Տարկետման իրավունքի մրցույթը տեղի կունենա ուղիղ եթերում. Հովհաննես Հովհաննիսյան

Jun 08, 2018 Comments Off on Տարկետման իրավունքի մրցույթը տեղի կունենա ուղիղ եթերում. Հովհաննես Հովհաննիսյան

Հունիսի 8-ին` մինչև աշխատանքային օրվա վերջը, լրանում է տարկետում ստանալու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Փաստաթղթերը ներկայացվում են կրթության և գիտության նախարարությունում: Այս մասին կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է ֆեյսբուքի իր էջում: Ինչպես հայտնի է, նախորդ իշխանությունները մեկ տարի առաջ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով ակադեմիական տարկետումը վերացվեց: Հետագայում արդեն, Հայաստանի կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ, սահմանվեց կարգ, որով նախատեսվում էր բացառիիկ նվաճումներ ունեցողների համար ակադեմիական տարկետում նախատեսել: Նախորդ իշխանությունները, սակայն, իրենց ընդունած կարգը չհասցրին կիրառել՝ հեղափոխությունը խանգարեց: Նոր իշխանությունը, մասնավորապես կրթության և գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանն ու նրա թիմը, ովքեր ժամանակին դեմ էին ակադեմիական տարկետման վերացմանը, այսօր ստիպված են առաջնորդվել նախորդների ընդունած և իրենց կողմից մասնակի փոփոխությունների ենթարկված կարգով: Օրենքը հիմնովին փոխելու համար ժամանակ է պահանջվելու, իսկ տարկետման տեղերի հարցը անհապաղ կարգավորում է  պահանջում՝ հաշվի առնելով, որ հուլիսից մեկնարկում է գարնանային զորակոչը և բանակից տարկետում ստացողների ցուցակները մինչ այդ պետք է ներկայացվեն պաշտպանության նախարարություն:

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառավարության և ուսանողների միջև երկարատև քննարկումների արդյունքում փոփոխվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումը, որով դյուրինացվել է տարկետում ստանալու նախապես սահմանված գրեթե անհաղթահարելի շեմը. «Ինքս ժամանակին եղել եմ ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ արտահայտվողներից մեկը և այսօր էլ գտնում եմ, որ գործող օրենսդրությունը խանգարում է գիտության առաջընթացին: Տարկետման համար նախորդ կառավարությունը այնպիսի բարդ մեխանիզմ էր սահմանել ուսանողների համար, որ անգամ դասախոսներից շատերը այս պահին չեն կարող այդ կարգին համապատասխանել և հաղթահարել շեմը: Մենք այս պահին ընդամենը ժամանակավոր լուծում ենք գտել, որը մեզ ևս չի բավարարում, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք:  Վարչապետի մոտ՝ պաշտպանության նախարարության, ուսանողների հետ համատեղ քննարկումների արդյունքում մեղմացրել ենք կարգի պահանջները հօգուտ դիմորդի՝ իջեցնելով սահմանված շեմերը: Ասպիրանտուրայում և մագիստրատուրայում ՄՈԳ-ի շեմ ենք սահմանել՝ 90 տոկոս և ավել, իսկ կիրառվող գործակիցը կրկնապատկել ենք՝ 1-ի փոխարեն դարձնելով 2: Որոշակիացրել ենք հարցազրույցը, որը նախկին կարգով բացարձակ անհասկանալի էր, և կար մտավախություն, որ այն կարող է սուբյեկտիվության տարրեր պարունակել: Նախորդ կարգով հարցազրույցի ժամանակ ստուգվելու էին սոսկ փաստաթղթերը, իսկ այժմ նախատեսում ենք ստուգել մոտիվացիա և գիտելիք: Գործելու է երկու հանձնաժողով՝ հումանիտար և տեխնիկական: Նպատակը մեկն է՝ գիտության նկատմամբ հետաքրքրվողներին տալ հնարավորություն՝ շարունակել իրենց գործունեությունը գիտության ոլորտում»,- նշում է փոխնախարարը և ավելացնում, որ մեղմացումներով հանդերձ՝ տարկետման իրավունք ստանալու շեմի հաղթահարումը դարձյալ բարդ է:

Կարգում կատարված բարելավումներից մեկն էլ այն է, որ որոշվել է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման  shanghairanking.com կայքի առաջին 50 բուհեր ընդունված ուսանողներին բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով տալ տարկետում, եթե նրանք ունեն մասնակի կամ ամոբողջական կրթաթոշակ՝ scholarship, որը պետք է հավաստել ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ: Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, որ մինչև հաջորդ զորակոչ պետք է ակադեմիական տարկետման նոր կարգ սահմանվի: Հունիսի 7-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ ստացվել է ընդամենը 160 դիմում հայտ, որոնց մեջ գերակշռում են բնագիտության ուղղությամբ դիմումները: Մրցութային երկու հանձնաժողովների անդամների թեկնածուներն արդեն կան, դրանք ԿԳՆ, ՊՆ ներկայացուցիչներ են, ինչպես նաև տվյալ ոլորտում հայտնի գիտնական մասնագետներ, քաղաքացիական և ՀԿ սեկտորի և ուսանողության ներկայացուցիչներ: Հանձնաժողովների կազմը հաստատվում է  կրթության և գիտության նախարարի հրամանով, որն այժմ մշակվում է և առաջիկայում կհրապարակվի. «Թափանցիկության ապահովման նպատակով որոշել ենք տարկետման մրցույթն ամբողջությամբ ուղիղ եթերով հեռարձակել նախարարության ֆեյսբուքի էջում»,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը: Տարկետման իրավունքի մրցույթը կանցկացվի հունիսի 15-23-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն, ու ցուցակները կուղարկվեն պաշտպանության նախարարություն:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: