո՛չ քաղաքական դաշտում իմ մաքրությունը, ոչ մի բան․․»,- մեզ հետ զրույցում իրավիճակն այսպես մեկնաբանեց տիկին Արզումանյանը։

Մեր զրուցակցի խոսքով` իրեն անգամ նախորդ իշխանության ներկայացուցիչները չեն ազատել պաշտոնից, այն դեպքում, երբ մի ամբողջ գիրք է հրատարակել նրանց անարդարությունները վկայող։ «Պարոն Փաշինյանն ասել էր, որ երկիրը մաքրելու է թալանչիներից, ինչպե՞ս կարելի էր ինձ դասել այդ թալանչիների շարքին, սա վերաբերմունք չի»,- ասում է Լիլիթ Արզումանյանը։ Վերջինս շատ է ցավում, որ ամեն ինչ կիսատ մնաց և անսպասելիորեն ազատվեց իր հիմնադրած և 25 տարի կյանքը դրած կոմիտեից։

Հիշեցնենք, որ Լիլիթ Արզումանյանը հայ գրականագետ է, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: