Լուկաշենկոյի առաջին «նվերը» Նիկոլին

Jun 14, 2018 Comments Off on Լուկաշենկոյի առաջին «նվերը» Նիկոլին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հեղել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում Արմեն Սարգսյանը շնորհավորելով երկու երկրների համար նշանակալի տարեթվի՝ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, արձանագրում է, թե տարբեր ոլորտներում միջպետական համագործակցության նշանակալի դրական փորձ է կուտակվել:

«Անկասկած է, որ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, հայ-բելառուսական փոխգործակցության ներուժի բացահայտմանը, առևտրատնտեսական փոխշահավետ գործակցության զարգացմանն ու հումանիտար ոլորտում կապերի հետագա ընդլայնմանն ուղղված գործնական քայլերը լիովին համապատասխանում են մեր երկրների զարգացման երկարաժամկետ շահերին: Համոզված եմ, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում Երևանի և Մինսկի առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաև գործակցությունը բազմակողմ միջազգային հարթակներում հետագայում ևս կարևոր դեր կունենան երկու երկրների գործընկերության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում»:

Այս շնորհավորանքը պակաս զավեշտալի կլիներ, եթե նույն օր ադրբեջանական մամուլում չհայտնվեր մի ուշագրավ տեղեկություն:

Պարզվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ նրան են ներկայացրել բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA հրթիռային համակարգերը:

Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից գնել 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ադրբեջանի նախագահին ներկայացրել են նաև իսրայելական արտադրության LORA օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ: LORA-ն կարող է օգտագործվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բազավորման, ենթակառուցվածքների տարրեր (կապի հանգույցներ, էլեկտրակայաններ և այլն) խոցելու համար:

Իսրայելի դեպքում, մենք իհարկե չենք կարող բողոքել, թե այս ի՞նչ է անում, Հայաստանի իշխանությունների դեմքին ժպտում են, մեր թիկունքում Հայաստանի հակառակորդին զենք են վաճառում, այն էլ ինչպիսի զենք: Հայաստան-Իսրայել փոխադարձ երկկողմ պարտավարություններն, այսպես ասած՝ այդ մակարդակում չեն:

Բայց ինչ ասես՞ Լուկաշենկոյի դեպքում, ով Հայաստանի իշխանությունների հետ հանդիպմանը ժպտում, գովեստի խոսքեր է շռայլում, բայցև շարունակում է զինել Հայաստանի հակառակորդին:

Պաշտոնական Երևանը քննադատել է ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքն Ադրբեջանին: «Դա այնքան էլ տրամաբանական չէ», երեկ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում ասել է փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը:

«Բելառուսը, լինելով մեզ բարեկամ երկիր, մեզ հետ ներգրավված լինելով մի շարք բազմակողմ ֆորմատներում և ունենալով դաշնակցային պարտավորություններ, այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար շատ ցավալի է, որ Բելառուսը զինատեսակներ է վաճառում մեզ հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը: Եվ ես կարծում եմ, որ մենք, ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, այս հարցերը համապատասխան կերպով կբարձրացնենք: Կարծում եմ, որ սա այնքան էլ տրամաբանական չէ, հաշվի առնելով Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող բարեկամական և դաշնակցային հարաբերությունները»,- «Ազատության» եթերում նշել է փոխարտգործնախարարը:

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ չնայած պաշտոնական Երևանի հրապարակային քննադատություններին՝ հեռահար այդ կայաններն արդեն հասել են Ադրբեջան և այսօր արդեն ցուցադրվել են նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ Բաքվի, դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը», հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, թե Մինսկը Բաքվին նման տասը համակարգ է վաճառելու:

Այս հարցով բանակցությունները սկսվել էին դեռ անցյալ տարի, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել էր Մինսկ, որտեղ հայտարարել էր, թե պատրաստվում են համագործակցության նոր ծրագրեր իրականացնել: Հստակ մանրամասներ կողմերը չէին հաղորդել, սակայն լրագրողները լուսանկարներում արձանագրել էին Հասանովին՝ «Պոլոնեզ» համակարգն ուսումնասիրելիս:

Պաշտոնական Երևանն, ի պատասխան, քննադատել էր գործարքը: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անցած ամիս «Ազատության» հետ զրույցում փաստել էր՝ անընդունելի է զենքի վաճառքը «Ադրբեջանի նման պետությանը»: «Ափսոսում ենք, որ անկախ նրանից, թե վաճառողն ով է, ՀԱՊԿ անդամ է, թե այլ պետություն, Ադրբեջանի նման պետությանը զենք է վաճառում: Պետություն, որն ըստ էության՝ չունի որևէ տեսակի քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, պետություն, որը վարում է ապակայունացնող քաղաքականություն տարածաշրջանում, պետություն, որը բռնել է դեստրուկտիվ ճանապարհ և ռազմականացնում է իրավիճակը, նման պետությանը վաճառում են ընդհանրապես զինատեսակներ: Մենք այդ կապակցությամբ ափսոսանք ենք հայտնում», դեռ ապրիլին ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Բելառուսի նախագահը, մինչդեռ, պնդել էր՝ իրենք որևէ պայմանագիր չեն խախտում, և ինքն էլ որևէ մեկի առաջ արդարանալու կարիք չի տեսնում: «Ընդամենն ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի դեպքում չեն խախտում որևէ միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ բանաձև: Մենք ինքնիշխան ու անկախ պետություն ենք և իրավասու ենք որոշել մեր համագործակցության ուղղությունները: Մենք Ադրբեջանի հետ ընդհանրապես որևէ խնդիր չունենք և շատ լավ ենք հիշում, թե Բելառուսի համար դժվարին պահերին Ադրբեջանի նախագահն ինչպես է մեզ օգնել»,- ասել էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ի դեպ, Բաքուն բելառուսական «Պոլոնեզը» ցուցադրեց Ալմաթիում մեկնարկած՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ, որին մասնակցում են Բելառուսի և Հայաստանի արտգործնախարարները:

Ինչպես ասում են՝ ահա և Նիկոլ Փաշինյանի կառավարության համար առաջին «նվերը»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: