Բակո Սահակյանը չի կրկնի Սերժ Սարգսյանի սխալը

Jun 13, 2018 Comments Off on Բակո Սահակյանը չի կրկնի Սերժ Սարգսյանի սխալը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու:

«Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: 2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ»,- ասել է Բակո Սահակյանը:

Նա հավելել է, որ սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: «Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և՛ նախագահի, և՛ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- հայտարարել է Արցախի նախագահը:

Այսպիսով՝ Բակո Սահակյանը կայացրել է Արցախի ապագայի և իր նախագահական կենսագրության ամենավճռական ու կշռադատված որոշումը: Այս քայլով Բակո Սահակյանը լուծում է միանգամից մի քանի կարևոր խնդիր. նախ նա չեզոքացնում է Արցախում ներքաղաքական իրավիճակի խաթարման վտանգը, որը պատերազմական գոտում գտնվող երկրի համար հղի է կործանարար հետևանքով: Երկրորդ՝ Բակո Սահակյանը դառնում է երաշխավոր Արցախի ապագա ընտրությունների համար, որը ևս պետության համար անչափ կարևոր է: Այս ընթացքում Բակո Սահակյանը կարող է նաև հոգ տանել, որ իրենից հետո իշխանությունն Արցախում փոխանցվի իր ժառանգորդին և իր հեռացումը պետության, ինչու չէ նաև իր թիմի համար ցնցումներ չառաջացնի. մի բան, որ չհաջողվեց անել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:

Սարգսյանը, ինչպես հայտնի, հրապարակավ հայտարարել էր, որ 2018-ին չի հավակնում դառնալ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահ, իսկ Սահմանադրության փոփոխության դեպքում՝ նաև ՀՀ վարչապետ: Հետագայում, երբ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել իր նախկինում արված հայտարարությունից, զրկվեց ոչ միայն իշխանությունից, այլ շատ ծանր դրության մեջ դրեց սեփական թիմին: ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը այդպես էլ չկարողացան ճիշտ պահին գտնել Սերժ Սարգսյանի իշխանության ժառանգորդին, արդյունքում ստիպված եղան իշխանությունը փոխանցել ժողովրդական հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այս առումով Բակո Սահակյանը վստահաբար չի կրկնի Սերժ Սարգսյանի սխալները. Ստեփանակերտում շատ լավ հետևություն են արել երևանյան իրադարձություններից:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: