Բացատրեք այս մարդկանց, որ հեղափոխությունն արդեն ավարտվել է

May 27, 2018 Comments Off on Բացատրեք այս մարդկանց, որ հեղափոխությունն արդեն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամները ակնհայտորեն չեն կարողանում հարմարվել նոր իրողություններին: Նոր նախարարներից շատերը ոչ մի կերպ չեն կարողանում ընկալել նախարարական և հեղափոխական գործունեության տարբերությունը և դրանով իսկ իրենք իրենց երբեմն դնում են անհարմար կացության մեջ: Նախօրեին բավականին անհարմար դրության մեջ էր հայտնվել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչպես հայտնի է, նախարարը հեռակա բանավեճի է բռնվել «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ: Պատճառը պետբյուջեից «Այբ» հիմնադրամին հատկացված մոտ 2 մլրդ դրամի հատկացումն է, որը ժամանակին տրվել է Արարատյան բակալավրիատ գերազանցության ծրագիրը Հայաստանի մարզերում և Արցախում ներդնելու նպատակով: «Այբ»-ի ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատ ծրագրի ֆինանսական աուդիտ:

«Այբի հետ կապված… Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը…»,- գրել էր նախարարը։ Դրանից առաջ էլ, մի քանի անգամ ԿԳ նորանշանակ նախարարը մի քանի անգամ հայտարարել էր, թե իր համար «Այբ»-ն անընդունելի է,քանի որ այն էլիտարացնում է կրթությունը:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մտահոգություն է հայտնել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման հետ կապված: Նրանք փաստել են, որ «Այբ» կրթական հիմնադրամը, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի անցնում է անկախ ֆինանսական աուդիտ, որոնց արդյունքները հրապարակված են:

«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից հայտնի ֆիզիկոս և գործարար, աշխարհահռչակ ABBYY ընկերության հիմնադիրն և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջում անդրարձել էր նախարարի այս հայտարարություններին՝ գրելով, որ եթե նախարարը չփոխի իր դիրքորոշումը «Այբ»-ի նկատմամբ, ապա ինքն ու իր կինը ստիպված կլինեն վերանայել Հայաստանում կրթական նախագծեր և նվիրատվություններ անելու իրենց նախնական մտադրությունը: Դավիթ Յանը նաև գրել էր,որ իրենք մտադիր են Հայաստանի և «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով: Նշենք, որ Դավիթ Յանը նաև Թումո նախագծի աջակիցներից է:

ԿԳ նախարարը պատասխանել էր Դավիթ Յանի գրառմանը` մեկնաբանություն թողնելով նրա ՖԲ էջում. «Հարգելի David Yang, կարծում եմ, որ որոշներն օգտագործում են իրավիճակը և Ձեր նման նվիրյալներին ներքաշում շատ վատ խաղի մեջ։ Կոչ եմ անում չշտապել եզրակացություններում, ուշադիր նայել իմ հայտարարություններն ու հետևել իրավիճակի զարգացմանը։ Այն Ձեզ համար էլ հետաքրքիր կլինի։ Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան»,- գրել էր ԿԳ նախարարը, ով ի դեպ, այս օրերին գտնվում է Ֆրանսիայում` Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին մասնակցելու նպատակով»:

Քիչ ավելի ուշ ԿԳ նախարարը ընդհանրապես «զադնի դրեց» և մատ թափ տալու փոխարեն իր ֆբ էջում մեղմ տոնայնությամբ հայտարարեց, թե պատրաստ է հանդիպել «Այբ» դպրոցի շրջանավարտների, ինչպես նաև Արարատյան բակալավրիատի անձնակազմի հետ: Հատկանշական է, որ նախարարը իր գրառման մեջ օգտագործել էր «Այբ-ի սիրելի ժողովուրդ » արտահայտությունը, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ այդ նույն «Այբ» համայնքին նա քամահրանքով էլիտարներ էր անվանում: Հավանաբար Ֆրանսիայում գտնվող նախարարը հասկացել էր, կամ էլ նրան հասկացրել էին, որ չափն անցել է, և նախարարի կաբինետից  ֆեյսբուքյան հեղափոխական ստատուսներ գրելուց առաջ լավ մտածել, թե ինչ է նշանակում կորցնել 30 մլն դոլարի պատրաստի ներդրման հայտը: Եվ ընդհանրապես

անլուրջ է, երբ նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը, առանց ձեռքի տակ կոնկրետ փաստեր ունենալու, առանց սպասելու աուդիտի եզրակացությանը, շտապում է ՖԲ-ում հայտարարել, թե«Այբ»-ն ու նրա ղեկավարը կոռուպցիայով են զբաղվել: Երևի ժամանակն է, որ մեկնումեկը Նիկոլ Փաշինյանի նախարարներին բացատրի, որ նախարարի խոսքի արժեքը շատ ավելի բարձր ու կարևոր է, քան հատուկ լայքեր ստանալու մոլուցքով գրված հեղափոխական ստատուսը: Նախարարի խնդիրն այժմ գործ անելն է, կրթությունը զարգացնելն ու ուսուցչի աշխատավարձը բարձրացնելը, և ոչ թե մանկավարժների վրա մատ թափ տալը, նրանց ոստիկանությունով կամ ԱԱԾ-ով սպառնալն ու եղած ներդրողներին վանելը:

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: