Հաջորդն Արծվիկ Մինասյա՞նն է

Jun 13, 2018 Comments Off on Հաջորդն Արծվիկ Մինասյա՞նն է

Կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանի ու Արծվիկ Մինասյանի բանավեճը բուռն քննարկման է արժանացել։ Չնայած այդ բախումը, ըստ էության, կանխատեսելի էր, եւ նման միջադեպերը շարունակական բնույթ են կրելու, քանզի Նիկոլ Փաշինյանը կառավարություն է ձեւավորել այնպիսի ուժերի հետ, որոնց հետ նախկինում ոչ միայն գաղափարական ընդհանրություն չուներ, այլ խորը տարաձայնությունների մեջ էր։

Իսկ արտահերթ նիստում կուտակային կենսաթոշակների պարտադիրի վերաբերյալ նոր նախագիծը քննարկելիս, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի եւ Նիկոլ Փաշինյանի մեջ բուռն բանավեճ սկսվել էր այն բանից հետո, երբ Մինասյանը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանում կարողացել է ապացուցել համակարգի մի շարք բացերը ու հիմա էլ դեմ է, քանզի չգիտի արդյոք Սահմանադրական դատարանի պահանջները կատարվել են թե՝ ոչ, արդյոք այն ռիսկերը, որոնք առկա են եղել, վերացվել են թե՝ ոչ. Մինասյանն ասաց, որ իբրեւ դաշնակցության ներկայացուցիչ երբեք չի եղել, որ ինքը կողմ քվեարկի պարտադիրի բաղադրիչին եւ այս անգամ էլ մնում է իր կարծիքին: Նիկոլ Փաշինյանին վրդովվեցրել էր Մինասյանի կարծիքը ․ «Այսինքն՝ կան մարդիկ, որ չե՞ն հասկանում, որ պարտադրված լուծում է»,-հեգնական հարցրել էր վարչապետը․ «Պարոն Մինասյան, մենք պետք է հասկանանք, որ գործում ենք թիմային պատասխանատվության շրջանակներում, այն հարցերը, որոնք դուք բարձրացնում ենք, մենք հիմի կառավարության նիստում ենք, մենք խորհրդարանական ընդդիմություն չենք, այդ հարցերը, որոնք դուք բարձրացնում եք, մենք լիազորությունների, լծակների տիրույթում է: Եթե դուք ասում եք, որ ունեք հարցեր, որոնց պատասխանները դեռ չգիտեք, այդ հարցերը նաեւ ձեր աշխատանքային պարտականությունն է, նաեւ մեր, բոլորիս աշխատանքային պարտականությունն է: Եկեք, շատ հստակ հասկանանք, մենք կամ այս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կամ չենք վերցնում։ Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են մեզ հետ են, ովքեր չեն վերցնում մեզ հետ չեն: Ես ուզում եմ, որ սա հստակ արձանագրենք»:

Խորհրդարանում անդրադառնալով այդ միջադեպին Արմեն Ռուստամյանը հայտարարեց․«Ով մեր հետ չէ, մեր դեմ է, սա էլ հիշեցնում է մի քիչ ավելի ստալինյան ժամանակաշրջանը»:

Կառավարության նիստում այս որոշմանը դեմ էր նաև Փաշինյանի թիմակից Մանե Թանդիլյանը, որը նշեց, թե ովքեր դեմ են, կարող են իրենց քվեարկությամբ ցույց տալ այդ հանգամանքը: Սա արդեն հարուցեց վարչապետի բուռն զայրույթը։ Նա նշեց, որ պետք է ընդունել որոշումը, ապա շարունակել դրա քննարկումները։ Տարօրինակ է, թե ում է պետք լինելու քննարկում որոշումն ընդունելուց հետո, ամեն դեպքում քվեարկության ժամանակ որևէ դեմ ձայն չարձանագրվեց, որոշումն ընդունվեց։ Փաստացի Փաշինյանն անցնում է միանձնյա կառավարման, և կոլեգիալ որոշումներ կայացնելու մասին հավաստիացումները ընդամենը խոսքեր են: Յուրաքանչյուր անհամաձայնություն տեղում խեղդվելու է ոչ թե փաստարկումների, այլ սպառնալիքների հաշվին: Պատահական չէ, որ քիչ առաջ հրաժարականի մասին հայտարարեց Մանե Թանդիլյանը իր հայտարարության մեջ հիմնավորելով․«Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։ Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար»։

Արդյոք Արծվիկ Մինասյանը կհետեւի Թանդիլյանին՝ ցուցաբերելով սկզբունքայնություն, թե ՀՅԴ-ում, ինչպոս բոլոր ժամանակներում, «դեմ ըլլալով կողմ են», միայն թե մոտ լինեն կերակրատաշտին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: