Փաշինյանը Կարեն Կարապետյանի ձեռքով կրակից շագանակներ է հանում

Jun 13, 2018 Չի մեկնաբանվել

Երեկ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված բարեգործության մասին նոր օրենքը Ազգային ժողովում ոտքի էր հանել Ծառուկյան խմբակցության պատգամավորներին։ Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել Բարեգործության մասին օրենքում՝ սահմանափակելով այդ գործունեությունը։ Օրենքով նախատեսված է ստեղծել բարեգործական գործունեությունը համակարգող պետական լիազոր մարմին, որն իրավունք է ստանում ծրագիրը որակել բարեգործական և գրանցել այն: Սա նշանակում է, որ եթե որևէ անձ կամ կազմակերպություն ցանկանում է բարեգործական ծրագիր իրականացնել, ապա պետք է դիմի պետական լիազոր մարմնին և միայն այդ մարմնի կողմից գրանցվելու ու ծրագրի բարեգործական լինելը հաստատվելու դեպքում կարող է իրականացնել այն:

Լիազոր մարմինը կարող է չեղյալ ճանաչել ծրագրի բարեգործական որակումը: Սա էլ նշանակում է, որ ինչ-որ պահից լիազոր մարմինը կարող է չեղարկել բարեգործական ծրագրի որակումը, և այդ դեպքում ծրագիրը հայտնվում է այլ իրավական տիրույթում: Ծառուկյան դաշինքում այս օրենքն ընդունել էին Գագիկ Ծառուկյանի անձի դեմ ուղղված ոտնձգություն, քանի որ վերջինս համարվում է Հայաստանի թիվ մեկ բարեգործը։ Դաշինքի պատգամավորները ԱԺ հայտարարությունների ժամին թիրախավորեցին կառավարությանն ու քննադատեցին Նիկոլ Փաշինյանին։

Իվետա Տոնոյանը նկատեց, որ համաշխարհային պրակտիկայում նման բան չկա, հետեւաբար իր այսօրվա ելույթով սթափության կոչ է անում գործող կառավարությանը հրաժարվել այդ օրինագծից եւ չբերել ԱԺ արտահերթ նիստի օրակարգ։ Նա բացահայտեց, որ այս օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել է նախկին կառավարությունը եւ հրաժարականից առաջ էլ ստորագրել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Իվետա Տոնոյանը սա բացատրեց Կարապետյանի՝ Ծառուկյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, հասավ նաեւ մեր ժամանակներ․«Եթե սա է պետության վերաբերմունքը 33 տոկոս աղքատություն ունեցող երկրի հանդեպ, պետությունը սահմանափակումներ է դնում բարեգործություն անող մարդու կամ կազմակերպության վրա՝ առաջնորդվելով ինչ-որ մարդկանց վրեժխնդրության վրա, խոսքերն այլեւս ավելորդ են»։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նույն թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ՝ պահանջելով համարժեք վերաբերմունք գործընկերների նկատմամբ։ Այս թեմայով ելույթներ ունեցան նաեւ մի շարք այլ պատգամավորներ, որոնց թվում Նաիրա Զոհրաբյանը, ով հարց հնչեցրեց․«Ով է լինելու այդ մեկը, որը մոնոպոլ որոշում կայացնելու իրավունք է ունենալու՝ ինչը համարել բարեգործություն, ինչը՝ ոչ, էդ ոնց եք որոշելու, գիր ղուշով,թե քաղաքական ճաշակով»։ Սերգեյ Բագրատյանն էլ ժողովրդական ասացվածքը մեջբերեց․«Հեշտ է բարեգործության դուռը բացելը, դժվար է այն փակելը»։ Նա հիշեց Քրքորյանին, Մանթաշյանին, ասելով, որ օրենքը ժամանակավրեպ է։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ անդրադարձավ այն քննադատություններին, թե «այդ ինչպես եղավ, որ կառավարության առանձին անդամներ, ովքեր իրենց քարոզարշավը եւ քաղաքական օրակարգը ձեւավորում էին մի այնպիսի կարեւոր խնդրի վրա, ինչպիսին կուտակային կենսաթոշակային համակարգի լիակատար գործարկումն է եւ հիմա ընդունել են լրիվ հակառակ կեցվածք»:

Պետրոսյանն ասաց, որ իրենք շահագրգռված են կառավարության հեղինակությունը բարձր պահելու հարցում. «Բայց եկեք ընդունենք, որ հեղինակությունը շատ շուտ կարող է տուժել, եթե հասարակությունը արձանագրի մի փաստ, որ կառավարության անդամների՝ մինչեւ կառավարությունում հայտնվելը ասվածը եւ կառավարության օրոք ասածը հակասում են իրար»:

Ծառուկյանի թիմում հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանի ձեռքով կրակից շագանակներ է փորձում հանել՝ նման ճանապարհով կանխելով ընտրություններին Ծառուկյանի հավակնությունները։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Փաշինյանը Կարեն Կարապետյանի ձեռքով կրակից շագանակներ է հանում”

Մեկնաբանել