Ինչու է ուշանում մարզպետների փոփոխությունը

May 27, 2018 Comments Off on Ինչու է ուշանում մարզպետների փոփոխությունը

Մարզպետների հարցը մնում է չլուծված ու բոլորը սպասում են՝ երբ են փոխվելու մարզային իշխանությունները, երբ է հեղափոխական ալիքը հարվածելու նաեւ մարզերին: Շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե բոլոր մարզպետները կփոխվեն, դրանից առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ կառավարության պորտֆելների օրինակով ՀՅԴ-ի , ՔՊ-ի ու Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներ կնշնակվեն մարզային ղեկավարներ: Արագածոտն ու Շիրակը ՀՅԴ-ին կթողնեն, չորս մարզի ղեկավարություն կհանձնեն Ծառուկյանին՝ Սյունիք, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, ավելի ուշ այս համամասնությունը խախտվեց մամուլի հրապարակումներում, կրճատվեց, ավելացավ տվյալ ուժին տրվելիք մարզերի քանակը: Նոր կառավարությունը երեք շաբաթ է իրողություն է, բայց փաստն այն է, որ մարզպետները չեն փոխվում: ՀՀԿ-ն մարզերը բաժանել էր ֆեոդալների միջեւ, որոնք ավելի քան ազդեցություն ունեին տվյալ տարածքում,նրանք կլանային իշխանություն են ձեւավորել իրենց ղեկավարած տարածքներում, որի շնորհիվ նրանց հաջողվում էր ընտրությունների ժամանակ վերահսկել ողջ պրոցեսը եւ իշխանության համար ցանկալի տոկոսներ խփել: Նոր իշխանությունը հասկանում է, որ առանց մարզպետների փոփոխության արտահերթ, թե հերթական ընտրությունների գնալը անիմաստ է լինելու: Գործելու է հին մեխանիկան: Այդ պատճառով իսկզբանե սպասելի էր, որ մարզպետներին նույնպես հրաժարականների դիմումներ են պարտադրվելու: Մյուս կողմից՝ մարզպները հասկանում են իրենց պաշտոնի առանձնահատկությունը ու այն, որ հեշտ չէ իրենց փոխարինողներ գտնել, ու եթե նրանք մինչ օրս քաղաքական պաշտոններից հրաժարականներ չեն ներկայացրել, կնանակի պատրաստ են ծառայել նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

Նշենք, որ Փաշինյանի հայտարարությունից հետո մի քանիսը արժանապատվորեն հեռացան, առաջինը Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանն էր, նրան հաջորդեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Թեեւ այս հանգամանքին, նոր մարզպետների նշանակումը ուշանում է: Մեզ հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում այդ պորտֆելները բաժանել կառավարության սկզբունքով եւ որոշել է բոլոր մարզերում ՔՊ-ականներ նշանակել: Նա հասկանում է, որ արտահերթ կամ հերթական ընտրություններին իր հաջողության բանալին դա է լինելու: Կրթական հաստատություններ, հիմնարկ ձեռնարկություններ եւ այլ հաստատություններ եւ այլն, մարզպետները մոտ 80 տոկս ընտրողների վրա ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ունեն, եթե նաեւ գումարենք, որ առաջիկա ընտրություններին ընտրակաշառքի գործոնն իսպառ բացառելու խնդիր է դրված, ապա Փաշինյանը լավ է հասկանում, թե ռազմավարական ինչպիսի կարեւոր նշանակություն ունի այդ պոստերը որևէ մեկին չզիջելը: Բանակցությունները շարունակվում են ու քիչ չէ հավանականությունը, որ այնուամենայնիվ համաձայնության կառավարության կողմերը հաջողեն կոնսենսուսի գալ: Իսկ Փաշինյանը ոչ մի թիզ չզիջի, ապա դժվար թե հեղափոխությունից հետո գործընկերները նրա դեմ կտրուկ քայլերի անցնեն, խզեն խորհրդարանական համագործակցության ներքին պայմանավորվածությունը, որպեսզի ցույց չտան, թե պաշտոնների համար էին միանում Փաշինյանին: Դրա փոխարեն Ծառուկյանը նոր թափով կշարունակի բարեգործական ակցիաները,ինչն անում է մշտապես, ու որևէ մեկը չի կարող դա դիտարկել իբրեւ ընտրակաշառք: Կարելի է չկասկածել, որ ընտրություններին այդ ամենն իր արդյունքը կտա:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: