Պուտինը կծանոթացնի Փաշինյանին ու Ալիևին. խեր լինի

Jun 14, 2018 Չի մեկնաբանվել

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մեկնելու են Մոսկվա՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բացման արարողությունը տեղի է ունենալու հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացումն անցկացվելու է մրցաշարի մեկնարկային խաղից առաջ, որտեղ հանդիպելու են Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ, երեկ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը։

Բայց, ով գիտե, թե վերջին պահին ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Կարո՞ղ է Պուտինը Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել… Իհարկե կարող է: Բայց կլինի՞ դրա անհրաժեշտությունը՝ թերևս բացառապես Պուտինի որոշելիքն է:

Հավելենք, որ անկախ այն բանից, թե արդյոք կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ կանցկացվի Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվայում սպասում են, որ Փաշինյանը կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:

Փաստորեն, դա կլինի Փաշինյանի արդեն երկրորդ այցը Ռուսաստան և երկրորդ հանդիպումը Պուտինի հետ։ Հիշեցնենք, անցյալ ամիս պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Փաշինյանը մեկնեց Սոչի՝ ԵԱՏՄ երկրների գագաթնաժողովին, որտեղ էլ առանձնազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու պնդել էր, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը քննարկման ենթակա չէ:

Փաստորեն, Փաշինյանից բացի հունիսի 14-ին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին, Մոսկվա են մեկնելու նաև Խորհրդային միության նախկին հանրապետությունների մի շարք այլ ղեկավարներ, այդ թվում՝ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Փաշինյանի առաջին ծանոթությունը, ըստ էության, կազմակերպելու է Պուտինը, ասել է թե՝ Փաշինյան-Ալիև առաջին շփումը կկայանա Կրեմլի հովանու ներքո, ինչը կարևոր է ղարաբաղյան կարգավորման գործընթացի, բանակցային գործընթացի ապագայի տեսանկյունից:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Պուտինը կծանոթացնի Փաշինյանին ու Ալիևին. խեր լինի”

Մեկնաբանել